HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանն ԱՀԿ-ի ներկայացուցիչներին չի հրավիրել մասնակցելու կորոնավիրուսի ծագման հետաքննության աշխատանքներին

Չինաստանը սկսել է ուսումնասիրել Ուհան քաղաքում նոր տիպի կորոնավիրուսի առաջացման պատճառները, որին, սակայն, չեն հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին։ Այդ մասին «Sky News» հեռուստաընկերությանը պատմել է Չինաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Գոդեն Գալեան։

«Մենք գիտենք, որ սկսվել է ազգային հետաքննություն, սակայն այս փուլում մեզ չեն առաջարկել միանալ աշխատանքներին։ [...] ԱՀԿ-ն նման հարցմամբ դիմել է Առողջապահության հարցերով հանձնաժողովին և չինական իշխանություններին»,- պատմել է նա։

Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ նոր վիրուսի էության բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել իրավիճակի կրկնությունից։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է մանրակրկտորեն վերլուծել կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման հնարավորությունը։ Գալեան նշել է, որ չի տեսնում որևէ օբյեկտիվ պատճառ` թույլ չտալու կազմակերպությանը միանալ հետաքննությանը, քանի որ ԱՀԿ-ի փորձագետները կասկած չունեն վիրուսի բնական ծագման հարցում։ 

Ավելի վաղ հնչել էին կարծիքներ, որ կորոնավիրուսն ստեղծվել է չինական լաբորատորիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքն ունի տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ COVID-19-ը ստեղծվել է լաբորատոր պայմաններում։ ԱՀԿ-ում, սակայն, նման տարբերակը համարում են քիչ հավանական։

Միևնույն ժամանակ Չինաստանում կորոնավիրուսի պանդեմիան արագ անկում է ապրում։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման ընդամենը 12 դեպք։ Կորոնավիրուսի տարածումից ի վեր Չինաստանում վարակվել է շուրջ 83,5 հազար մարդ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter