HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գեղարքունիքում 1.8 կմ խողովակ է անհետացել․ Զոլաքարի հողերն անջրդի են դարձել

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ոռոգման համակարգից 1.8 կիլոմետր երկարությամբ խողովակաշարն անհետացել է։ Գյուղացիներն ասում են, որ այն 2016 թ.-ին ապամոնտաժել է գյուղապետ Արման Ղազարյանը, իսկ վերջինս փորձում է համոզել, որ դրանք ապամոնտաժվել են 2000 թ.-ին՝ նախկին գյուղապետի կողմից։

Զոլաքարի ոռոգման համակարգը ստեղծվել է խորհրդային տարիներին։ 2011 թ.-ին այն արդիականացվել է՝ նոր պոմպակայան է կառուցվել։ Պոմպակայանը միացվել է ոռոգման նախկին համակարգին, որն ունեցել է 8 կիլոմետր երկարություն։ Ջուրը պոմպերի միջոցով Սևանա լճից մղվել է դեպի Զոլաքար գյուղից վերև գտնվող հանդամաս և այնտեղից ինքնահոս եղանակով հոսել դեպի գյուղ՝ հնարավորություն տալով ոռոգել գյուղի հողակտորները։ Զոլաքարի բնակիչ Ատոմ Ադամյանը հիշում է, թե ինչպես էր համայնքի ղեկավար Արման Ղազարյանը գյուղում խմելու ջրագծերը մոնտաժելու ժամանակ ապամոնտաժել ոռոգման խողովակաշարը։

Այցելեցինք Զոլաքար համայնքի «Տոփեր» հանդամաս և տեսանք, թե ինչպես է խողովակաշարի ապամոնտաժված հատվածում հող լցվել, որպեսզի տեսանելի չլինի զոդված հատվածը։ «Տոփեր» հանդամասից բարձրացանք ևս 1.8 կմ դեպի սարը և տեսանք այն ջրավազանները, որտեղ ժամանակին լցվում էր ջուրը։ Այս ջրավազաններից էլ ինքնահոս եղանակով ոռոգվում էին համայնքի հողերը։ Ապամոնտաժված և անհետացած խողովակների բացակայության պայմաններում պոմպակայանի մղած ջուրը չի հասնում ջրավազաններ, և անջրդի են մնացել հողակտորները։ Ապամոնտաժված խողավակների շոշափելի խմբաքանակ տեսանք համայնքի ղեկավար Արման Ղազարյանի առանձնատան հարևանությամբ։

«Գեղարքունիք» ՋՕ–ի տնօրենն ու գյուղապետը փոխհամաձայնեցված են գործում

Զոլաքարի ոռոգման համակարգը շահագործում է «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունը, որին անհատույց փոխանցվել է համայնքին պատկանող ոռոգման խողովակաշարը։ ՋՕ ընկերության տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Համբարձումյանը ի պաշտոնե չգիտի, թե քանի կիլոմետր խողովակաշար է միացված Զոլաքարի պոմպակայանին։ Նրան մենք հարցրել էինք, թե ով է ապամոնտաժել Զոլաքարի ոռոգման համակարգի մի քանի կիլոմետրանոց խողովակաշարը։ Նա գրավոր հայտնել էր, թե իր տեղեկություններով դա ապամոնտաժվել է 2002 թ.-ին, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, և կա դատավճիռ։ Նույն բանը մեզ ասել էր նաև Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը։ ՋՕ–ի տնօրենին դիմեցինք և խնդրեցինք, որ մեզ տրամադրի Զոլաքարի ոռոգման համակարգի վերաբերյալ ՋՕԸ–ում առկա բոլոր փաստաթղթերը։ Սերգեյ Համբարձումյանն այլևս չպատասխանեց մեր նամակներին։ Այլ բան չէր մնում, քան նրան հայտնել, որ դատական կարգով ենք պատրաստվում այդ տեղեկությունները ստանալ։ Սերգեյ Համբարձումյանը դրանից հետո մեծ դժվարությամբ մեզ մի փաստաթուղթ ուղարկեց, որի համաձայն՝ ՋՕ–ի գույքը հաշվառելու ժամանակ Զոլաքարի ոռոգման խողովակաշարերը չեն չափվել, քանի որ եղանակային պայմանները վատ են եղել։ Սերգեյ Համբարձումյանը չգիտի, թե քանի կմ է եղել Զոլաքարի ոռոգման համակարգը, քանի կմ է հիմա։

Զոլաքարի գյուղապետը խողովակաշարերի անհետացումը վերագրում է նախկին գյուղապետին

Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանին գրավոր հարցումով խնդրեցինք տեղեկություններ տրամադրել ապամոնտաժված խողովակաշարի մասին։ Նա գրավոր հարցումը ստանալուց հետո շտապեց գալ Երևան և մեզ համոզել, որ այդ խողովակաշարն ապամոնտաժվել է 2000 թ.-ին, և որ մեզ մոլորեցրել են։ Արման Ղազարյանից ստացանք նախկին համայնքապետի դեմ հարուցված քրեական գործում առկա փորձաքննության եզրակացությունը։ Համաձայն այդ փաստաթղթում տեղ գտած փաստական հանգամանքների, Զոլաքարում 2000 թ.-ին ճանապարհներ են բարեկարգվել, ջրատար առուներ են կառուցվել, որի համար ապամոնտաժվել են երկաթբետոնե և ազբոցեմենտային 924 հատ կիսախողովակ, 115 գծամետր 300 մմ տրամաչափի մետաղական խողովակներ։ Նույն փաստաթղթում նաև նշված է կիսախողովակների բնութագիրը՝ ԼՌ–60 և ԼՌ–50 տիպի։ Փորձաքննության փաստաթղթում բազմաթիվ են փաստարկումները, որ ապամոնտաժվել են երկաթբետոնե կիսախողովակներ։

Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը հրաժարվեց հարցազրույց տալ տեսախցիկի առաջ։ Միայն պնդեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ոռոգման համակարգից խողովակաշար չի ապամոնտաժվել։

Գեղարքունիքի մարզում հիմնադրված «Քաղաքացիական ակտիվիստների հակակոռուպցիոն խմբի» ղեկավար Գևորգ Ներսիսյանը նախորդ տարվանից չի կարողանում «Գեղարքունիք» ՋՕ ընկերությունից և Զոլաքար համայնքի ղեկավարից ճշգրիտ տեղեկություններ ստանալ ապամոնտաժված խողովակների մասին։ «Զոլաքարի բնակչությունից բազմաթիվ տեղեկություններ ենք ստացել, որ համայնքում խողովակաշարեր են ապամոնտաժվել, և հողակտորները մնացել են անջրդի»,– ասում է Գևորգ Ներսիսյանը և հավելում, որ իշխանության վերին օղակներում չգիտեն, թե ինչեր են կատարվում ստորին օղակներում։ «Կասկածներ կան, բաներ ենք ասում, թող հետևեն, ԱԱԾ կա, դատախազություն կա, Կառավարություն կա»,- ընդգծում է Գևորգ Ներսիսյանը։

տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (2)

Հայկ
Նմանատիպ դեպքեր ցանկացած մարզում տեղի է ունեցել։Եթե մեր ԱԱԾ_ն լինի հետեւողական եւ միքիչ աշխատասիրություն ցուցաբերի,ապա համայնքների բյուջեները մի որոշ կլորիկ գումարով կավելանա։
Գեւորգ
Որքան հիշում ենք, կոմունիստների օրոք Սեւանի շուրջը կառուցվում էր կեղտաջրերի հավաքման ընդհանուր կոլեկտոր, մեծ տրամագծի խողովակաշարով: Հետո հայտնի դարձավ, որ այդ վիթխարի խողովակաշարը ապամոնտաժվել ու յուրացվել է՝ անկախ պետականության տարիներին: Դրա համեմատ Զոլաքարի դեպքը մանր գողություն է երեւում: Գուցե ,,ՀԵՏՔԸ,, տեղյակ է նաեւ այս դեպքերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter