HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Միայն մեկ բանկում ընդհանուր 10 միլիարդ դրամի գյուղվարկի հայտ է ներկայացվել

Մոտ երկու շաբաթ է անցել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու կառավարության երկրորդ միջոցառման մեկնարկից, որը գյուղատնտեսությանն է վերաբերում։

Գյուղատնտեսական վարկեր տրամադրող հայաստանյան բանկերից ամենախոշորը՝ «Ագբա-կրեդիտ ագրիկոլ բանկը»-ը, 3 հազարը գերազանցող դիմումներ է ստացել։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով էլ՝ փոխհատուցման ծրագրերով մարտի 26-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում խելացի անասնաշենքի ծրագրով դիմել է 5 քաղաքացի, իսկ ջերմատան ծրագրով՝ 4 քաղաքացի։ Նախարարությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ ստացված վարկային և լիզինգային ծրագրերի հայտերի վարկունակությունը գնահատված չեն։ Նշված թվերը վերաբերում են կոնկրետ ծրագրերի, որոնք նախ պետք է գնահատվեն նախարարությունում, ապա նոր դիմեն բանկ։ Իսկ բանկերում գյուղվարկերի համար մեծ թվով դիմումներ են ներկայացվել։

«Ագբա-կրեդիտ ագրիկոլ բանկի» հանրային կապերի պատասխանատու Նարեկ Ասատրայնը «Հետք»-ին փոխանցեց հետևյալը․

«Այս պահին ունենք 3502 դիմում։ Ընդհանուր ծավալը 10 միլիարդ 372 միլիոն։ Մի քանի հարյուր միլիոն դրամն արդեն հաստատած է։ Դիմումները ստացվում են, արագ ուսումնասիրվում են։ Հիմա նաև հնարավորություն ենք ստեղծել առցանց դիմումների ընդունման, և մեր կանխատեսմամբ՝ ծավալը թռիչքաձև աճելու է»։

Անդրադառնալով գյուղացիների վարկունակության հարցին և այն դիտարկմանը, որ ով վատ վարկային պատմություն ունի, նա վարկի հույս չպետք է ունենա, Նարեկ Ասատրյանն արձագանքեց․

«Պետական ծրագրով ասվում է, որ այս վարկերից կարող են օգտվել բարվոք վարկային պատմություն ունեցող հաճախորդները։ Մենք անցյալ տարվա կտրվածքով եթե նայենք, որևէ խստացում չենք արել, բայց միշտ վարկային ռիսկերը զսպում ենք։ Չի կարող ամեն հաջորդ դիմում բավարարվել, պետք է նայվի, անհատական մոտեցումով է։ Ինչ-որ խստացում չկա, այդ մարդկանց մենք տարիներ շարունակ ճանաչում ենք»։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ բանկերի մասնաճյուղերի չաշխատելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, բանկի ներկայացուցիչն ասաց, որ խնդիր ունեցել են միայն էջմիածին քաղաքում, որը կարգավորված է։ Բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատում են, պարզապես հերթեր կան, որը պայմանավորված է սոցիալական հեռավորության պահպանմամբ։

Գյուղատնտեսական 0 %-ով վարկերը կոնկրետ ծրագրերի են վերաբերում։ Կառավարության մարտի 26-ի որոշման հավելվածում դրանք շարադրված են։ Թվենք այդ ծրագրերից մի քանիսը, որպեսզի նաև պարզ դառնա, որ այդ ծրագրերը որոշակի են։

Դրանք են՝ 

  • ոռոգման արդիական համակարգի ներդրման համար,
  • խաղողի, հատապտուղների, ինտենիսիվ այգիների հիմնման համար,
  • կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար,
  • տոհմային տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության համար,
  • գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ և արգրոպարենային սարքավորումների համար։

Մի ցանկ էլ կա գյուղատնտեսական կոոպերատիվների համար։ Նշենք, որ այս ծրագրերը նախորդ տարիներին էլ են գործել, բայց մինչև 5 % տոկոսադրույքով։ 2018-2019 թվականներին գյուղատնտեսական վարկերի թիվն աճել է։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter