
ԱԱԾ-ում կորոնավիրուսի 16 դեպք է հաստատվել, ՀՔԾ-ում և Քննչական կոմիտեում վարակվածներ չկան
Ազգային անվտանգության ծառայությունում երեկվա դրությամբ կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրված եղել, երեք անձ արդեն առողջացել է, 13-ը գտնվում են հսկողության ներքո։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից՝ տեղեկացնելով նաև, որ հսկողության ներքո գտնվող անձանցից որևէ մեկի մոտ բարդություն չկա։
«Հետք»-ը կորոնավիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ հարցում է ուղարկել նաև Հատուկ քննչական ծառայություն։
Մեր հարցանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնում են, որ այս կառույցում կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ չկան:
«Ծառայության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` վարակի տարածումը կանխելու համար: Այդ նպատակով դեռևս մարտ ամսից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը՝ մինչև իրավիճակի կարգավորումը: Բացի այդ, աշխատակիցների մի մասի աշխատանքային գործունեությունն իրականացվում է հեռավար, իսկ աշխատանքի հաճախող աշխատակիցները ջերմաչափվում են ամեն օր: Ծառայություն հրավիրվող անձինք նույնպես ջերմաչափվում են շենք մուտք գործելիս, և նրանց տրամադրվում են անձնական պաշտպանության միջոցներ»,- հայտնում են ՀՔԾ-ից։
Ծառայության երկու աշխատակից թեստավորվել է, սակայն պատասխանները եղել են բացասական։ ՀՔԾ-ից հայտնում են նաև, որ այնտեղ պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Բոլոր աշխատակիցներն ապահովված են անհրաժեշտ ախտահանիչ միջոցներով:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Քննչական կոմիտեում նույնպես կորոնավիրուսով ախտորոշման դեպքեր չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ մարտի 1-ից առ այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2066 դեպք, որոնցից 929-ն առողջացել են, մահացել՝ 32-ը, իսկ 1103 անձ գտնվում է փաստացի բուժման մեջ։
Մեկնաբանել