
Բաբկեն Թունյան. «Հայաստանում 300 միլիարդ ազատ փող չկա»
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ Հայաստանում որևէ քաղաքացի հացի խնդիր չի ունենալու, և Կառավարության աջակցության ծրագրերն ավելանալու են:
Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկի քննարկմանն իր ելույթում ասաց պատգամավորը: Անդրադառնալով ներկայացված նախագծին՝ Թունյանը փորձեց քաղաքացիների համար հնարավորինս մատչելի բացատրել այս նախագծի նպատակահարմարությունը:
«Ունենք ճգնաժամային իրավիճակ, և այդ իրավիճակում բնականաբար բիզնեսները չեն աշխատում, եկամուտները քչանում են, և քիչ հարկեր են հավաքագրվում, բայց մյուս կողմից պետությունն ունի ծախսեր, որոնք պետք է կատարվեն` աշխատավարձեր, թոշակներ պետք է բաժանվեն, կապիտալ շինարարություն պետք է արվի, ռազմական ծախսեր պետք է արվեն: Մենք ծախսերը պահում ենք նույն մակարդակի վրա, չենք կրճատում, բայց ավելի քիչ հարկ ենք հավաքելու, ու առաջանում է ճեղքվածք, դեֆիցիտ, որը նախատեսված էր, որ պետք է լինի 160 միլիարդ դրամ, հիմա մեծացնում ենք դեֆիցիտը: Դասական տնտեսագիտական քայլ ենք անում ճգնաժամային իրավիճակում` ավելի շատ փող ծախսում ենք, քան հավաքում, սրա մասին է այսօրվա նախագիծը»,- ասաց Թունյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը` Թունյանն ասաց, որ գործընկերները վկայակոչում են ծրագրային բյուջետավորման պահանջը, ըստ որի յուրաքանչյուր ծախս պետք է լինի կոնկրետ ծրագրի տակ ու ունենա իր նպատակը:
«Եթե սովորական պայմաններում լինեինք, իհարկե ճիշտ էր սա, բայց մենք ճգնաժամային իրավիճակում ենք, որտեղ ֆորսմաժորային պայմաններից ելնելով շատ անգամ որոշումների կայացումը արագ պետք է կատարվի ու հնարավոր չէ ամեն ինչ ի սկզբանե կանխատեսել»,- ասաց քաղաքական մեծամասնության պատգամավորը:
Բաբկեն Թունյանը խոսեց Էդմոն Մարուքյանի այն պնդման մասին, որ կա ազատ 300 միլիարդ դրամ, որը կարելի է ուղղել մարդկանց աջակցելուն:
«Հայաստանում 300 միլիարդ ազատ փող չկա, եթե խոսքը միասնական գանձապետական հաշվի մասին է, էնտեղ մնացորդը մի քանի անգամ պակաս է և հստակ ծրագրային նպատակ ունի, ազատ փող չի, որ ինչպես ուզենանք ծախսենք: Այսինքն ինչ, որևէ մեկին թվում է, որ էնտեղ սունդուկով փողերը դրված են կամ որևէ հաշվի վրա ու մեզ կրակն ենք գցել լրացուցիչ փողի աղբյուր ենք ման գալիս»,- ասաց նա:
Թունյանի խոսքով` այն երկրներում, որտեղ քաղաքացիներին համատարած գումար են բաժանում, դրա արդյունավետությունը հետո է երևալու, քանի որ գումարն նոր են բաժանում, և բացի դա` այն միակ գործիքը չէ, որ կիրառվում է:
«Հարգելի քաղաքացիներ, ինչքան ձեզ պետք է, փողը բաժանվելու է, Հայաստանում ոչ մի մարդ հացի խնդիր չի ունենալու, եղած միջոցառումներն ավելանալու են, այդ թվում շատ ավելի համապարփակ միջոցառումներ, քան պատկերացնում եք»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել