HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորը մարտին ավելի փոշոտ է եղել. օդի աղտոտվածության ցուցանիշները մարզերում

Հայաստանի տարածքում մարտ ամսին օդի որակի էական փոփոխություններ չեն գրանցվել: Հատկապես փոշու միջին կոնցենտրացիայի տեսանկյունից մարտին նվազում չի արձանագրվել:

Ցուցանիշների որոշակի բարելավումներ, ըստ «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, արձանագրվել են ապրիլի սկզբին, սակայն ապրիլի տվյալներն ամբողջությամբ դեռ հասանելի չեն, հետևաբար, կանխատեսումներ անելը նույնպես վաղ է: Ավելին, չնայած ապրիլ ամիսն է ավարտվում, ՊՈԱԿ-ը դեռ չի հրապարակել ամբողջական տվյալներ մարտ ամսի օդի աղտոտվածության վերաբերյալ: Մեր հարցմանն ի պատասխան չի տրամադրել նաև փոշու մարտ ամսվա ցուցանիշները Հայաստանի այն համայնքներում, որտեղ իրականացնում է օդի աղտոտվածության փոշու կոնցենտրացիայի մոնիտորինգ, մասնավորապես` Գյումրիում, Հրազդանում, Վանաձորում, Ծաղկաձորում և Արարատում:

Այդուհանդերձ, փորձել ենք ի մի բերել տրամադրված ցուցանիշները` մարտ ամսի վերաբերյալ որոշակի պատկեր ստանալու համար:

Վանաձորը մարտին ավելի փոշոտ է եղել

Վանաձորում փոշու սահմանված թույլատրելի կոնցենտրացիան 1 խորանարդ մետրում 0,15 մգ է:

Այս տարվա առաջին եռամսյակում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան, և մարտ ամսին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը: Ապրիլի 1-9-ն ընկած ժամանակահատվածում սկսել է անկում ապրել, սակայն չի իջել ՍԹԿ-ի շեմից: Մինչդեռ անցյալ տարվա նույն` առաջին եռամսյակում Վանաձորում փոշին ավելի քիչ էր, և ՍԹԿ-ն հատել էր միայն մարտ ամսին:

ԾԾմբի երկօքսիդի (ՏO2) ՍԹԿ-ն 1 խմ-ում 0,05 մգ է: Վանաձորում ծծմբի երկօքսիդի պարունակությունը մարտին 0,044 է եղել, այսինքն` թույլատրելի չափաբաժնին շատ մոտ: Այն գրեթե չի տարբերվում փետրվարի ցուցանիշից, սակայն ակնհայտորեն տարբերվում է նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշից, երբ ծծմբի երկօքսիդը գերազանցել էր սահմանված թույլատրելի կոնցենտրացիան և մոտեցել 0,06 ցուցանիշին: Նախորդ տարի Վանաձորում մինչև հունիս ամիսը ներառյալ այս ցուցանիշը գերազանցել է ՍԹԿ-ն:

Ազոտի երկօքսիդի(NO2) ՍԹԿ-ն 1 խմ-ում 0,04 մգ է: Վանաձորում ազոտի երկօքսիդի միջին ցուցանիշը մարտին եղել է 0,01 մգ, և փետրվարի նկատմամբ փոքր-ինչ նվազել է: Սակայն կիսով չափ նվազել է անցյալ տարվա մարտի համեմատ, երբ երկօքսիդի պարունակությունն օդում եղել է 0,02 մգ:

Արարատում օդի բարելավում տեղի չի ունեցել

Արարատ քաղաքում օդում փոշու սահմանված թույլատրելի կոնցենտրացիան 1 խմ-ում 0,10 մգ է:

Արարատ քաղաքի օդում մարտ ամսին փոշու միջին կոնցենտրացիայի նվազում չի եղել: Այն փետրվարի նույն ցուցանիշի տիրույթում է` 0,07-ի սահմաններում: Իսկ այս տարվա հունվարին Արարատում փոշին գերազանցել էր ՍԹԿ շեմը:

Նախորդ տարվա փետրվար և մարտ ամիսներին փոշին Արարատում ավելի շատ է եղել, հետևաբար, բարելավում արձանագրվել է ոչ թե նախորդ ամիսների, այլ նախորդ տարվա երկու ամիսների համեմատ:

Ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունն Արարատի օդում մարտին 0,02 մգ է եղել, ինչը նորմայի սահմաններում է և էական տարբերություններ չունի նախորդ ամիսների համեմատ. չնչին նվազում` ծծմբի, ավելացում` ազոտի երկօքսիդների պարագայում:

Գյումրին հարաբերական մաքուր է

Գյումրիի փոշու պարունակության մարտ ամսվա մասին նախարարությունը տվյալներ չի տրամադրել: Չի հրապարակել նաև ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է փոշու պարունակության նվազման ցուցանիշներին որոշ քաղաքներում: Կարելի է ենթադրել, որ որևէ բարելավում Գյումրիում տեղի չի ունեցել, դրա համար էլ հատուկ անդրադարձ այս քաղաքին չի եղել:

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Գյումրիում փոշու պարունակությունը մեծ չի եղել և չի հատել ՍԹԿ շեմը: ՍԹԿ շեմը փոշին հատել է միայն անցյալ տարվա մարտին:

Գյումրիում այս տարվա փետրվարին ծծմբի երկօքսիդի միջին կոնցենտրացիան գրեթե հասնում էր թույլատրելի սահմանագծին` 0,04-ի և 0,05-ի միջակայքում էր: Մարտ ամսին այս ցուցանիշը միջին հաշվով նվազել է` 0,03-ի:

Ծծմբի երկօքսիդի էական տարբերություն չի գրանցվել այս տարվա մարտին` 2019 թվականի մարտ ամսի համեմատ:

Գյումրու մթնոլորտում նույնն է մնացել նաև ազոտի երկօքսիդի պարունակությունը: Փետրվարին այն եղել է 0,025-ի սահմաններում, մարտին` նույնպես: Ճիշտ նույնքան էլ եղել է 2019թ. մարտին:

Սյունիքում ևս էական բարեփոխումներ չեն եղել

Սյունիքի մարզի երկու քաղաքներում` Կապանում և Քաջարանում, կատարվում է միայն ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակության մոնիտորինգ:

Կապանում ծծմբի երկօքսիդի պարունակության փոփոխություններ չեն արձանագրվել առաջին եռամսյակում, ոչ էլ էական փոփոխություններ կան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ազոտի երկօքսիդի ավելացում է արձանագրվել փոքր չափով, սակայն այն տակավին հեռու է սահմանված թույլատրելի կոնցենտրացիայի շեմից:

Քաջարանում մարտ ամսին ծծմբի երկօքսիդը պահպանել է փետրվարի ցուցանիշը, սակայն ավելացել է նախորդ տարվա մարտի համեմատ:

Ազոտի երկօքսիդը Քաջարանում մարտին ավելացել է թե փետրվարի, թե նախորդ տարվա մարտ ամսի համեմատ, սակայն կրկին հեռու է ՍԹԿ շեմից:

Հիշեցնենք, որ Երևանում մարտ ամսին օդի աղտոտվածության բարելավում տեղի չէր ունեցել, իսկ Հրազդանում մարտին փոշին կրկնակի գերազանցել էր սահմանված թույլատրելի կոնցենտրացիան:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter