HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց արժեթղթերի շուկայի բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնելու նախագիծը

Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը, որով նախատեսվում է արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահ մարմիններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և Պետական եկամուտների կոմիտեին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության ներկայացուցչի այն հիմնավորումներին, որ տարիներ շարունակ ՍՊԸ-ների սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է պետական մարմիններին:

«Բաց բաժնետիրական ընկերությունները տարբերվում են ՍՊԸ-ներից կորպորատիվ կառավարման սկզբունքներով, բաժնետոմսերի ազատ շրջանառության հնարավարությամբ և արժեթղթերի շուկայի հետագա զարգացմամբ, որովեհտև կապ ունի ներդրողների ուղղակի և պորտֆելային ներդրումների հետ»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով` տվյալ տեղեկատվության գաղտնիությունը հանդիսանում է ներդրողի մասնավոր շահերի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը, ըստ նրա՝ նման փոփոխությունն անթույլատրելի է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով` նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի կանխարգելման համար լրացուցիչ գործիք ստեղծելն է: Պատգամավորի խոսքով` դա է պատճառը, որ տնտեսական ձևակերպում ունեցող փաթեթը ոչ թե տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է նախագծի համար եղել գխադասային, այլ` պետական-իրավականը:

«Որևէ X պաշտոնատար անձ, որն ունի կեղտոտ փող, կարող է վարձել որևէ Y անձի, գրանցել ՓԲԸ, հետո թողարկում է բաժնետոմս, այդ բաժնետոմսը ձեռք է բերում X անձը, և այդ տվյալն արդեն գաղտնիք է: Մեզ մոտ կեղտոտո փողեր չպիտի թաքնվեն ինչ-որ տեղեր»,- ասաց Հովակիմյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ անդրադարձավ ներդրումների խնդրին: Պատգամավորի խոսքով` արդեն իսկ կա տնտեսական ճգնաժամ, որը գնալով խորանալու է:

«Արդիական է դառնում ներդրումների խնդիրը, կարծում եմ՝ այս նախագիծը ներդրումներին առավել կվնասի, քան կաջակցի»,- ասաց Աբովյանը:

Պատգամավորի խոսքով` ճիշտ դիրքորոշումն այն կլինիեր, որ յուրաքանչյուր դեպքում տեղեկությունը տրվի դատարանի վճռով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագծին դեմ են քվեարկելու.

«Հայաստանում բանկային գաղտնիք, ըստ էության, չկա, իշխանությունը անգիր գիտի՝ ով ինչքան փող ունի բանկերում, և դրա մասին խոսում է հրապարակային: Արժեթղթերի շուկան մտնում եք էս ձևով, ո՞վ է ներդրում անելու Հայաստանում: Վերջին հարցուպատասխանը նայե՛ք, երբ վարչապետը Տիգրան Ուրիխանյանին ասում է ձեր շրջապատի մարդկանց ավանդները թող բերեն, բաժանեն: Ինքը որտեղից գիտի, որ Ուրիխանյանի շրջապատը ավանդ ունի»,-ասաց Մարուքյանը: Դահլիճից արձագանքեցին` թերթում են գրել, Մարուքյանն էլ պատասխանեց` ո՞ր թերթում են գրել, կարո՞ղ է «Հայկական ժամանակում»: Մարուքյանի համոզմամբ` նման նախաձեռնությունը վտանգի տակ է դնում ներդրումային միջավայրը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն իր ելույթում կոչ արեց մեսիջներ չհղել, որ այս նախագիծը վնաս է ներդրումներին:

«Ներդրումների հետ կապված պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ներդրողն իմանա՝ մրցակցությունը պաշտպանված է, հարկային վարչարարությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը պատշաճ է իրականացված: Եթե գործիքակազմ չունենք հարկային վարչարարության, ստվերի դեմ պայքարի, նեդրողը ներդրում չի անի»,-ասաց արդարադատության փոխնախարարը:

Վերջինիս խոսքով՝ քրեական դատավարության շրջանակում 2019-ին այս ինֆորմացիայի ստացման երկու դեպք է եղել:

«Վստահ եմ` չեք կարծում, որ ՀՀ-ում փոխկապակցված երկու անձ կա, որի համար էս ինֆորմացիան ստացվել է դատարանով, խնդիրն այն է, որ պետք չէ քրեական գործի շրջանակում ստացվի ինֆորմացիան ՊԵԿ-ի ու ՏՄՊՊՀ-ի դեպքում: Պետք է ամենօրյա գործունեության ժամանակ իրենց առջև դրված խնդիրները լուծեն: Եթե խնդիրները չեն կարողանալու լուծել, որովհետրև գործիքակազմ չունեն, հետագայում ասելու ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ստվերը շատ է, մրցակցությունը պաշտպանված չէ»,-նշեց փոխնախարարը:

Հարցի քննարկումն այսքանով ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter