HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աբովյանի միջադեպի գործով Մելիք Մանուկյանի եղբորորդին ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց, իսկ «Բարեց Վահրամ» անունով հայտնի Վահրամ Գրիգորյանը՝ 5 մլն դրամի

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի, այսօր որոշել է գրավի դիմաց ազատ արձակել շուրջ մեկ տարի առաջ Աբովյանի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ամբաստանյալներ Մովսես Մանուկյանին և Վահրամ Գրիգորյանին։

Մովսես Մանուկյանը, հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդին է, իսկ Վահրամ Գրիգորյանն Աբովյանում առավել հայտնի է «Բարեց Վահրամ» անունով։

Գրիգորյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը «Հետքի»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց։ Մովսես Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ հայտնեց, որ Մանուկյանն ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավով։

Նշենք, որ երկու կողմի պաշտպաններն էլ գրավի միջնորդությունը ներկայացնելիս հղում են կատարել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։ Զեկույցում նշվում է, որ իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն կալանավորման այլընտրանքային միջոցները, պատիժների կրճատումը, վաղաժամկետ ազատման և փորձաշրջանի սահմանման հնարավորությունները, և դատարանն, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առել նաև վերը նշված զեկույցում անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցի հետ կապված դիրքորոշումը։

Միջադեպի գործով 22 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 7-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Վահրամ Գրիգորյանն ու Մովսես Մանուկյանն, ըստ քրեական գործի, գտնվել են միջադեպի տարբեր կողմերում։ Պաշտպանները մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեցին քրեական գործից։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 28-ի ուշ երեկոյան Աբովյան քաղաքի վուլկանիզացման կետերից մեկում ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի մեքենայի անվադողը փչելու շուրջ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում։ Այնտեղ սկսված փոխհրաձգության հետևանքով երկու անձ մահացել է, մի քանիսը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Մեկ տարուց ավելի տևած նախաքննության ընթացքում այս քրեական գործով մեղադրյալների թիվը հասել է 22-ի, որոնցից 7-ի վերաբերյալ մաս է անջատվել, ու գործը վերջերս ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Մեզ հետ զրույցում Վահրամ Գրիգորյանի պաշտպան Դավիթ Մնացականյանն ասաց, որ վերը նշված 7 անձանցից մեկն իր պաշտպանյալ Գրիգորյանն է, մյուս ամբաստանյալները Մովսես Մանուկյանը, վերջինիս եղբայր Հայկ Մանուկյանը, Էմիլ Հարությունյանը, Ռոմեն Հարությունյանը, Արթուր Վարդանյանը և Կարեն Թումանյանն են։ Այս անձանցից 4-ը՝ Ռոմեն, Էմիլ Հարությունյանները, Մովսես Մանուկյանն ու Արթուր Վարդանյանը, մեղադրվում են սպանության փորձի, ապօրինի զենք կրելու և զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։

Նշենք, որ միջադեպի գործով մեղադրյալներից Արթուր Հովհաննիսյանն, ում վերաբերյալ գործը դեռևս դատարան չի ուղարկվել, ցուցմունք է տվել այն մասին, որ 2019 թվականի հունվարի 28-ի ուշ երեկոյան մի քանի անձինք եկել են ավտոտեխսպասարկման կետ՝ մեքենայի անիվը փչելու, և ի սկզբանե ագրեսիվ տրամադրվածություն են ունեցել, անընդհատ ազդանշան արձակել: Աշխատակիցներից մեկը դուրս է եկել ու հայտնել, որ վուլկանիզացման կետը արդեն փակ է, սարքավորումները նորից միացնելու համար շուրջ 40 րոպե է պետք, որից հետո սկսվել է վիճաբանություն, քաշքշուկ: Ինչպես պատմել է Արթուր Հովհաննիսյանը, այն բանից հետո, երբ մեքենայում գտնվող անձինք սկսել են հարվածներ հասցնել վուլկանիզացման կետի աշխատակցին, իրենց մյուս աշխատակիցները գնացել են միջադեպը հանդարտեցնելու: Նշենք, որ աշխատակիցը, ում հետ վիճաբանություն է սկսվել, Վարդան Գրիգորյանն է՝ վուլկանիզացման կետի տնօրեն, այսօր գրավի դիմաց ազատ արձակված «Բարեց Վահրամ» անունով հայտնի Վահրամ Գրիգորյանի եղբայրը: Վարդան Գրիգորյանի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է։

Արթուր Հովհաննիսյանը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ վուլկանիզացման կետը փակել ու գնալուց հետո Գրիգորյան եղբայրներից մեկի հեռախոսը, որը միացված է վուլկանիզացման կետի անվտանգության համակարգին, ազդանշան է արձակել, և երբ նրանք վերադարձել են այնտեղ, տեսել են, որ վուլկանիզացման կետի դուռը կոտրված է: Նշենք, որ դեպքի վայրից առգրավվել են տեսախցիկներ: Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Արմինե Ֆանյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել է, որ տեսախցիկները ֆիքսել են, որ ինչ-որ անձինք նույն մեքենայով եկել են, վուլկանիզացման կետի դուռը ջարդել, գնացել:

Արթուր Հովհաննիսյանը ներկա է եղել նաև «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին, այս կապակցությամբ Հովհաննիսյանը հայտնել է, որ իմացել է, թե գնում են «Պարտեզ»՝ խոսելու, հաշտվելու իրենց հետ վիճաբանած անձանց հետ, բայց այնտեղ ծավալվող խոսակցությունների բնույթից պարզ է դարձել, որ հաշտության մասին խոսք չկա, առկա է ագրեսիվ տրամադրվածություն:

Արդեն պարտեզի տարածքում, ըստ քրեական գործի, փոխհրաձգություն է սկսվել։

Պաշտպան Դավիթ Մնացականյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալ Վահրամ Գրիգորյանը մեղադրվում է միայն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, մեղադրանքը չի ընդունում։

«Ինքն ասում է, որ որևէ խուլիգանություն չի կատարել, և նման նպատակ էլ չի ունեցել, հակառակը, իր ցանկությունը եղել է արդեն իսկ ստեղծված վեճը հարթելը»,- ասաց Դավիթ Մնացականյանը՝ վստահեցնելով, որ իր պաշտպանյալը հենց այս նպատակով է հայտնվել «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում, որտեղ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, հիշեցնենք, Վահրամ Գրիգորյանը ևս մարմնական մի շարք վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գլխի շրջանում։

Պաշտպանը նշեց, որ քրեական գործը 28 հատոր է, դրանում առկա նյութերում ոչ թե հիմնավորվում է, որ Վահրամ Գրիգորյանը խուլիգանություն է կատարել, այլ, որ նա այլ անձանց գործողությունների արդյունքում տուժել է։

Նշենք, որ վիճաբանության մյուս կողմում գտնվողները՝ Մանուկյաններն ու նրանց կողմնակիցներն ասում են, թե միջադեպի օրը «Պարտեզ» ռեստորանային համալիրում ինչ-որ հավաքույթի են մասնակցելիս եղել, այս մյուս կողմն է, որ որոշել է գնալ այնտեղ՝ հաշիվ պարզելու։

Մեզ հետ զրույցում Մովսես Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ Մովսես Մանուկյանի մեղադրանքն անհիմն է։

«Մեղադրանքը հիմնավորող փաստական տվյալներ չկան, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք։ Եթե զենք չկա, մարդն ինչո՞վ պիտի սպանության փորձ կատարեր»,- ասաց Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ գործում չկա որևէ զենք, որը կարող է վերագրվել Մովսես Մանուկյանին։

Պաշտպանը նշեց, որ «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում հնչած կրակոցների հետևանքով մահացածներից մեկը Մովսես Մանուկյանի բարեկամն է, ինքը՝ Մովսես Մանուկյանը ևս ստացել է հրազենային վնասվածք, նրա եղբայրը՝ Հայկ Մանուկյանը, ստացել է կոտորակային հրազենային վնասվածք, նրա այլ մտերիմներ ևս վնասվածքներ են ստացել։

«Նման իրավիճակում Մովսես Մանուկյանն ո՞ւմ նկատմամբ էր սպանության փորձ իրականացնում»,- հարց բարձրացրեց Հովսեփ Սարգսյանը։ Մեր հարցին՝ ըստ քրեական գործի՝ Մանուկյանն ո՞ւմ նկատմամբ է սպանության փորձ կատարել, Սարգսյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը քննիչն էլ չգիտի, խոսքն անորոշ մարդկանց մասին է։

«Իբրև անկանոն կրակոցներ է արձակել, իսկ սպանության փորձն անորոշ չի լինում։ Այնտեղ այնքան մարդիկ են եղել, ու այնքան արագ են իրադարձություններն ընթացել, ավելին, ըստ քրեական գործի՝ Մովսես Մանուկյանն առաջինն է հրազենային վնասվածք ստացել, որին հետևել է փոխհրաձգությունը»,- ասաց Հովսեփ Սարգսյանը՝ դիրքորոշում հայտնելով, որ, նկատի ունենալով հանգամանքը, որ վուլկանիզացման կետում վիճաբանությունը սկսվել է Մովսեսից՝ փորձում են ամեն ինչ նրա վրա բարդել։

«Թող վուլկանիզացման կետում տեղի ունեցած գործողությունների համար նրան մեղադրեն, ոչ թե նրա համար, ինչը չի արել»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։ Վերջինս ներկայացնում է նաև Մովսես Մանուկյանի եղբոր՝ Հայկ Մանուկյանի շահերն, ով մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Ըստ Հովսեփ Սարգսյանի՝ Հայկ Սարգսյանը միջադեպի ժամանակ զենք չի ունեցել իր մոտ։

Մեր դիտարկմանը, որ հակամարտության երկու կողմում կանգնած անձինք, փաստորեն, պնդում են, թե իրենք զենք չեն ունեցել, այդ դեպքում ինչպե՞ս է միջադեպի հետևանքով այդքան մարդ հրազենային վնասվածք ստացել, ինչպե՞ս են անձինք մահացել, Հովսեփ Սարգսյանը պատասխանեց, որ դա քննությունը պետք է պարզեր, իր պաշտպանյալները չունեն դա պարզելու պարտականություն։

Ինչպես արդեն նշեցին, միջադեպի գործով երկու անձ է մահացել, մեր հարցին ի պատասխան Վահրամ Գրիգորյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը նշեց, որ սպանությունները մինչև այժմ մնում են չբացահայտված։ Հովսեփ Սարգսյանն էլ նշեց, որ ցանկության դեպքում դրանք կբացահայտեին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter