Խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի
Պատգամավորների նախաձեռնությամբ վաղը` ապրիլի 22-ին, խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրելու: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: Արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է, երկուսն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքում փոփոխություններին` կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական հետևանքները վերացնելուն:
Առաջին նախագիծը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հեղինակածն է, որով նա առաջարկում է փոքր և միջին ձեռնարկատերերի հարկերի ուշացումների տույժ- տուգանքների չափը նվազեցնել: Ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է 0.075 տոկոսի չափով տույժ: Պատգամավորն առաջարկում է ժամկետանց հարկ վճարողի տույժի յուրաքանչյուր օրվա գործակիցը դարձնել 0.04 տոկոս:
Մյուս նախագիծը հեղինակել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Վերջինս առաջարկում է հնարավորություն ընձեռել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ`առնվազն մեկ տարում:
Նախագծում նշվում է, որ Հարկային օրենսգրքում արդեն կա բացառություն` ամորտիզացիոն մասհանումների հետ կապված: Մասնավորապես, Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն` տնտեսվարողը ծախսագրումները կատարում է ոչ թե ընդհանուր կանոններով` ըստ սահմանված նվազագույն ժամկետների, այլ ինքնուրույն է որոշում այդ ժամկետը:
Այս նախագծով առաջարկվում է նույն հնարավորությունը ընձեռել բոլոր տնտեսվարողներին, սակայն ժամանակավորապես` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել