HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ից չեն տարհանի իրենց քաղաքացիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ երեկոյան ստորագրել է հուշագիր, որով ենթադրվում է պատժամիջոցների սահմանում բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ստեղծում են արհեստական ձգձգումներ՝ ԱՄՆ-ից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների նկատմամբ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։

«Պետությունները, որոնք չեն ընդունում կամ անհիմն ձգձգում են ԱՄՆ-ից իրենց քաղաքացիների տարհանումը կամ ընդունումը, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, հանրային առողջապահության տեսանկյունից, անընդունելի հավելյալ ռիսկեր են ստեղծում ամերիկացիների համար։ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի հայրենիք ուղարկել արտասահմանյան այն քաղաքացիներին, որոնք խախտում են ամերիկյան օրենսդրությունը»,- նշվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթի մեջ։

Համաձայն ստորագրված հուշագրի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն պետք է նախաձեռնի պատժամիջոցների կիրառման նախագիծ, որն իրականացվելու է «Ներգաղթի և քաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում։ Ընդ որում, պատժամիջոցների կիրառումն սկսվելու է Ներքին անվտանգության նախարարության տրամադրած տեղեկատվության ստացումից 7 օր անց։ Փաստաթղթի մեջ նշվում է, որ սահմանափակող միջոցները կարող են չեղարկվել, եթե արտասահմանյան պետությունը, առանց անհիմն ձգձգումների, հետ ընդունի իր քաղաքացիներին։ Եթե չերկարաձգվի, հուշագիրն ուժը կորցրած կհամարվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ ԱԳՆ հաղորդագրության համաձայն` Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում և Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ, ապրիլի 9-ին կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ և վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան և Վրաստան:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։

ԱՄՆ-ն շարունակում է մնալ կորոնավիրուսով հիվանդների թվաքանակով առաջատար երկիրը։ Վերջին տվյալներով երկրում կորոնավիրուսով հիվանդ է 503 177 մարդ, մահացածների թիվը հասել է 18 761, իսկ ապաքինվածներինը՝ 27 314-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում, առաջին անգամ, երկրում մահացել է ավելի քան 2000 մարդ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter