HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

««Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ». Փաշինյանը գոհ է խորհրդարանական մեծամասնության աշխատանքից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում  պատասխանում է քաղաքացիների՝ ամենից շատ հավանում ստացած հարցերին: Քաղաքացի Էդգար Հարությունյանի հարցը, որը վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, ստացել է 3500-ից ավելի հավանում։ Վերջինիս կարծիքով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասն «անկապ դեմքեր» են։ «Արդյոք կարիք չկա՞ նրանց մեծ մասին տուն ուղարկելու»,- հարցրել է քաղաքացին: Երբ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ընթերցեց այս հարցը, Փաշինյանն ասաց, որ այս հարցը կարդալիս հիշել է իր պատգամավորական աշխատանքի տարիները, երբ շատերն իրեն էին քննադատում` ասելով, թե ինչ ես անում, միայն խոսում ես:

«Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ խորհրդարան երևույթն ի հայտ է եկել պառլամենտ բառից, որն, ըստ էության, նշանակում է խոսելու տեղ: Սա շատ կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով,  խորհրդարանը հենց այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, բանավեճ լինի: Այս առումով խոսելը խորհրդարանում իրականացվող հիմնական գործն է, ես էլ, նախարարներն էլ, երբ գնում ենք խորհրդարան, խոսում ենք: Շատ կարևոր է, որ խոսքի արժեքը չթերագնահատենք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության հասեցին հնչող քննադատությանը՝ Փաշինյանն ասաց. «Առիթ ունեցել եմ ասելու, որ էսօրվա խորհրդարանի ընդհանուր առմամբ և մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ դրա պաշտոնական հիմնավորումն էր, որ Ադրբեջանն ունի ավելի երիտասարդ և ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհրդարան ձևավորելու կարիք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի տեսանկյունից աշխարհում վերջին մեկուկես տարվա ընթացքում փոխվել էր այն, որ Հայաստանում նոր խորհրդարան էր ձևավորվել` հիմնականում երիտասարդներից կազմված, որոնք միջազգային հարթակներում շատ լուրջ դիրքերից կարող են ներկայացնել Հայաստանը:

«Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ, և դրա մասին է խոսում վիճակագրությունը։ ԱԺ մոնիտորինգ ծրագրի համաձայն` ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի ընդունած օրենքների 30 տոկոսը հեղինակել է խորհրդարանը: Սա ԱԺ մոնիտորինգի շուրջ տասնամյա դիտարկումների ընթացքում գրանցած ամենաբարձ ցուցանիշն է: Պատգամավորների օրենսդրական գործունեությունը երբեք ավելի բարձր, արդյունավետ չի եղել: Ես` որպես երկու գումարումների պատգամավոր և դրանից առաջ որպես լրագրող, որը լուսաբանել է խորհրդարանի աշխատանքը, համարձակություն կունենամ ասելու, որ այս խորհրդարանը, որը ձևավորվել է ազատ, արդար ընտրություններով, իր որակով գերացանզում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին: Եվ, բնականաբար, խորհրդարանական մեծամասնությունն առաջին հերթին, որովհետև առաջին հերթին մեծամասնությունն է ձևավորում խորհրդարանի իմիջը»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, վարչապետը մի դիտարկում կատարեց խորհրդարանական մեծամասնության աշխատանքի վերաբերյալ. խմբակցության ամենակարևոր խնդիրն է կայանալ որպես ամբողջական, գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ: Փաշինյանի խոսքով` այս առումով կա լուրջ անելիք: Փաշինյանը նաև ընդգծեց` խորհրդարանական խմբակցությունն իրեն հպարտանալու շատ առիթներ է տվել, որոնցից մեկն էլ Սահմանադրական հանրաքվեի նշանակման հարցի քննարկումն էր։ Ըստ Փաշինյանի` այդ օրը  բարձր մակարդակի քննարկում է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter