Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 7933 նոր դեպք
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7933 նոր դեպք։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում, որտեղ նոր վարակակիրների թիվը 3561 է։ Օպերատիվ շտաբում նշել են, որ մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 1601 պացիենտ, մահացել՝ 96-ը։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 114 431-ի, ապաքինվածների թիվը՝ 13 220-ի, իսկ մահացածների թիվը՝ 1169-ի։ Նախօրեին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել էր 100 000-ը։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ ապրիլի 29-ին գրանցվել էր կորոնավիրուսի 7099 դեպք, ինչը 1258-ով ավելին էր, քան ապրիլի 28-ին։
Վարակվածների մեծ մասը նախկինի պես բաժին է հասնում Մոսկվային։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ապրիլի 30-ին չի բացառել, որ մայրաքաղաքը հասել է հիվանդության գագաթնակետին։ Ընդ որում նա նշել է, որ Մոսկվան չի անցել կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհի կեսը։ Ավելին, նա նշել է, որ անցել են ճանապարհի միայն 25 %-ը։ Սոբյանինի խոսքերով՝ հաշվի առնելով հիվանդության դինամիկան, վերջին 5-7 օրերին Մոսկվայում իրավիճակը կայունացել է։ Ըստ նրա՝ ներկայումս Մոսկվայում հիվանդության և մահացության ցուցանիշների աճը կազմում է մոտ 70 %:
Քաղաքապետը նշել է, որ Մոսկվայի հիվանդանոցներում ներկայումս գտնվում է կորոնավիրուսով շուրջ 17 000 պացիենտներ, որոնց մոտ հիվանդությունն ունի ծանր կամ միջին ընթացք։ Ավելի վաղ պարզ էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ։ Այդ մասին նա տեսակապով հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վարչապետի պարտականությունների ժամանակավոր իրականացումը դրվել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի վրա։
Ապրիլի 29-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսով հիվանդ են ՌԴ ռազմական ուսումնական հաստատությունների շուրջ 1100 կուրսանտներ և ունկնդիրներ։ Նրանցից 413-ը բուժում են ստանում նախարարության զինվորական հոսպիտալներում, 600-ը գտնվում են ծառայության վայրի մեկուսարաններում, ևս 114-ը գտնվում են իրենց տներում, որտեղ և ինքնամեկուսացել են։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել