HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղավիացիայի կոմիտեն չի շտապում հերքել Հայաստանի՝ ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելու մասին լուրը. ինչի՞ է սպասում ՔԱԿ-ը

Արդեն մի քանի ժամ է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այդ թվում՝ ավիացիայի մասնագետների շրջանում, ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, թե Եվրամիությունը Հայաստանին ընդգրկել է ավիացիոն «սեւ ցուցակ» (EU Air Safety List):

Խոսքը ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի կողմից պարբերաբար թարմացվող ցուցակի մասին է, որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց օդանավերը կա՛մ իրավունք չունեն մուտք գործել ԵՄ օդային տարածք, կա՛մ դրանց հանդեպ գործում են որոշակի սահմանափակումներ: 

Ըստ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի՝ վերջին անգամ այս ցուցակը թարմացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին: Հենց անցյալ տարի էլ գրել էինք, որ Հայաստանը չնայած չի հայտնվել սահմանափակումների տակ, այդուհանդերձ, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հանդեպ սահմանվել է խիստ հսկողություն՝ պայմանավորված մեր երկրում թռիչքային ոլորտի անվտանգության ապահովման թուլացման նշաններով (Armenian Civil Aviation Committee has been put under heightened scrutiny because of signs of a decrease in safety oversight):

Ավելի պարզ խոսքերով՝ այդ ցուցակում մինչ այս պահը ընդգրկված չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ հայկական որեւէ ավիաընկերություն, որի թռիչքներն արգելված են ԵՄ երկնքում: 

ՔԱԿ թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանն անցյալ տարվա դեկտեմբերին «Հետքին» փոխանցել էր, որ խնդիրը կապված է «Տարոն-Ավիա» ավիաընկերության հետ: Այսպես՝ վերջինս ցանկացել էր ԵՄ օդային տարածքում իր օդանավերը շահագործելու իրավունք ստանալ, ինչի համար պետք է համապատասխաներ կոնկրետ չափորոշիչների: Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, այդ նպատակով 2019-ի հուլիսին ստուգումներ էր իրականացրել հայկական ավիաընկերությունում, որոնք բացասական արդյունք էին տվել ոչ միայն «Տարոն-Ավիայի», այլեւ ՔԱԿ-ի համար, որը, բնականաբար, պատասխանատու է իր իսկ կողմից լիցենզավորված ավիաընկերությունների վերահսկողության համար: 

EASA-ից հետո քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության եւ թռիչքային գործունեության վարչությունների կողմից «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում իրականացվել էին ստուգումներ, եւ հայտնաբերվել էին թռիչքային անվտանգության խախտումներ, ինչի պատճառով էլ ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել էր: ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի ավիաընկերությունը չի կարող առեւտրային գործունեություն ծավալել: Նշենք, սակայն, որ «Տարոն-Ավիային» ՔԱԿ-ը 6-ամսյա ժամկետ էր տվել՝ թերությունները վերացնելու համար: Այդուհանդերձ, ավիաընկերությունը որոշել էր պարզապես դադարեցնել գործունեությունը, ինչը հաշվի առնելով, ՔԱԿ-ը դադարեցրել էր ընկերության ՕՇՎ-ի գործողությունը: 

Բայց հասկանալի է, որ պատմությունը դրանով չէր ավարտվել, քանի որ EASA-ն հարցեր ուներ ՀՀ ՔԱԿ-ին: Կարեն Գյուրջյանի տեղեկացմամբ՝ «Տարոն-Ավիայում» EASA-ի եւ ՔԱԿ-ի ստուգումներից հետո կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրել էին Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի նիստին: Այս կոմիտեն նախագահում է Եվրահանձնաժողովը, որին աջակցում է EASA-ն: Բրյուսելյան հանդիպման մասին Կ. Գյուրջյանը «Հետքին» հայտնել էր. «Պարզաբանումների կարիք կար: ԵՄ-ն ուզում էր պարզաբանումներ ստանալ իրենց ձեռք բերած տվյալների վերաբերյալ: Ստուգումն իրականացրել էր EASA-ի տեսուչը, բայց իրենք ուզում էին նաեւ ՔԱԿ-ին լսել: Մենք ներկայացրինք մեր վիճակը, քաղաքականությունը, գործառույթները, եւ նրանք բավականաչափ փոխեցին իրենց տրամադրությունը. հասկացան, որ բավականաչափ աշխատանք կատարվում է մեր կոմիտեում, եւ կարգավիճակը, որով իրենք մեզ բնորոշել էին, այդքան էլ այդպես չէր: Հիմա հետագա քայլերն են կատարում: Երբ իրենք կուսումնասիրեն մեր կողմից տրամադրված փաստաթղթերը, դրանից հետո երեւի ժամկետներ կնշեն, թե երբ են ուզում մեզ այցելել, կամ եթե փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հարցեր չառաջանան, ուրեմն չեն էլ գա»:   

Սոցիալական տիրույթում շրջանառվող տեղեկությունների ֆոնին զանգահարեցինք կոմիտե, սակայն պատասխանող չեղավ: Գրեցինք ՔԱԿ-ի ֆեյսբուքյան էջին, որում, ի դեպ, մինչեւ այս պահը պաշտոնապես չի հերքվել «սեւ ցուցակում» հայտնվելու մասին ինֆորմացիան: 

Կոմիտեին խնդրեցինք հաստատել կամ հերքել այս լուրը, միաժամանակ նշել, թե ինչ փուլում է մեր երկրի՝ ԵՄ խիստ վերահսկողության տակ լինելու գործընթացը: Այն, ինչ պատասխանել է կոմիտեն, մեղմ ասած, զարմացնող եւ զայրացնող է. «Հարկ է նշել, որ որեւէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից։ Սույն հարցի շուրջ կոմիտեն պաշտոնապես կներկայացնի պարզաբանում»։ Նախ՝ մենք չէինք հարցրել որեւէ լիցենզիայից ՔԱԿ-ին զրկելու մասին, քանի որ նման բան գոյություն չունի, ու դա լավ ենք հասկանում:

Քիչ անց, սակայն, պարզեցինք, որ այս դիլետանտ պատասխանը պարզապես «քոփի-փեսթն» է այն խոսքերի, որ այս պահին Դանիայում գտնվող ՔԱԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը տվել է «Առաջին ալիքի» հարցին ի պատասխան:

Քանի որ մինչեւ այս հրապարակումը կոմիտեն այդպես էլ պաշտոնական պարզաբանում չի տվել, ենթադրում ենք, որ այդպիսին ասելով՝ կոմիտեում ընկալում են իրենց ղեկավարի հարցազրույցը մեկ այլ լրատվամիջոցի: Եթե այդպես է, ուրեմն սա լրատվամիջոցների հետ աշխատելու հերթական սիրողական դրսեւորումն է:   

Բանն այն է, որ «Հետքը», արդեն 7 տարի մշտական ուշադրության կենտրոնում պահելով ավիացիոն ոլորտը, պարբերաբար հարցումներ է ուղարկում ՀՀ քաղավիացիայի կոմիտե (նախկինում՝ քաղավիացիայի գլխավոր վարչություն), եւ թե՛ Արտյոմ Մովսեսյանի, թե՛ Սերգեյ Ավետիսյանի օրոք մենք միշտ էլ կապ ենք հաստատել մամուլի քարտուղարների հետ: 2018-ից կոմիտեն ղեկավարող Տաթեւիկ Ռեւազյանի օրոք մամուլի խոսնակ գոյություն չունի: Տիկին Ռեւազյանին խորհուրդ կտանք ամենայն պատասխանատվությամբ մոտենալ մամուլի հետ աշխատանքին ու իր գործն իմացող մասնագետ ընդունել աշխատանքի, որը լրագրողին չի պատասխանի իր վերադասի՝ մեկ այլ լրատվամիջոցի փոխանցած խոսքերի սղագրությամբ: 

Իսկ ընդհանրապես նման իրավիճակներում կոմիտեին խորհուրդ կտանք առավելագույնս արագ արձագանքել շրջանառվող տեղեկություններին՝ հերքելով, հաստատելով կամ մանրամասն պարզաբանումներ ներկայացնելով:  

Լրացում (19:05) - ՔԱԿ-ը ֆեյսբուքյան էջում հրապարակել է երկար սպասված պարզաբանումը

Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ որեւէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից:

2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (այսուհետ՝ գործակալություն) եւ Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մասնագետների կողմից իրականացվել է կոմիտեի եւ թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին կոմիտեն եւ գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ գործակալությունն ակնկալում է ստանալ կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, գործակալությանն ուղղված դիտարկումները կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ամիսներ առաջ, Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել գործակալության արձանագրած դիտարկումները եւ կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաեւ կոմիտեն: Միաժամանակ, նախկինում արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն, որոնք պահանջում են բավական ժամանակ եւ ռեսուրսներ կառույցը արդիականացնելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ արվում են եւ արվելու են լուրջ եւ կտրուկ քայլեր:

Իսկ ինչ վերաբերում է այն երկու ավիաընկերություններին, որոնք ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, ապա կարեւոր է նշել, որ նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից եւ կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Ավելին, այս որոշումը միայն վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի եվրոպական ուղղություններ, եւ այս որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter