HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մինչև ապրիլի 15-ը Նորքի ինֆեկցիոնի մոդուլի աշխատանքներում ներգրավված բոլոր անձինք կստանան իրենց աշխատավարձերը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Թերեզա Կարապետյանը, որը նաև ընկերության սեփականատերերից մեկն է, վստահեցնում է, որ մոդուլի աշխատանքներում ներգրավված անձանց 90 տոկոսն արդեն իսկ վարձատրվել է, իսկ մնացած 10 տոկոսը, որոնք «Արտկոն» ընկերության պայմանագրային աշխատողներն են, մինչև ամսի 15-ը կստանան իրենց աշխատավարձերը:

Հիշեցնենք, որ այսօր ընկերության աշխատակից Հովհաննես Խաչատրյանն ահազանգել էր, թե «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային մասնաշենքի կառուցման աշխատանքներին մասնակցած 25 աշխատակիցներին «Արտկոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Դավիթ Ղազարյանը հրաժարվում է աշխատավարձերը վճարելուց՝ ասելով՝ գնացեք, ում ուզում եք, դիմեք: Ըստ Հովհաննես Խաչատրյանի՝ գործադիր տնօրենը անհարգալից է եղել ընկերության աշխատակիցների նկատմամբ: Դավիթ Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ մինչև ամսի 15-ը աշխատավարձերը ստանալու են, չնայած որ Հովհաննես Խաչատրյանի պնդմամբ՝ իրեն այդպիսի բան չեն ասել:

«Արտկոն» ՓԲԸ-ի սեփականատերերից Թերեզա Կարապետյանն ասում է, որ ընկերության բոլոր պայմանագրային աշխատողները, այդ թվում՝ Հովհաննես Խաչատրյանը, մինչև ամսվա 15-ն իրենց բանկային քարտերին ստանում են յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը:

«Եթե մինչև ամսի 15-ը պարոն Հովհաննեսը չստանար իր աշխատավարձը և ընկներ ծանր ֆինանսական իրավիճակի մեջ, և սկսեր բարձրաձայնել դրա մասին, ես կհասկանայի, որովհետև երկրում արտակարգ իրավիճակ է, և մարդկանց մոտ ֆինանսական մեծ պրոբլեմներ են ի հայտ գալիս: Սակայն քանի դեռ աշխատավարձի օրը չի եկել, իր գործատուի մասին էդպես խոսելը, զրպարտելը համարում եմ ոչ կոռեկտ»,- «Հետք»-ի հետ զրույցում նշել է Թերեզա Կարապետյանը:

Գործադիր տնօրեն Դավիթ Ղազարյանի և ընկերության աշխատակիցների միջև փոխհարաբերությունների մասին հարցի վերաբերյալ Թերեզա Կարապետյանն ասաց, որ վերջին օրերին բոլորը շատ լարված պայմաններում են աշխատել, եղել են դյուրագրգիռ, հնարավոր է, որ Դավիթ Ղազարյանը նույնպես այդպիսի վիճակում է եղել, և երբ նրանից ոչ ժամանակին աշխատավարձ են ուզել, շատ հնարավոր է, որ ասած լինի՝ ինչ գումար, ես քեզ հիմա գումար տվող չեմ:

Թերեզա Կարապետյանը նշեց, որ ուրբաթ օրը իրենք ավարտել են նախագիծը, և այդ օրվանից սկսած իրենք զբաղված են աշխատանքային գծագրերով և նախահաշվարկով.

«Դա անելու ընթացքում մենք նախահաշվարկը կներկայացնենք մեր պատվիրատուին և կստանանք գուցե դրական, գուցե բացասական արձագանք»,- ասաց Թերեզա Կարապետյանը:

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը, աշխատանքներն ավարտվել են, և ներկայում ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ։

Լուսանկարը՝ «Արտկոն» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter