HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ա. Թավադյանի և Վ․ Մկրտչյանի գործի նյութերն ուղարկվել են Կարեն Ֆարխոյանին, որի վարույթում Թավադյանի վերաբերյալ մեկ այլ գործ է քննվում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր տեղի է ունեցել «5-րդ Ալիքի» սեփականատար Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով առաջին դատական նիստը, որը վերաբերում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն։

Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Թավադյանը դատական նիստին չի ներկայացել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Այսօր, այնուամենայիվ, մեկ կարևոր հարց է քննարկվել։

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատավոր Արթուր Մկրտչյանը որոշել է բավարարել դատախազի միջնորդությունն ու Թավադյանի և Մկրտչյանի վերաբերյալ գործի նյութերն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Վերջինիս վարույթում քննվում է Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, երկրորդ գործը Ֆարխոյանին ուղարկելու նպատակը Թավադյանի վերաբերյալ երկու գործերը մեկ վարույթում միացնելն է։

Հարցին՝ արդյոք քրեական դատավարության օրենսգիրքը տալի՞ս է քրեական գործերը քննության այս փուլում միացնելու իրավական հնարավորութուն, Հովհաննես Խուդոյանը նշեց, որ այդպիսի իրավական ընթացակարգ չկա, բայց դա իրենց խնդիրը չէ, Թավադյանի հետ քննարկելուց հետո իրենք որոշել են առարկություն չներկայացնել։

«Իրավական հիմքերի բացակայությունը մեզ ավելի ձեռնտու է, քան դատավոր Մկրտչյանի նախագահությունը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է:

Մկրտչյանի վարույթում քննվող գործով, ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ «Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում նաև նշված գործից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի և Ռ․  Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ»։

Վարուժան Մկրտչյանին առաջադրված է նույն մեղադրանքը, միայն թե նա ներկայացվում է ոչ թե որպես Քոչարյանի մտերիմ, այլ աջակից։

Կարեն Ֆարխոյանի վարույթում քննվող գործով Թավադյանին մեղադրանք է առաջադրվել 2019թ․ մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի վարչական շենքի առաջին հարկում տեղի ունեցած դեպքի առթիվ։ Խոսքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստի օրը տեղի ունեցած միջադեպի մասին է։ Թավադյանին մեղադրում են քննությամբ չպարզված  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Նշենք, որ վերը նշված դեպքի օրը շշով հարվածել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, վերջինս քրեական գործով տուժող է:

Արմեն Թավադյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Լուսանկարում՝ Արմեն Թավադյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter