HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնում բացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին ժամանակավոր հոսպիտալը

Լոնդոնում բացվել է առաջին ժամանակավոր հոսպիտալը, որը նախատեսված է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման համար։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Հոսպիտալը գործում է Լոնդոնի արևելքում գտնվող ExCel ցուցադրությունների կենտրոնում։ Նայթինգեյլ հոսպիտալը, որտեղ կգործեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական բժիշկները, կարող է ընդունել մինչև 4 000 պացիենտի։ Նմանատիպ ժամանակավոր հոսպիտալներ առաջիկայում նախատեսվում է բացել Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում, ներառյալ Քարդիֆում, Գլազգոյում, Մանչեսթերում, Հարոգեյթում և Բրիսթոլում։

ExCel ցուցադրությունների կենտրոնի տարածքում ընդամենը 9 օրում կառուցված հոսպիտալը, դարձել է Նայթինգեյլ տիպի հոսպիտալների շարքի առաջին հոսպիտալը։ Հաջորդիվ հոսպիտալներ կբացվեն Բրիսթոլում գտնվող Արևմտյան Անգլիայի համալսարանի բազայում և Հարոգեյթի կոնֆերանս կենտրոնում։

Հոսպիտալը տեսազանգով պաշտոնապես բացել է Ուելսի արքայազն Չարլզը, որի մոտ անցած ամիս հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Արքայազնը բացումն արել է Շոտլանդիայի իր նստավայրից։

Արքայազն Չարլզը բարձր է գնահատել բրիտանացի բժիշկների ջանքերը և հոսպիտալն անվանել «հոյակապ և աննախադեպ գլուխգործոց»։ Ուելսի արքայազնը հավելել է, որ ներկայիս մութ ժամանակներում այս հոսպիտալը կդառնա լույսի ճառագայթ։

Ի սկզբանե Նայթինգեյլ հոսպիտալում կլինի 500 մահճակալ, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ևս 3 500-ը։ Հոսպիտալը կորոնավիրուսով հիվանդ պացիենտների կընդունի Լոնդոնի բոլոր բժշկական հաստատություններից։ Հոսպիտալում կաշխատեն Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները (NHS), բժշկական համալսարանների և ուսումնարանների ուսանողները, ինչպես նաև թոշակի անցած բժիշկները, բուժքույրերը և բուժանձնակազմի այլ անդամներ։

Բացման արարողությանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով և դուրս եկել ինքնամեկուսացումից, Անգլիայի գլխավոր բուժքույր Ռութ Մեյը և նոր հոսպիտալի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Չարլզ Նայթը։ Ռութ Մեյը նշել է, որ հոսպիտալի անվանումն ի պատիվ Առաջին համաշխարհային պատերազմի գթության քույր Ֆլորենս Նայթինգեյլի միանգամայն տեղին է, քանի որ վերջինս եղել է վարակների տարածման դեմ պայքարի նոր մեթոդների նախաձեռնող։ Մեթ Հենքոքն էլ նշել է, որ հոսպիտալի կառուցումը դարձել է «բազմաթիվ հիանալի մարդկանց աշխատանքի վկայություն, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել և ցույց տվել այն լավագույնը, որն առկա է NHS-ում»։

Վերջին տվյալներով Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 38 168, ապաքինվածների թիվը՝ 135-ի, մահացածների թիվը՝ 3 605-ի։

 

Լուսանկարում՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, «Associated Press» գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter