HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սրբազանը չի ընդունում փողերի լվացման և խարդախության վերաբերյալ մեղադրանքը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը երեկ Ազգային անվտանգության ծառայությունում ցուցմունք է տվել օֆշորի գործով։ «Հետք»-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ իրենք ԱԱԾ-ում են եղել շուրջ 8 ժամ։ Հարցաքննության 4 ժամը լրանալուց և դադարից հետո այն նորից շարունակվել է։ Նավասարդ Կճոյանին ապրիլի 13-ին կանչել են ԱԱԾ ու մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ և 190-րդ հոդվածի 3-րդ մասերով՝  առանձնապես խոշոր չափով  խարդախություն և փողերի լվացում։ Կճոյանը մեղադրանքը չի ընդունում։  Հովիկ Արսենյանը որոշ մանրամասներ  է պատմել Կճոյանի ցուցմունքից և մեղադրանքից։

-Պարոն Արսենյան, ի՞նչ է ասել Նավասարդ Կճոյանը մեղադրանքի վերաբերյալ։

- Նա հայտնել է, որ այն ֆանտազիա է, իրականությանը բացարձակապես չի համապատասխանում, իր համար անհասկանալի է, թե ինչի՞ հիման վրա է նման մեղադրանք առաջադրվել իրեն։

-Ի՞նչու է ֆանտազիա,  ի՞նչն է մասնավորապես անհասկանալի նրա համար։

-ԱԱԾ-ն ինձ զգուշացրել է գործի նյութեր չհրապարակելու վերաբերյալ, ուստի կարող եմ  խոսել միայն մեղադրանքի մասին։ Զուտ սրբազանից խոսեմ․ ինքը Աշոտ Սուքիասյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ է ունեցել, և որևէ շահադիտական նպատակ չի հետապնդել։ Նա որևէ առնչություն չունի քրեական գործում արծարծվող վարկ վերցված, գրավադրված գումարների հետ։ Նույն փաստական հանգամանքները 7-8 տարի առաջ էլ են եղել, ինչո՞ւ  նրան այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել։

-Նավասարդ Կճոյանը որևէ մեկի հետ առերսվե՞լ է քրեական գործի շրջանակներում։

-Ոչ, երկու օր առաջ ես նրա հետ առաջին անգամ գնացել եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, միանգամից  մեղադրանք են առաջադրել՝ տպած պատրաստ։

-ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն ձեր պաշտպանյալն Աշոտ Սուքիասյանի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է Փայլակ Հայրապետյանին հիշյալ ներդրումը կատարելու հարցում։

-Սրբազանը Փայլակ Հայրապետյանի հետ երբևիցե զրույց չի ունեցել որևէ թեմայի շուրջ։

-ԱԱԾ հաղորդագրության մեջ  նշվում է նաև, որ  ձեռք են բերել Փայլակ Հայրապետյանի ու նրա մերձավորներին պատկանող 11 մլրդ 442 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից ստացել և անարգել տնօրինել են 3 մլրդ 664 մլն դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361,5 միլիոն դրամ գումարի չափով վարկային միջոցներ և օֆշորային գոտում հիմնադրված ընկերություն միջոցով,  որի 33% բաժնեմասը պատկանել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, hանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացվել են։

- Աշոտ Սուքաիասյանն է եղել այն ընկերության տնօրենը, որը ստեղծվել է, և միշտ ասվում է, որ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը դրանում բաժնետեր են։  Տիգրան Սարգսյանին և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հետաքրքրիր չի եղել, թե այնտեղ ինչ ֆինանսական գործունեություն է ծավալում, ինչ պայմանագիր է կնքում, ով է գումար յուրացրել, ինչ է արել: Իմ պաշտպանյալն ընդամենը ստորագրել է, որ ընկերություն հիմնվի։ Կճոյանը ընկերությունում բաժնեմաս ունի, բայց դրանում կոպեկ չկա, չի էլ եղել, դա փաստաթղթերով էլ է երևում։

-Ձեր պաշտպնյալի մեղադրանքում շոշափվո՞ւմ է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։

-Ոչ, չի շոշափվում։

-Ձեզ համար այդ հանգամանքը տարօրինակ չէ՞։

-Ինձ համար տարօրինակ չէ, թող ձեզ համար տարօրինակ լինի (ծիծաղում է-հեղ): Ես միշտ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի նկատմամբ հարգանք եմ տածել, շատ աշխատակիցների ճանաչում եմ, բայց այժմ այս գործով իրավական հարթությունում լրջություն չեմ տեսնում, սա հեղինակազրկել է ամբողջ քննչական դեպարատմենտին՝ ԱԱԾ-ով հանդերձ։ նրանք իրենց նախաձեռնությամբ այսպիսի բան չէին անի, իսկ թե այս ամենը որտեղից է գալիս, ուր է գնում և ինչ նպատակ է հետապնդում, չեմ կարողանում հասկանալ։ Ես միշտ էլ պայքարել եմ՝ ոչ միայն որպես իրավաբան, որ իսկապես ունենանք արդարադատություն, այնպիսի համակարգ, որ այս պահի իրավիճակներն ազդեցություն չունենան իրավական համակարգի վրա, բայց,  դժբախտաբար ես այսօր նկատեցի նախկին իշխանությունների ձեռագիրը և մեծ ցավ եմ ապրում։

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
get rid of this clown this is not a priest .kick him out the faster the better

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter