HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«4 օր է՝ միայն թեյ ու շաքարավազ ունեմ»․ Արտյոմ Երվանդյանը չի կարողանում վերադառնալ Մոսկվա՝ կնոջ ու որդու մոտ

40-ամյա Արտյոմ Երվանդյանը 1997 թվականից ապրում է Ռուսաստանում։ Պարբերաբար գալիս է Հայաստան և նորից հետ գնում, սակայն վերջին 5 տարիներին մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Այս տարվա մարտի 7-ին եկել է Հայաստան անձնագրի ժամկետը թարմացնելու։ Նա նոր անձնագիրը ստացել է մարտի 30-ին, այսինքն՝ կորոնավիրուսի տարածման ակտիվ շրջանում։ Այս իրավիճակով պայմանավորված սահմանափակումների պատճառով էլ Արտյոմ Երվանդյանը չի կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ իր կնոջ և 12-ամյա որդու մոտ։

Այժմ նա ապրում է Երևանի Զավարյան փողոցի վրա գտնվող փոքր հյուրանոցում։ Գյումրեցի Արտյոմն ասում է, որ Հայաստան գալուց հետո իր մոտ եղած գումարը բավականացնում էր առավելագույնը միայն 10 օրվա համար, որը վաղուց արդեն սպառվել է։

«Հյուրանոցի տերերը խղճով մարդիկ են, գինը էժանացրել են, որ ես կարողանամ գոյատևել։ Էս ամբողջ ժամանակահատվածում այստեղ եմ մնացել, սակայն տերերը ինչքան էլ ընդառաջեն, արդեն պարտք եմ կուտակել։ Եթե էստեղ մնալով՝ իմ պարտքը կուտակվել է 60-70 հազար դրամի, հիմա տերը էժանացրել է օրական գումարի չափը՝ 3000-ից դարձրել է 2000 դրամ, ու կուտակված գումարի մեծ մասը զրոյացրել է։ Բայց էդ մարդկանց գոնե մի 20-25 հազար դրամ պետք է վճարեմ, որովհետև մի քիչ մարդկային էլ չէ։ Էստեղ մարդիկ չեն ապրում, ու որպեսզի ես փողոցում չմնամ, էդ մարդիկ գալիս են, ինձ համար շենքը բացում ու փակում են»,- պատմեց Արտյոմ Երվանդյանը։

Արտյոմը Ռուսաստանում խոհարարությամբ է զբաղվում, ասում է, որ եղել է ավագ խոհարար և ստացել է շատ բարձր աշխատավարձ, այնքան, որ կարողացել է Մոսկվայում միայն տան վարձի համար շատ հանգիստ վճարել 350 հազար դրամին համարժեք ռուբլի, ինչը Հայաստանում բավական մեծ գումար է։

«Կարողացել եմ իմ աշխատավարձով իմ փաստաթղթային հարցերը լուծել, սնվել, ապրել, ընտանիք եմ կազմել, Ռուսաստանից Հայաստան գումար ուղարկել։ Իմ եկամուտնեը սկսել էին կամաց-կամաց աճել, որ իմ հաշվարկներով՝ 4-5 տարուց կհասնեի այն մակարդակին, որ կմտածեի՝ Գյումրիու՞մ տուն առնեմ, թե՞ Երևանում կամ ասենք Գառնիում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Նա Հայաստանում որևէ սեփականություն չունի։ Եղբայրը նույնպես բնակվում է Ռուսաստանում, սակայն օգնելու հնարավորություն չունի, քանի որ մեկուսացման պայմաններում նրանց վիճակն էլ է ծանր։ Արտյոմ Երվանդյանը Մոսկվայում ապրում է կնոջ և 12-ամյա որդու հետ, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Հարցին, թե չեն կարող Ռուսաստանից այստեղ գումար փոխանցել, Արտյոմն ասաց, որ տան միակ աշխատողն ինքն է եղել, և իր ընտանիքն էլ այժմ դժվարին վիճակում է։ 

«Իմ հետ Հայաստան բերած գումարի մի մասը ես հետ եմ ուղարկել նրանց, որովհետև էս պահին իրենց միակ եկամտի աղբյուրը երեխայի նպաստն է։ Դրա համար սիրտս մի քիչ հանգիստ է, որ նրանք էնտեղ գոնե ուտելու փող ունեն։ Իսկ տան վարձի հետ կապված՝ տանտիրոջը զանգեցի և խնդրեցի, որպեսզի վարձը չուզի, մինչև ես վերադառնամ, նորից աշխատեմ, կուտակված պարտքը քիչ-քիչ վերադարձնեմ։ Տանտերը հասկացավ ու ընդառաջեց»,- նշեց Արտյոմը։

Հարցին, թե աջակցության ակնկալիքով պետական կառույցներին դիմե՞լ է, Արտյոմ Երվանդյանն ասաց, որ նախքան որևէ կառույցի դիմելը ինքը փորձել է աշխատանք գտնել․ 

«Ես ինքնասիրություն ու պատիվ ունեմ։ Մինչև էս աստիճանի հասնելը, մինչև դիմել, խնդրելը որևէ աջակցության, փորձել եմ ինչ-որ աշխատանքի տարբերակներ գտնել։ Ես իմ մասնագիությանը պրոֆեսիոնալ տիրապետում եմ, սակայն բոլոր փորձերն անօգուտ են եղել, բոլորն ասել են՝ մենք Ձեզ կզանգենք, մի քանի օր էլ սպասե՛ք, կբացվենք․․․ու նմանատիպ այլ պատասխաններ։ Էս փորձերից հետո նոր զանգել եմ պարետատուն ու նույն պատասխանն եմ ստացել՝ մենք գիտենք Ձեր խնդրի մասին, Ձեզ գրանցել ենք, մենք Ձեզ կզանգենք և այլն»,- ասաց Արտյոմն՝ ընդգծելով, որ ինքը նույնիսկ երկրաշարժի և պատերազմի տարիներին այսպիսի վիճակում չի եղել։

«Իմ սնվելու գրաֆիկը գիտե՞ք՝ ոնց է․ արդեն 4 օր է իմ տրամադրության տակ միայն թեյ ու շաքարավազ կա։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Ես երևի առողջ մարդ եմ եղել, որ, հնարավոր է, էսպես դիմացել եմ։ Իմ կարգավիճակում շատ մարդիկ կան»,- պատմեց Արտյոմ Երվանդյանը ու հավելեց, որ մարդիկ կարող են հայտնվել վատ վիճակում և մահանալ ոչ թե կորոնավիրուսից, այլ անտարբերությունից։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter