HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առճակատում «Յուքոմ»-ում. ավելի քան 500 աշխատակից կարող է գործազուրկ դառնալ, իսկ Խաչատրյանների բաժնեմասի վրա կալանք է դրվել

«Յուքոմ»-ի ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որովհետև բաժնետերերի միջև առաջացած տարաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տեխնիկական անձնակազմը` տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ:

Այս մասին մեզ ասաց աշխատանքից ազատման դիմում գրողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, որովհետև ինքը միակը չէ, և աշխատանքից ազատվողների թիվը գնալով մեծանում է, քանի որ աշխատակիցները վրդովված են տնօրինության` ղեկավար կազմի փոփոխության լուրերից և պատրաստ են նույնպես դիմումներ գրել:

Թե ինչ առճակատում է, դեռևս չեն հայտնում, սակայն մամուլում շրջանառվում է «Վեոն Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի` «Յուքոմ»-ի ղեկավարությունը ստանձնելու լուրը:

Պետական ռեգիստրի տվյալներում երևում է, որ Խաչատրյանների բաժնեմասերի վրա կալանք է դրվել 2020 թվականի մարտի 27-ին: Մասնավորապես, արգելանք է դրվել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների բաժնեմասերի վրա:

Արդյոք այս փաստը կապ ունի ստեղծված իրավիճակի հետ, թե ոչ, պարզել չհաջողվեց:

«Յուքոմ»-ի մարքեթինգի բաժնից հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն կարող տալ, գուցե քիչ ուշ ղեկավարությունն արդեն ասելիք ունենա:

Հիշեցնենք, որ մինչ «Յուքոմ»-«Վեոն Արմենիա» գործարքի բանակցություններն էին ընթանում, վերաձևակերպումներ և բաժնետերերի փոփոխություններ էին տեղի ունեցել «Յուքոմ»-ում։

Նախ՝ «Յուքոմ» ՍՊԸ-ն, որը «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության և ապրանքանիշի սեփականատերն էր, այլևս չի գործում։

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` հունվարի 15-ին ՍՊԸ-ն գործունեությունը դադարեցրել է։ Նույն օրը «Յուքոմ»-ը վերագրանցվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ նույն 24 մլն դրամին հասնող կանոնադրական կապիտալով։ Տնօրենը նույնն է մնացել՝ Հայկ Եսայանը։

Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումից երևում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատներն ընկերության ամենամեծ բաժնետերերն են։

Մասնավորապես` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն ունեն 11,9-ական տոկոս բաժնեմաս, վերջիններիս հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է 24,34 % բաժնեմասը։ Այսինքն՝ Խաչատրյանների ընտանիքի ձեռքում այս պահին ողջ բաժնեմասի 48,14 % -ն է։

«Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ և Ալեքսանդր Եսայաններին մնացել է 2,97-ական % բաժնեմաս, միասին՝ 5,94 %։

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ին մնացել է 10,5 %-ը:

Ընկերությունում նոր բաժնետեր է հայտնվել․ Սուրիկ Սիրակի Պողոսյանը դարձել է 6,3 %-ի սեփականատեր։ Վերջինս Տաշիրից է, ՀՀԿ անդամ է եղել, 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել թիվ 32 ընտրատարածքից։ 2012-ին հեռացել է ՀՀԿ-ից։ Այժմ Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի կազմում է, ընդհանուր հարցերով տնօրենն է։ Նա Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է։

«Յուքոմ»-ի 29,09 %-ի բաժնետերը օֆշորային «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ՍՊԸ-ն է։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այս ընկերության բաժնեմասը նախկինում 49 % էր, սակայն հետզհետե նվազել է։ Կիպրոսում գրանցված ընկերության բաժնետերն էլ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Darison Management Ltd-ն է, որի բաժնետերերին բացահայտել չի հաջողվում, քանի որ ԲՎԿ-ն խիստ գաղտնի օֆշորային գոտիներց մեկն է։

Կիպրոսյան ռեգիստրից տեղեկացել էինք, որ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ՍՊԸ-ն 2019թ․ սեպտեմբերի 3-ին պայմանագիր է կնքել և վարկ վերցրել «HSBC–Հայաստան» բանկից՝ գրավադրելով ընկերության բաժնետոմսերը։ Գումարի չափը, սակայն, չի նշվում։

Հիշեցնենք, որ 2015թ․ հուլիսին «Յուքոմը» գնել էր նաև մեկ այլ օպերատորի՝ «Օրանժ Արմենիա»-ի ակտիվները և միավորել «Յուքոմ» ապրանքանիշի ներքո:

Նշենք, որ «Յուքոմը», այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով, ունեցել է 1585 աշխատակից: Այսինքն` ընկերության աշխատակիցների մեկ երրորդն ազատման դիմում է գրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter