
Թբիլիսյան պոեզիան կամ ապրումն այս քաղաքում
մաս 6
Զարմանալի է, երբ առաստաղի ճնշող խորամանկությունը սահմանափակված է քաղաքի առաստաղով. ճանապարհները, երբ անանցանելի են, ելքեր փնտրելու փոխարեն քչերն են հակված գարնան սպասելու:
Քաղաքն այս առումով խաբուսիկ է, ցուցադրական, սահմանազատված իրականությունից եւ լեցուն մեկ այլ` քաղաքային իրականությամբ:
Երեւի արդեն ժամանակն է խոստովանելու, որ մտքերս կրկնվում են. քաղաքն է կրկնվում ամեն տեղ` հեռավորության եւ չափերի մեջ:
Կեսգիշերային ռեստորանը, որտեղ մատուցողները սովոր են քնելուն մեկից-երկուսից հետո, դատարկ է. երաժշտությունն էլ է պակասում այդ կիսանկուղին, որի անվանումն անհնար է հիշել: Տիպիկ վրացական ժեստիկուլացիայով եւ սովորականից մի քիչ մեծ հետույքով մատուցողը փորձում է ակտիվորեն սպասարկել:
Ժամը չորսն է:
Հինգ րոպե անց աստիճանների վրա են հայտնվում երկար ոտքերով եւ լավ խնամված տիկինը (որի ոտքերի երկարությունը գուցե թե պայմանավորված է կրունկների չափսերից) եւ ուսերը ներս ընկած, բարձրորակ կոշիկներով տղամարդը:
Տղամարդն ավելի կարճահասակ է: Նրանք սրահի ազատ սեղաններն են զննում, ընտրում N5-ը: Իսկ մենք N4–ի մոտ ենք` բարձերին հենված:
Երեկոյի ամենահետաքրքիր պահն արդեն սկսված է. ձախ կողմումս ռեստորանի ոճն ապահովող Olympia գրամեքենան է, որի սեղմակներից մի քանիսն արդեն չեն աշխատում, աջ կողմում վրացուհին, որը տասը րոպեն մեկ թարմացնում է շրթներկը, իսկ նրա ձախ կողմում` ամերիկացի պարոնը, որը պատմում է իր վրացի կնոջ մասին: Երկուսն էլ հավատացած են, որ այս օրն արդեն ավարտվում է, բայց շարունակում են խմել օղին:
Կինը 42 տարեկան է: Տղամարդը տարիքից չի խոսում, ասում է, որ հոգնել է: Այդ ընթացքում մենք հետեւում էինք իրար, ես` ավելի հաճախ:
Հետաքրքիր դասավորվածություն է մինչ գրամեքենան, որ չի աշխատում, իսկ ռեստորանի արհեստական լուսավորությունը չի էլ հիշեցնում, որ Ռուսթավելին արդեն անաղմուկ է, որ մատուցողներից մի քանիսը քնած են կանգնակի մոտ, եւ ժամանակն է սպառվելու անկողնու մեջ` անօգնական եւ կամային շարժումներից զուրկ:
Քաղաքն իսկապես կարողանում է օրերի բաժանել մի քանի տարվա կյանքն ու ստիպել հաշվի նստել յուրաքանչյուր երեկոյի, կեսգիշերվա, արեւածագի հետ:
Այս անտանելի զգացողությունը, որ մենք ենք ժամանակի ընթացքում կառուցում. շրջանակն ու շրջապտույտը, որ ինձ եւ ամերիկացուն միակ միացնող բանը քաղցն էր եւ Ֆրենկ Սինատրայի «Srangers in the night»-ը, որ քթի տակ երգել սկսեցինք ու հետո գոռացինք...Որ վրացուհու թվացյալ հաճույքն ավարտվում է օղու բաժակի դատարկումով, որ ամերիկացին հագնում է ամենանրբաճաշակ կոշիկը, բայց տանել չի կարողանում կնոջը, ինձ դուրս հանեցին եւ այդ ռեստորանից, եւ այդ շրջանակից, եւ քաղաքից, որը հաստատում է շրջապտույտը:
Գլխապտույտն այդ տեւեց մինչ լուսաբաց, երբ մենք վազեցինք հին թիֆլիսաբնակ Թեմուրի հետ, ով ամեն առավոտ վեցին արթնանում է վազելու համար արդեն մի քանի տարի:
շարունակելի
Մեկնաբանել