HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հերթական հեռուստաուղերձն է հղել Ռուսաստանի քաղաքացիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ողջ ապրիլ ամիսը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակի տարածումն է։

Այդ մասին Պուտինը հայտարարել է քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ, որը հեռարձակել են դաշնային հեռուստաընկերությունները։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ նախատեսվում է ոչ աշխատանքային շրջանն ավարտել ապրիլի 30-ին։ Ընդ որում, աշխատակիցներին գործատուները պետք է շարունակեն վճարել։ Պուտինի խոսքերով՝ ներկայումս կարևոր է աշխատատեղերի և քաղաքացիների եկամուտների պահպանումը։ Նա հավելել է, որ համաճարակի պիկը հաղթահարված չէ, իսկ ոչ աշխատանքային օրերի առաջին շաբաթը ցույց է տվել, որ այդ միջոցները օգնում են պայքարել համաճարակի տարածման դեմ և տալիս են հնարավորություն կիրառելու համապատասխան գործողություններ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոսկվայում դեռևս չի հաջողվում հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը։

Պուտինի կարծիքով՝ ինքնամեկուսացման ժամանակ սահմանափակող միջոցառումները պետք է համակարգեն կոնկրետ շրջանի իշխանությունները՝ կախված համաճարակաբանական իրավիճակից։ Վերջին անգամ Պուտինը քաղաքացիներին հեռուստաուղերձով դիմել էր նախորդ երեքշաբթի։ Այդ ժամանակ նա հայտնել էր, որ մարտի 30-ից ապրիլի 5-ը երկրում կլինի ոչ աշխատանքային։ Բացի այդ, Պուտինը հայտարարել էր, որ կհետաձգվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Նա քաղաքացիներին խոստացել էր նաև սոցիալական աջակցության միջոցառումներ, ինչպես նաև առաջարկել ներդնել նոր հարկատեսակներ։ Հարկատեսակների թվում էին արտասահման գնացող դիվիդենտների վրա նախատեսվող 15 % հարկը, ինչպես նաև 1 միլիոն ռուբլուց բարձր բանկային ավանդներից ստացվող եկամտից գանձվող հարկը։

Պուտինի տեսաուղերձից հինգ օր անց, մարտի 29-ին, Մոսկվայում և Մոսկվայի մարզում հայտարարվել է համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ։ Աստիճանաբար նման ռեժիմ է հայտարարվել նաև երկրի մյուս շրջաններում։

Ներկայումս Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կազմում է 3 548 մարդ, ընդ որում վերջին օրվա ընթացքում գրանցվել է 771 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 30-ի, որոնցից վեցը միայն վերջին օրվա ընթացքում։

Լուսանկարում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Reuters» գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter