HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդը դարձավ «Հետքի» արտահաստիքային թղթակիցը

70-ամյա կինը, արտակարգ դրությամբ պայմանավորված, կարանտինի օրերին ակամայից դարձել է «Հետք»-ի արտահաստիքային թղթակիցը՝ ներկայացնելով «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում տիրող իրավիճակը:

«Գիտեմ, Ձեզ թույլ չեն տալիս գալ, տեսնել, նկարներ ուղարկեմ, տեսեք, թե ինչ վիճակ է»,- ասում է կինը, ում անունը չենք հրապարակում վերջինիս ցանկությամբ:

Րոպեներ անց ուղարկեց առաջին լուսանկարները. լղոզված, ուղղահայաց դիրք, ոչ ամբողջական պատկերներ:

«Նկարելուց հեռախոսը պահեք հորիզոնական, մի շարժեք»,- խորհուրդ եմ տալիս կնոջը, ինչին ծիծաղելով պատասխանում է.

«Տղայիցս փոքր ես, եկել, ինձ դաս ես տալիս: Ես որտեղ, նկարելը որտեղ: Հլը սպասի էլի փորձեմ»:

10 րոպե անց դարձյալ նկարներ ուղարկեց: Այս անգամ համեմատաբար ավելի լավ որակի էին դրանք, սակայն, հրապարակելու համար այդքան էլ հաջող չէին:

«Զուգարանի անցքն այդքան խոշոր պլանով մի նկարեք, մի քիչ հեռվից փորձեք: Պատկերը դուրեկան չէ»,- ասում եմ տատիկին: Ինչին հաջորդում է հերթական հումորային պատասխանը.

«Դու նկարով ես նայում, քեզ դուրեկան չի, քեզ թվում ա ինձ դուրեկա՞ն ա, որ ես մտնում եմ այդտեղ: Հլա արի, դու նկարի, տեսնեմ՝ ոնց ես նկարելու: Սկի չեմ կարողանում նորմալ դռնից ներս մտնել, այնքան փոքր ա, դու դուրեկան լինելուց ես խոսում»,- ասում է նա:

Օրվա ընթացքում պարբերաբար կապ եմ պահել կնոջ հետ, խոսել ենք հեռախոսով: «Նկարահանման» գործընթացից քիչ անց նրա ջերմությունը բարձրացավ և այլևս չկարողացավ նոր նկարներ ուղարկել: Սակայն, պատմեց, թե ինչ է կատարվում ինֆեկցիոն բաժանմունքում:

«Ինձ որ բերեցին այստեղ, արդեն միջանցքից պարզ էր, թե ուր եմ եկել: Ավերակ վիճակ էր: Պալատը ոչինչ, հին ռեմոնտ ա, հին մահճակալներ, հնարավոր էր այնտեղ մնալ, բայց երբ գնացի տուալետ… Օյ, սարսափելի էր, իրոք սարսափելի էր: Նկարն ուղարկել եմ, տեսել ես, էլի: Հլը մի բան էլ դու ես դժգոհում, թե պատկերը լավը չի»,-ասում է կինը:

Հիվանդասենյակներում առանձին զուգարաններ չկան՝ ընդհանուր է, գտնվում է միջանցքի վերջում: «Որ դուռը տեսնես, քեզ թվալու ա, որ եթե կպնես, ընկնելու ա վրեդ: Դե այդ դուռը պարզ է, որ փակել չի լինում: Մի ձեռքով դուռն ենք պահում, նոր պպզում, որ գոնե որոշ չափով ծածկվի: Իսկ այդ անցքին, որ նայում ես, սիրտդ արդեն խառնում ա»,- ասում է կինը:

Նա պատմեց, որ առաջին անգամ, երբ զուգարան է գնացել, տեսնելով վիճակը, հետ է եկել հիվանդասենյակ և մեկ օրից ավելի զուգարան չի գնացել: Սակայն, տեղեկանալով, որ մի քանի օր մնալու է բաժանմունքում, ստիպված գնացել է:

Նա ասաց, որ հիվանդասենյակում չկա լվացվելու հարմարանք: Իսկ բաժանմունքում եղած լվացարանները դարձյալ անմխիթար վիճակում են:

«Սենյակում ջուր եմ տաքացրել, տարել, լվացվել եմ: Ուղղակի հնարավոր չէ այնտեղ լվացվելը: Ծորակի տակ մի դույլ են դրել, ամեն անգամ պիտի հպվես այդ իրերին: Բայց սա ինֆեկցիոն բաժանմունք է, պիտի ամեն ինչ պատշաճ լինի, ոչ թե գաս այստեղ, մի բան էլ հիվանդություն ստանաս ու հետ գնաս»,- ասում է կինը:

Բաժանմունքը հիվանդների համար խոհանոց էլ չունի: Սնվում են հիվանդասենյակներում: Մեր արտահաստիքային թղթակիցը պատմեց, որ խոհանոցի տարածք հիշեցնող սենյակում ընդամենը մի քանի հնամաշ իրեր են դրված։ Հատակի «լինոլյումը» քայքայվել է, իսկ ներսից խոնավության հոտ է գալիս:

Նա խորհուրդ տվեց պատկան մարմիններին ուշադրություն դարձնել մարզային հիվանդանոցներին: Նրա ասելով՝ այս արտակարգ դրությունն իրական հնարավորություն է խնդիրները վեր հանելու եւ լուծումներ գտնելու համար:

«Էնքան խոսեցի, հիմա կասեն՝ էս գործ տվող կնիկն ով ա: Բայց ձեր գործն էլ գործ չի, ասեմ իմանաք»,- կատակեց կինը:

Տեղեկացանք, որ տիկնոջը տեղափոխել են այլ հիվանդանոց, որտեղ պայմաններից համեմատաբար գոհ է:

Խմբագրության կողմից ավելացնենք, որ այս օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջում է հիվանդանոցներով՝ տեղում ծանոթանալով իրավիճակին: Ինչպես նշում է 70-ամյա կինը, սա լավ առիթ է մարզային հիվանդանոցների վիճակը դիտարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter