HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, կկալանավորվի

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, կկալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանի խափանման միջոցի գործով դատական նիստը տեղի է ունեցել երեկ, ապա դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Հունվարի 14-ից Գուրգեն Խաչատրյանը մեղադրվում էր հորը՝ Գագիկ Խաչատրյանին, առանձնապես խոշոր չափով յուրացում կատարելուն օժանդակելու մեջ։

Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Գուրգեն Խաչատրյանը նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։

Մեկ օր անց՝ ապրիլի 29-ին, պարզ դարձավ, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու դրվագներով, ինչպես նաև նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Նշենք, որ լրացված մեղադրանքի դրվագներով կալանավորվել է  նաև «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը Առուստամյանին է օժանդակել առանձնապես խոշոր չափով կաշառք տալու հարցում, ապա վերը նշված ենթադրյալ կաշառքի գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիների հետ փոխկապակցված․ արտերկրում գրանցված կազմակերպությունների հաշվեհամարներին։ Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ նկարագրված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության պայմանագիր:

Գուրգեն Խաչատրյանի և Սեդրակ Առուստամյանի պաշտպանները, սակայն, պնդում են, որ իրենց պաշտպանյալների միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որը դեռևս ուժի մեջ է, Առուստամյանի փոխանցած գումարը պետք է, ըստ պայմանագրի, վերադարձվի նրան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter