HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 հոգով ապրում են 18 քառակուսի մետր տարածքում

Հարություն Թովմասյանը մոր հետ ապրում է Ներքին Շենգավիթ թաղամասի նախկին հանրակացարանի սենյակներից մեկում։ Հարությունը Արցախյան պատերազմի մասնակից է, 1994 թ.-ին վիրավորվել է, ստանում է 94 հազար դրամ թոշակ:

Երեք տարի առաջ այստեղ է տեղափոխվել եղբոր՝ Արայիկի ընտանիքը՝ կինը եւ երեք երեխաները։ Այժմ 18 քմ–անոց սենյակում ապրում են 7 հոգով։ Մինչ այդ, Արայիկ Թովմասյանի ընտանիքն ապրել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղում՝ վագոն–տնակում։ Արայիկն աշխատել է Ոստիկանության ներքին զորքերում, տնակի դիմացի հողամասն են մշակել։ 2017 թ․-ին նրանց վագոն–տնակը վառվել է ամբողջությամբ։ Այդ օրը տանը մարդ չի եղել։ Այդպես էլ չեն կարողացել նոր վագոն ձեռք բերել, աշխատանքի վայրից 100 հազար դրամ օգնություն են հատկացրել։ Արայիկն այդ ժամանակ էլ ազատվել է աշխատանքից։ Նա առաքիչ է աշխատել։ Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո աշխատանքը կորցրել է։ Քանի որ վագոն-տնակն այլևս չկար, նրանք գրանցման վայր չունեին, զրկվել են նաեւ նպաստից։ Ընտանիքը պետության առաջարկած ոչ մի ծրագրից չի կարողանում օգտվել։

Հարությունը պատմում է, որ փոքր տարիքից կարատեով է զբաղվել, երազել է պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ, 17 տարեկան է եղել, երբ լսել է, որ Արցախյան շարժումը սկսվել է, որպես կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել ռազմական գործողություններին, 1994 թվականին վիրավորվել է: Հետագայում էլի առաջացել են առողջական խնդիրներ, որոնց պատճառով 13 տարի գամված է եղել շարժասայլակին։

«Հիմա քայլում եմ պրոթեզներիս հաշվին, իմ ու մորս թոշակը միգուցե բավականացներ ապրելու համար, բայց թանկարժեք դեղեր եմ խմում, որոնք գնելու դեպքում մյուս ծախսերի համար գումար չի մնում»,- ասում է նա։

Եղբոր ընտանիքը նպաստի համար մի քանի անգամ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աջակցություն ստանալու համար։ Նախարարությունից հայտնել են, որ քանի որ մի հասցեում գրանցված է երկու ընտանիք, նրանք չեն կարող օգտվել նպաստի ծառայությունից։

Ասում է` շատ մեծ ցանկություններ չունի, միայն խնդրում է վագոն-տնակ տրամադրել եղբոր ընտանիքին, քանի որ նրանք սեփական ուժերով տնակ գնել չեն կարող, Սիփանիկ գյուղում, այրված նախկին տնակի տեղում հող ունեն, եղբոր կինը հողագործությամբ կզբաղվի, երեխաները դպրոց կհաճախեն, եղբայրը կաշխատի ու կարողանան ապրել։

«Թե չէ էսպես, դոշակները պոլերին դրած քնելով` հազար հիվանդություն ձեռք կբերեն, ջահել էրեխեք են»,- ասում է նա։

Հարությունի եղբայրը մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում պատշգամբում էր, այնտեղից մասնակցում էր խոսակցությանը, եղբոր ասածներին երբեմն ինչ-որ բաներ էր ավելացնում։ Նա սենյակ չէր գալիս, որովհետեւ կանգնելու տեղ չկար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter