HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«COVID-19-ի զարգացումը կանխող» թեյեր գովազդող «Mountea» ընկերությունը հերքում է պահանջում

Ապրիլի 13-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հաստատումից հետո տարբեր արտադրողներ սկսել էին իրենց վիտամինների, դեղերի և սննդատեսակների անբարեխիղճ գովազդներ անել սոցիալական ցանցերում։ Թեմայի շրջանակում զրուցել էինք նաև սննդագետ Դավիթ Պիպոյանի հետ։

Ներկայացրել էինք մի շարք արտադրողների գովազդներ, որոնց թվում էր նաև «Mountea» թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որն իր ապրանքը գովազդում էր՝ հղում անելով բժիշկներին, որոնք «COVID-19-ի զարգացումը կանխելու համար» խորհուրդ են տալիս (իսկ «Instagram»-ում՝ պնդում են) «տաք հեղուկներ» խմել․ գրառումը դրվել է որպես գովազդ` «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում։

Ապրիլի 29-ին «Mountea» ընկերությունը հերքման պահանջ է ուղարկել «Հետք»-ի խմբագրություն` նշելով, որ չհրապարակելու դեպքում կդիմի դատարան։

«Հայտնում ենք, որ հոդվածը պարունակում է զրպարտչական տեղեկություն»,-նշված է հերքման պահանջի մեջ։

Պատասխանում ենք հերքման պահանջին կետ առ կետ․

  • Մեր ընկերությունը թվարկվել է անբարեխիղճ տնտեսվարողների շարքում, որն իր ապրանքը, տվյալ դեպքում՝ թեյը, իբր ներկայացնում է որպես COVID-19-ի բուժման միջոց, այնինչ՝ մեր ընկերությանը վերագրվող գովազդի մեջ խոսք անգամ չկա բուժման մասին, իսկ «զարգացումը կանխելը» և «բուժելը» բացարձակապես նույնը չեն,

Պատասխան․ «Mountea»-ն հոդվածում չի ներկայացվել որպես «COVID-19» բուժման միջոց, ներկայացվել է որպես «զարգացումը կանխող» միջոց, բառացի, ինչպես նշված է ձեր գովազդում։ Չկա գիտականորեն ապացուցված որևէ սննդատեսակ կամ ըմպելիք, որը «կանխում է COVID-19-ի զարգացումը»:

Առաջարկում ենք զուգահեռ նաև կարդալ «կանխել» բայի ստուգաբանությունը՝ [ներգործական բայ] նախօրոք ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերացնել սպառնալիքը, որևէ բանի իրագործվելուն խանգարել, առաջն առնել, արգելակել:

Այնուհետև ներկայացնել հստակ փաստեր և ապացույցներ, միջազգայնորեն հաստատված կլինիկական հետազոտություններ, որ թեյը և/կամ կոնկրետ ձեր արտադրած թեյը «կանխարգելում է» կորոնավիրուսի տարածումը, հակառակ դեպքում, սա ուղղակի անբարեխիղճ գովազդ է, քանի որ դուք խախտում եք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը՝ մոլորեցնելով սպառողներին:

Օրենքը, մասնավորապես, մոլորեցում ասելով՝ սահմանում է գովազդի փաստացի ունակությունը ապրանքների հատկությունների, որակի, առանձնահատկությունների և այլ տեղեկությունների, ինչպես նաև՝ դրանց գովազդատուների մասին տեղեկատվության լրիվ կամ մասնակի անարժանահավատության, բացթողումների և աղավաղումների հետևանքով անձանց ապակողմնորոշումը:

Նույնիսկ եթե գովազդատուի գործողությունները օբյեկտիվ են, բայց կարող են սպառողին մոլորեցնել՝ ապա օրենքով այլևս հաշվի չի առնվում՝ այն կանխամտածված է եղել, թե ոչ։
Նույն օրենքի 23-րդ հոդվածն էլ սահմանում է պատասխանատվություն անբարեխիղճ գովազդի համար։

  • Մեր ընկերության մասին եզրահանգում կատարելու հիմքը սննդագետի հետ զրույցն է:

Պատասխան։ Ո՛չ, եզրահանգում անելու հիմքը վերևում ներկայացված օրենքի խախտումն է։

  • Սննդագետը խոսում է այն մասին, որ պետք է վիտամիններն ու սննդամթերքն օգտագործել համապատասխան չափաբաժիններով, որպեսզի բացառվի գերդոզավորումը, ինչը նույնպես չի հերքվում մեր ընկերությանը վերագրվող գովազդով։
  • Այնուհետև սննդագետը խոսում է յոդի և դեղորայքի մասին, ինչը մեր ապրանքային նշանի հետ առնչություն չունի։

Պատասխան։ Այս կետերը սննդագետի կարծիքն են, որոնք «Mountea» ընկերության ապրանքի հետ ուղիղ կապ չունեն։

  • Վիճելի է սննդագետի կարծիքը վարակի վերաբերյալ, և առավել տեղին կլիներ՝ լսել վարակաբանին, այլ ոչ թե սննդագետին նման հոդված պատրաստելիս:

Պատասխան։ Սննդագետը կարծիք է հայտնել սննդամթերքի որակական հատկանիշների վերաբերյալ, ինչն իր իրավասությունների շրջանակում է։

Հոդվածի այն մասում, որի հերքումն եք պահանջում, «վիճելի էր» նաև ձեր պնդումը, որ «բժիշկները COVID-19-ի զարգացումը կանխելու համար» խորհուրդ են տալիս, իսկ մեկ այլ գովազդում նաև՝ «պնդում են» «տաք հեղուկներ» խմել։

Ըստ այդմ՝ հերքման համար խնդրում ենք անուն առ անուն ներկայացնել այն բժիշկներին, որոնք պնդում և նման խորհուրդ են տալիս, ինչպես նաև՝ այն գիտական աշխատությունները կամ կլինիկական հետազոտությունները, որոնց վրա հիմնվել են այդ բժիշկները խորհուրդները տալուց առաջ։

Այսինքն՝ անհրաժեշտ է ապացուցել, որ գովազդվող ապրանքի «հատկությունների, որակի, առանձնահատկությունների» մասին ներկայացված տեղեկությունը «լիովին արժանահավատ է»՝ առանց «բացթողումների և աղավաղումների» ու «ապակողմնորոշող չէ»։

Մինչ այդ փաստերի ներկայացումը, ինչպես նաև, հաշվի առնելով վերոգրյալը` ահնար է հերքել այն, ինչը սխալ չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter