HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարցով նախարարություն է դիմել ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրները։ Հատուկ քննչական ծառայությունից և Արդարադատության նախարարությունից որևէ կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունը և այլ մանրամասներ չեն հայտնում։

Քննիչ Հրաչյա Մուշեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմենք ՀՔԾ լրատվական ծառայություն։ ՀՔԾ լրատվական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ դիմենք Արդարադատության նախարարություն, իսկ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ Դատական օրենսգիրքն արգելում է կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկության տրամադրումը։

Նշենք, որ մեկ ամիս առաջ դատավոր Ալեքսանդր Ազարյանը քննել է Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքն ու այն բավարարել։

Թավադյանն ազատ է արձակվել իրեն վերագրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Պաշտպանի բողոքի քննության վերաբերյալ դատական ակտում դատավոր Ազարյանի կողմից հնչեցված գնահատականն է քննիչ Հրաչյա Մուշեղյանը դիտարկել որպես կարգապահական վարույթի հիմք և դիմել նախարարություն։ Այս պահին մեզ հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ գնահատականի մասին է խոսքը։

Արմեն Թավադյանի վերաբերյալ այս պահին երկու գործ է քննվում, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն։ Հենց այս գործով Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցն է քննել դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Հատկանշական է, որ խափանման միջոցի գործի քննության ժամանակ քննիչն ու դատախազն առանձին ինքնաբացարկի միջնորդություններ էին ներկայացրել դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որոնք սակայն, դատավորը մերժել է ու շարունակել գործի քննությունը։

Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը 2018 թվականի օգոստոսին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավորն է։ Ազարյանի այս որոշումից հետո նրա նկատմամբ մեծ արշավ սկսվեց թե՛ իշխանության որոշ ներկայացուցիչների, թե ՛ հասարակության որոշ հատվածի կողմից։ Ազարյանը մի քանի անգամ խոսել է այն մասին, որ դատական համակարգի վրա բացահայտ ճնշումներ կան գործադիր և օրենսդիր մարմինների կողմից։

Դատավոր Ազարյանը  helpcourt.am  կայքում դատավորների վարկանշային ցանկում ամենաբարձր գնահատված դատավորն  է։ Այս կայքում դատավորներին գնահատում են փաստաբանները։

Նրանցից շատերը երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ են սկսել՝ ի պաշտպանություն դատավոր Ազարյանի։

«Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրությունը հայտնվել է փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի,  Զորայր Հարությունյանի, Արամ  Վարդևանյանի, Ինեսսա Պետրոսյանի, Կարեն Մեժլումյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Էրիկ Ալեքսանյանի, Լուսինե Մարտիրոսյանի, Միհրան Պողոսյանի, Հովհաննես Չամսարյանի, Աննա Ջուվանովայի, Լիանա Գասպարյանի, Կարինե Խաչատրյանի, Կարինե Լալաբեկյանի, Մերի Ալավերդյանի, Սյուզանա Խչեյանի և այլ փաստաբանների գլխավոր նկարների վրա։

Լուսանկարում՝ ձախից՝ Հրաչյա Մուշեղյանը, Ալեքսանդր Ազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter