
Խորհրդարանը քննարկում է ՓՄՁ-ների ժամկետանց հարկերի տույժ-տուգանքները նվազեցնելու նախագիծը
Խորհրդարանում արտահերթ նիստով քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած նախագիծը, որով փոփոխությունն է առաջարկվում Հարկային օրենսգրքում:
Պատգամավորն առաջարկում է փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) հարկերի ուշացումների տույժ-տուգանքների չափը նվազեցնել: Ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է 0.075 տոկոսի չափով տույժ: Մելքումյանն առաջարկում է ժամկետանց հարկ վճարողի տույժի յուրաքանչյուր օրվա գործակիցը դարձնել 0.04 տոկոս:
Նա իր ելույթում նշեց, որ նախագիծը ստեղծվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ եռակողմ քննարկումների արդյունքում, և որոշակի կոմպրոմիսային տարբերակ է:
Կառավարության տեսակետը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` ասելով, որ գործադիրը կողմ է ներկայացված նախագծին.
«Այնուամենայնիվ մի որոշ խմբագրական ու նաև այլ առաջարկ կա, որ մենք ներկայացնելու ենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ընկած ժամանակահատվածում: Առաջարկելու ենք ոչ թե ապրիլի 20, այլ 21, որովհետև պարտավորությունը դառնում է ժամկետանց ամսի 21-ից: Նաև առաջարկելու ենք, որ նմանատիպ փոփոխություն արվի նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում, որովհետև սոցիալական վճարն ու եկամտահարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար եթե եկամտահարկի տույժը իջեցնում ենք, նույն կերպ պետք է իջեցնենք նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը»,-ասաց Անանյանը:
Հիշեցնենք, որ գործող նախագիծը հետադարձ ուժ է ունենալու, առաջարկվում է գործողության ժամկետը տարածել ապրիլի 20-ից հետո ծավալված իրավակարգավորումների վրա:
«Սա ոչ թե տույժի սոսկ տոկոսադրույքի նվազեցում է, և արգելադրման շեմի բարձրացում երեք անգամ, այլ՝ նաև Կառավարության կողմից հարկ վարողներին քվազի վարկային գործիքի տրամադրում է: Այսուհետ ասում ենք, որ արտակարգ դրության ժամանակում մինչև մեկուկես միլիոն հարկային պարտավորության նկատմամբ հարկային պարտավորությունների գանձման վարույթ չենք ձեռնարկելու և գույքի վրա արգելանքի դնելու գործառույթ չենք իրականացնելու: Ժամկետանց հարկային պարտավորության դեպքում, որը չի գերազանցում մեկուկես միլիոն դրամը, տնտեսվարողներն ունենալու են 14,6 տոկոս տարեկան տոկոսադրույքի հաշվարկով միայն ուշ վճարելու օրերի պարտավորություն»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով` ՓՄՁ-ները կամ հիմնականում շրջանառության հարկ վճարողները, որոնք տարեկան 80-ից 100 միլիոն շրջանառություն ունեն, և նրանց հարկային պարտավորությունը հինգ տոկոս բեռի պայմաններում կազմում է մոտ հինգ միլիոն դրամ, ապա եռամսյակային կտրվածքով պարտավորությունը կազմում է 1 միլիոն 250 հազարի շրջակայքում:
«Այս գործիքով մենք հարկ վճարողների շուրջ հիսուն տոկոսին տալիս ենք հնարավորություն օգտվելու միայն ունեցած օրերի տույժ-տուգանքների սանկցիաների կիրառման հնարավորությունից»,- ասաց Անանյանը:
Մեկնաբանել