
Ալեն Սիմոնյանի համոզմամբ` Սասուն Միքայելյանը մանդատը չպիտի վայր դնի
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ խորհրդարանում տեղի ունեցած այսօրվա ծեծկռտուքից հետո որևէ պատգամավոր մանդատը չպետք է վայր դնի, իսկ եթե որևէ մեկն, այնուամենայնիվ, պետք է մանդատը վայր դնի, ապա միայն Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
«Ոչ մեկ չպետք է մանդատը վայր դնի, Սասուն Միքայելյանն ընտրություններում ամենաշատ քվեն է ստացել, Սասուն Միքայելյանին վստահության հարցը պետք է տա ընտրողը մյուս ընտրություններում: Էդմոն Մարուքյանն Անի Սամսոնյանի հետ կարող է մանդատը վայր դնել` սադրանքներ կազմակերպելու և սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակի համոզմամբ` Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը պետք է քաղաքացիներից ու իրենից ներողություն խնդրեն օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի համար:
Խոսելով իր և Էդմոն Մարուքյանի վիճաբանության մասին Սիմոնյանն ասաց.
«Իմ ելույթը նայեք, որևիցե վիրավորական բառ չի հնչել, բայց էդ մարդը տեղից սեռական հայհոյանք է հնչեցրել, ուզում եք ասել` էդ ամեն ինչը կապ չունի՞…Այո, կապ ունի, էդ մարդը չի կարողանում քաղաքական առումով իր ասելիքը ասել: Կարծում եմ` էդ մարդու վրա վերջին դեպքերի հետ կապված մեծ ճնշումներ կան նախկին իշխանության մնացորդներից»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ Ալեն Սիմոնյանի` դեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի ընդունումից հետո Էդմոն Մարուքյանը սադրանքների շարք է սկսել.
«Մարդը չի քվեարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագծին, քվեակում է Սերժ Սարգսյանի կառավարությունների ծրագրերին ու բյուջեին, չի քվեարկում մեր բյուջեին… Սա ընդամենը կազմակերպված սադրանք է եղել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը չնայած դատապարտեց բռնությունը` որակելով այն անընդունելի, սակայն կրկնեց` մանդատը վայր դնելու հարց չպետք է քննարկվի: Ասում է` քաղաքական մեծամասնության մեղքի բաժինն այն է, որ սադրանքներին են տրվել:
Մեկնաբանել