HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայի ողջ տարածքում հաստատվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հինգշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, երկրի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ իրավիճակ, որը պայմանավորված է COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։

Արտակարգ իրավիճակի ռեժիմը, որն ի սկզբանե ներդրվել էր միայն 7 պրեֆեկտուրաներում, ուժի մեջ կմնա մինչև մայիսի 6-ը։ Իշխանությունները ճապոնացիներին կոչ են անում առանց անհրաժեշտության չլքել իրենց տները։ Զուգահեռաբար, արտակարգ իրավիճակի ռեժիմը չի ենթադրում տեղաշարժման խիստ սահմանափակումներ։

Այդուհանդերձ, բժիշկ փորձագետները և միջազգային դիտորդները քննադատել են կառավարության արձագանքը COVID-19 կորոնավիրուսի համաճարակին։ Նրանց խոսքերով՝ իշխանությունները բավականին ուշ սկսեցին արձագանքել կորոնավիրուսին և ընդունել են դրա դեմ պայքարի ոչ բավարար միջոցառումներ։ Բացի այդ, աշխարհի երրորդ տնտեսությունն ունեցող երկիրը ավելի քիչ թեստեր է անում, քան մյուս պետությունները։ 

Ապրիլի 16-ի դրությամբ Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 626 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 901-ի, իսկ մահացածների թիվը՝ 178 է։ Ճապոնիայում չեղարկվել են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում նաև Ամառային օլիմպիական խաղերը, որոնք, ըստ նախնական տվյալների, կանցկացվեն 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։

COVID-19 կորոնավիրուսը ներթափանցել է արդեն աշխարհի շուրջ 210 երկրներ և տարածքներ։ Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 2 միլիոնը, իսկ մահացածների թիվը՝ 130 000-ը։ ԱՄՆ-ն շարունակում է մնալ կորոնավիրուսով վարակվածների և կորոնավիրուսից մահացածների ամենամեծ թիվն ունեցող պետությունը։

Լուսանկարը՝ Tomohiro Ohsumi/Getty Images

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter