
Ազգային փոքրամասնությունները կկարողանան տարեկան 4 օր արձակուրդ ստանալ` ազգային տոները նշելու համար. նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկին, որով հնարավորություն է տրվելու ազգային փոքրամասնություններին տարվա մեջ չորս օր չվճարվող արձակուրդ տրամադրել ազգային տոները նշելու համար:
Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է:
Նրա խոսքով` նախագծով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն տալ տարվա մեջ չորս անգամ մասնակցելու իրենց կրոնական, ազգային և մշակութային, պատմական օրերին: Ըստ նրա` Հայաստանի անկախության հռչակումից հետո գնալով նվազել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների թիվը, այժմ Հայաստանում 11 ազգային փոքրամասնություն է ապրում:
«Սրանով հնարավորություն է տրվում, որ ազգային փոքրամասնություններն ավելի մոտ գտնվեն իրենց ազգային ինքնությանը, կարողանան մասնակցել կրոնական ծիսակատարություններին, ազգային միջոցառումներին»,- ասաց նա:
Բաքոյանի խոսքով` այդ օրերը հնարավոր չէ ամրագրել նախագծում, քանի որ տարբեր ազգային փոքրամասնություններ տարբեր ազգային ծիսակատարություններ ունեն, որոնց ցանկանում են մասնակցել, օրինակ` եզդիների Նոր տարին նշվում է ապրիլի 15-ին, ասորիներինը` ապրիլի մեկին:
Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակին` նշելով, որ այս փոփոխությունը բխում է Սահմանադրության մի քանի սկզբունքներից` իրավահավասարության, օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության բացառման: Պատգամավորը նաև հավելեց, որ Կառավարությունն էլ առաջարկել է նման հնարավորություն ընձեռել ոչ միայն ազգային փոքրամասնություններին, այլ նաև մարդկանց, ովքեր այլ դավանանք ունեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը մանրամասնեց, որ չորս աշխատանքային օրերը լինում են ամբողջ տարվա կտրվածքով, ոչ թե իրար հետևից: Նաև նշեց, որ գործատուի և աշխատակցի միջև տարաձայնություններ չլինելու համար առաջարկվում է, որ աշխատակիցը ներկայացնի գրավոր տեղեկանք և հիմնավորի, թե ինչու է անհրաժեշտ այդ օրը աշխատանքից բացակայելը:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը:
Մեկնաբանել