HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Լուսառատի ավագանին մերժել է պատմական հողերի կատեգորիայի վերականգնումը

Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող պատմական հողերի նշանակությունը փոխելու որոշումը միջգերատեսչական հանձնաժողովը չեղարկել է, բայց Լուսառատի ավագանին դեմ է չեղարկման որոշմանը։

Մարտի 7-ին «Հետք»-ը գրել էր, որ Լուսառատի հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողերի նպատակային նշանակությունը փոխվել է հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության, ու բլուրների տեղում այժմ պատրաստվում են հյուրանոց կառուցել: Հոդվածի հրապարակումից հետո կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել էր, որ կատեգորիան փոխելու որոշումը կվերանայվի։ Պատմական հողերի կատեգորիան փոխելու գործընթացում մեծ նշանակություն էր ունեցել ԿԳՄՍ նախարարության դրական եզրակացությունը։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը վստահեցնում է, որ հողերի կատեգորիայի փոփոխման որոշումը չեղարկելու համար դիմել են կադաստրի կոմիտե, տարածքային կառավարման նախարարություն, կազմվել է համապատասխան փաստաթղթեր և ուղարկվել Արարատի մարզպետարան։

«Գնդակը հիմա համայնքի դաշտում է: Լուսառատում պետք է գումարեն ավագանու նիստ, որոշեն հետագան, մենք արել ենք մեր հնարավորությունների սահմանում առավելագույնը»,-մեզ հետ զրույցում ասել է փոխնախարար Խաչատուրյանը։

Հողերի կատեգորիան փոխելու որոշումը միջգերատեսչական հանձնաժողովը չեղարկել է ապրիլի 13-ին մարզպետարան ուղարկված գրությամբ: Այս մասին «Հետքին» տեղեկացրին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Դեռևս մարտ ամսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրություն էր ուղարկել Արարատի մարզպետարան, որում նշված էր, որ պատմական հատուկ պահպանվող հողերի նշանակությունը փոխելու որոշումը պետք է վերանայվի, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը ևս գրություն էր ուղարկել, որին կցել էր, հնագիտական պեղումների արդյունքներ, որը վկայում էր, որ տարածքում պատմական նշանակության կոթողներ կան։ Ապրիլ ամսին պատմական հողերի կատեգորիայի փոփոխումը չեղարկող գրությունը ուղարկվել է Արարատի մարզպետարան»,- ասում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Հարցում էինք ուղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին: Մարզպետարանից մեր գրավոր հարցման պատասխանում նշված էր, որ դեռևս 2019 թվականի սեպտեմբեր ամսին, Լուսառատ համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանը մարզպետարան գրություն էր ուղարկել, որում ասվում էր, որ շահագրգիռ անձը ցանկանում է ներդրում անել ու բիզնես ծրագիր է ներկայացրել, համայնքի ղեկավարը խնդրել էր մարզպետին նախագիծը ներկայացնել համապատասխան գերատեսչություններին, որից հետո միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո փոխվել է հողի կատեգորիան։

Չնայած նրան, որ միջգերատեսչական հանձնաժողովը կատեգորիան փոխելու որոշումը չեղարկել է, քանի որ հաստատվել է, որ տարածքում կան պատմական նշանակություն ունեցող կոթողներ, Լուսառատ համայնքում դեռ կարծում են, որ  նախագիծը պետք է կյանքի կոչվի և որ այն մեծ հնարավորություններ կստեղծի համայնքի համար։

Լուսառատ համայնքում ապրիլի 8-ին կայացել է ավագանու նիստ, քննարկվել է պատմական նշանակություն ունեցող հողերի կատեգորիան փոխելու որոշումը չեղարկելու հարցը, բայց համայնքի ավագանին մերժել է այն։

Ավագանու անդամներից մի քանիսը թեմայի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նիստի ընթացքում։

«Գտնում եմ, որ ավագանին չպետք է դադարեցնի իր որոշման գործողությունը, քանի որ տվյալ տարածքը տարիներ շարունակ եղել է աղբանոց, որևէ հուշարձան այնտեղ չկա: Ներդրողը, հավատալով համայնքի ավագանու որոշմանը, հիմք ընդունելով հանրային լսման արդյուքները՝ նպատակային նշանակությունը փոխած տարածքին հարակից հողամասեր է գնել, որոնք  հետագայում պետք է եկեղեցի տանելու ճանապարհ հանդիսանան: Ով պետք է փոխհատուցի ներդրողի կողմից կատարված ծախսերը»,- նիստի ընթացքում ասել է ավագանու անդամ Մանվել Հովհաննիսյանը:

Ավագանու մեկ այլ անդամ Նարինե Մարտիրոսյանը առաջարկել է ներդրողի միջոցների հաշվին ստեղծել արշավախումբ և նպատակային նշանակությունը փոխված տարածքում իրականացնել պեղումներ։ Ավագանու անդամի կարծիքով  չպետք է անտեսվի համայնքի շահը, քանի որ ցանկացած ներդրում կնպաստի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը:

Ավագանին որոշել է հողամասի նպատակային նշանակության փոխման մասին որոշման գործողությունը չդադարեցնել և խնդրել Արարատի մարզպետին նպատակային նշանակությունը փոփոխված տարածքում ներդրողի միջոցների հաշվին՝ պեղումներ կատարելու նպատակով հարցը ներկայացնել կրթության, մշակույթի և սպորտի նախարարության քննարկմանը:

Համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանը խուսափում է հողերի շուրջ տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ հստակ բան ասել. միայն նշեց, որ հողի կատեգորիան փոխելու որոշումը չեղարկելու գործը ավագանու իրավասության սահմաններում է, իսկ ինքը կհամաձայնի այն որոշման հետ, որը կընդունի համայնքի ավագանին։

Լուսառատի ավագանու անդամ Տարոն Տերտերյանը նույնպես դեմ է հողերի նախկին կարգավիճակին վերադառնալուն։ Մեր հետ զրույցում ասել է, որ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, սակայն օրեր անց հայտնեց, որ ապրիլի 8-ին, այնուամենայնիվ, ավագանու նիստ է եղել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter