
Ի՞նչ է սպասվում 10 մլն ծառ տնկելու ծրագրին
10 մլն ծառ տնկելու ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթացքում են, սակայն երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված դրանք դանդաղել են։
Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:
«10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»: Այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ մեկ ամիս առաջ, երբ այցելել էր Լոռու մարզ:
Կորոնավիրուսի՝ Հայաստանում հայտնվելու և դրա հետագա տարածման ու արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք 10 մլն ծառ տնկելու ծրագիրը որևէ ազդեցություն կրել է մինչ օրս:
«Շրջակա միջավայրի նախարարությունը հետևում է աշխարհում տիրող իրավիճակին, և ծրագրի իրականացման վերջնական որոշումը կկայացվի` ելնելով առկա հնարավորություններից։ Ծրագրի համար կենսական նշանակություն ունի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, քանի որ տնկիների զգալի մասը նախատեսվում է ներմուծել»,- հայտնել է Վահե Ջիլավյանը։
Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ծառատունկի համար նախատեսված ֆինանսական միջոցների բաշխման ինչ փոփոխություններ են կատարվել կամ նախատեսվում կատարել ստեղծված իրավիճակում, և արդյոք ծառատունկի համար նախատեսված գումարներն այլ նպատակի համար չեն օգտագործվելու:
«Ծրագրի համար պետական բյուջեով գումար նախատեսված չէ, այն իրականացվելու է կամավորական նախաձեռնությունների միջոցով»,- հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարեց 10 մլն ծառ տնկելու, իր որակմամբ, ամբիցիոզ ծրագրի մասին: 10 մլն ծառը, համաձայն վարչապետ Փաշինյանի, «կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»:
Մեկնաբանել