HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ խմբակցությունները դատապարտում են վարչապետի կադրերի արտահոսքը, «Իմ քայլը» պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն

Վարչապետի ուղերձի կադրերի արտահոսքի համար պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն անձինք, ովքեր որևէ չափով պատասխանատու են այդ հարցում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին պնդեցին խմբակցությունների ներկայացուցիչները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց` հարցը պետք է հղել Հանրային հեռուստաընկերությանն ու վարչապետի մամուլի ծառայությանը, թե ինչու է ուղիղ եթերի հետհաշվարկը սկսվել քսան րոպե առաջ: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց` տեղի ունեցածն անընդունելի է` անկախ նրանից` դա պրոֆեսիոնալիզմի պակաս է, թե անփութության հետևանք:

«Հեռուստատեսության լեզվով ասած` սիգնալը կրակել են ավելի շուտ, դա անընդունելի է, երկրի առաջին դեմքի եթերի նախապատրաստական փուլն անընդունելի է, լինի դա դիտավորություն, սաբոտաժ, թե ոչ պրոֆեսիոնալիզմ»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով` պատասխանատվության պետք է ենթարկվի նաև վարչապետի մամուլի ծառայությունը, քանի որ ամենայն պատասխանատվությամբ չեն հետևել հեռարձակման ամբողջ ընթացքին:

Մելքումյանն էլ հավելեց` նման դեպքերը ևս մեկ անգամ փաստում են, որ երկրում կառավարման խնդիր կա, ապա հավելեց, որ վարչապետն էր ամիսներ առաջ ասում, որ կան պաշտոնյաներ, որոնց զեկույցները նմանվում են դպրոցականների շարադրություններին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով` նման կադրերի հրապարակումը միանշանակ դատապարտելի է իրենց համար, առավել ևս` նման կադրերի համար մարդուն ծաղրելը:

«Մենք դատապարտում ենք արտահոսքը, քանի որ այն բերում է մեր այն նախկին համոզման, որ կառավարությունում չունեն այնքան կարողություններ զգայուն ինֆորմացիան պահպանելու հարցում: Երբ հեռախոսների տեղորոշման օրենքին դեմ էինք գնում, ասում էինք, որ կարող են ուրիշներն ի չարս դուրս օգտագործեն: Այս դեպքերը ապացուցում են, թե, ինչ իմանանք, վաղը ում դեմ են օգտագործվելու այդ տվյալները»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով` կառավարությունում չկա կոմպետենտ թիմ, որպեսզի տվյալներ հավաքագրեն ու կարողանան պահպանել:

«Մամուլը գրել էր, որ վարչապետը Ժորիկին նկատի ունի (Գեորգի Մուրադյանին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, ապա Տիգրան Ավինյանի խորհրդականը), հանել է պարետատնից, կարող է Ժորիկն ունի իր տեղեկությունները ու տվել է Հովիկ Աբրահամյանին»,- ասաց Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդեց` խորհրդարանական մեծամասնության համար վարչապետի եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքն անընդունելի է իրենց համար, ուստի այդ ամենն ունենալու է հետևանքներ: Մակունցի խոսքով` տեղի ունեցածը մեծամասնության համար առաջնահերթ տեղեկատվական անվտանգության խնդիր է: Մակունցի խոսքով` վարչապետը երբ տեղյակ չէր եթերի մասին, կարող էր աշխատակազմի հետ խոսելիս թույլ տալ արտահայտություններ, որոնք տեղեկատվական անվտանգության տեսանկյունից կարող էին դիտարկվել:

 «Անձինք, ովքեր պատասխանատու են կատարվածի համար, պետք է կրեն պատասխանատվություն: Մենք պատրաստվում ենք ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն, որ զբաղվեն նաև պատասխանատվության հարցերով»,- ասաց Մակունցը:

Վերջինս չհամաձայնեց այն տեսակետների հետ, որ վարչապետի մամուլի խոսնակը ևս պետք է պատասխանատվության ենթարկվի: Մակունցի խոսքով` վարչապետի մամուլի ծառայությունն ունի պարտականությունների հստակ ցանկ, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին հետևելը:

«Յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր պատասխանատվության եզրերը, և այս ամենն անհետևանք չի կարող մնալ ու չի մնալու»,- եզրափակեց Մակունցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter