HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսպանիան և Իտալիան մեղմացնում են կարանտինային ռեժիմը

Ապրիլի 13-ից Իսպանիայում կվերականգնվի գործարանների աշխատանքը, իսկ ապրիլի 14-ից Իտալիայում կբացվեն որոշ խանութները։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Ավելի վաղ, Դանիան հայտարարել էր դպրոցների բացման և ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումների վերացման մասին։ Վերջինս եվրոպական առաջին երկրներից մեկն էր, որ սահմանափակումներ էր դրել քաղաքացիների ազատ տեղաշարժի վրա։

Ապրիլի 13-ին Իսպանիայի կառավարությունը հայտարարել է կարանտինի պատճառով երկրում սահմանված որոշ սահմանափակումների վերացման մասին, սակայն կատալոնական իշխանություններն արդեն հրաժարվել են կատարել այդ որոշումը։ Կատալոնիայի շրջանային վարչակազմի ղեկավար Քիմ Տորան հայտարարել է, որ նոր բռնկման ռիսկը և երկրորդ կարանտինը չափազանց կլինեն երկրամասի համար։ Երկրի մյուս շրջաններում արտադրությունների, շինարարության և մի շարք այլ ոլորտների աշխատակիցները կկարողանան վերադառնալ աշխատանքի, եթե պահպանվեն խիստ սանիտարական նորմերը։ Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրների շարքում է։ Այստեղ COVID-19 կորոնավիրուսից մահացել է շուրջ 17 000 մարդ։ Սակայն վերջին օրերին մահացության դեպքերի թիվը սկսել է էականորեն նվազել։

Իտալիայում համընդհանուր մեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 3-ը, սակայն ապրիլի 14-ից կսկսեն աշխատել գրախանութները, տնտեսական ապրանքների և մանկական հագուստի խանութները։ Սահմանափակումների մեղմացումը չի տարածվի գործարանների վրա։ Իտալիան ևս կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրների թվում է։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սահմանափակումների հնարավոր մեղմացման գաղափարը քննարկել է Գիտությունների ակադեմիայի հետ, իսկ ապրիլի 15-ին այդ հեռանկարը տեսակապի միջոցով կանցլերը կքննարկի հողերի ղեկավարների հետ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 13-ի երեկոյան կորոնավիրուսի թեմայով հերթական ուղերձը կհղի երկրի քաղաքացիներին։ Նախատեսվում է, որ հանրապետության ղեկավարը կերկարաձգի կարանտինի ժամկետները։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչև ապրիլի 16-ը պետք է գնահատի համընդհանուր մեկուսացման արդյունավետությունը և որոշի, թե արդյոք նպատակահարմար է դրա երկարաձգումը։ Կաբինետի անդամները, վարչապետի բացակայության պայմաններում, պետք է բարդ որոշում ընդունեն։ Ավելի վաղ պարզ էր դարձել, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս էր գրվել Լոնդոնի Սուրբ Թոմասի հիվանդանոցից։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter