HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նա անցել է հեռավար աշխատանքի։ Այս մասին գրում է BBC-ն։ Ավելի վաղ, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևի մոտ։

«Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան աշխատում է հեռավար։ COVID-ի թեստի պատասխանը դրական է, նախարարը գտնվում է տանը, տեսակապի միջոցով անցկացնում աշխատանքային քննարկումներ, մասնակցում առցանց ֆորմատով բոլոր հանդիպումներին և բանակցություններին»,- Интерфакс-ին հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Աննա Ուսաչյովան։ Վերջինս նշում է, որ 39-ամյա նախարարը հոսպիտալացման կարիք չունի։

Ապրիլի 30-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ, որը, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հոսպիտալացվել է։ Կառավարության ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Մայիսի 1-ին էլ պարզ էր դարձել, որ կորոնավիրուսի թեստը դրական է եղել նաև քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևի մոտ։ Վերջինս որոշել է հոսպիտալացվել։ Քաղաքաշինության փոխնախարար Դմիտրի Վոլկովի կորոնավիրուսի թեստը նույնպես դրական է եղել:

Լյուբիմովան նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարին, երբ հրաժարական էր տվել Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը։ Նա լրագրող է և մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ։ 

Մայիսի 6-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 10 559 նոր դեպք։ Այդ մասին հայտնել է ՌԴ կառավարությանն առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Արդեն չորրորդ օրն է, ինչ Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 10 000-ը։ Վերջին օրվա ընթացքում մահացել է ևս 86 մարդ՝ ընդհանուր թիվը գերազանցելով 1500-ը։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter