HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուհանում զոհերի թիվը 50 %-ով ավելի շատ է, քան Չինաստանը հայտնել էր ի սկզբանե

Հուբեյ նահանգի կենտրոն Ուհանի իշխանությունները (Հուբեյը COVID-19-ի ծագման օջախն էր), հայտարարել են, որ քաղաքում կորոնավիրուսից ավելի վաղ մահացել էր ևս 1290 մարդ, քան տեղեկացվել էր։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Այդպիսով, քաղաքում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 50 %-ով։ Հուբեյում մահացածների ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 3869, իսկ ողջ Չինաստանում՝ ավելի քան 4600։  

Ուհանի իշխանությունները պնդում են, որ որևէ կանխամտածված կոծկում չի եղել։ Նրանց խոսքերով՝ բժիշկները շարունակում են կազմել հաշվետվություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ուհանում հունվար-փետրվար ամիսներին, քանի որ տեղեկատվությունն անընդհատ թարմանում է։ Բացի այդ, հաշվարկվել է նաև հիվանդանոցներից դուրս մահացածների ընդհանուր թիվը։

Չինաստանում կորոնավիրուսի վիճակագրական տվյալները լուրջ կասկածներ են առաջացրել մի շարք երկրներում։ Այսպես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ միամտություն էր ի սկզբանե Պեկինի հայտնած տեղեկատվությանը հավատալը։ Ուրբաթ օրվա տվյալներով, որոնք հրապարակել են չինական իշխանությունները, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 83700 դեպք։ Մահացածների թիվն էլ անցնում է 4600 հազարը։

Ինչպես հայտնել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության մի խումբ աշխատակիցներ, դեռ հունվարին ամերիկյան հետախուզությունը նախագահ Թրամփին զեկուցել էր այն մասին, որ Չինաստանը թաքցնում է կորոնավիրուսից մահացածների իրական թիվը, սակայն Թրամփը, ըստ այդ աշխատակիցների, նախընտրել է մեծ ուշադրություն չդարձնել այդ տեղեկատվությանը։

Ուհանում գործող խիստ կարանտինը, որտեղ բնակվում է 11 միլիոն մարդ, գործել է շուրջ 11 շաբաթ, և քաղաքը միայն վերջերս է բացվել։

Մի քանի տասնամյակ շարունակ առաջին անգամ Չինաստանի տնտեսությունը, որն իր մեծությամբ երկրորդն է աշխարհում, էականորեն տուժել է կորոնավիրուսի պատճառով։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության կորուստները կազմել են 6,8 %:

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter