HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, ես չեմ կարող անվանել»

«Ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը` ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ` իր բոլոր դրսևորումներով»,- այսպես սկսեց իր ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Փաշինյանն ընդգծեց` բռնությունը կարող է լինել ոչ միայն ֆիզիկական, այլև` բարոյական, հոգեբանական:

«Արդեն երկու տարի հեղափոխական թիմը հետևողականորեն ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց քաղաքական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ, և այս ամենը ունի մեկ նպատակ` խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»,- ասաց նա:

Փաշինյանը պատմեց, որ երեկ Էդմոն Մարուքյանն իրեն հրավիրել է աշխատասենյակ` սուրճ խմելու, որի ընթացքում Փաշինյանը բարձրաձայնել է իր կասկածների մասին:

«Ես ընդունել եմ իր հրավերը, իջել եմ իմ նախկին աշխատասենյակ, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում և ուղիղ ասել եմ` այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և Ձեր գործողություններն այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն եք»,- ասաց նա:

Փաշինյանը հարց հնչեցրեց, թե ինչու է Մարուքյանն ընդհատել իր ելույթը, հեռու գնացել ամբիոնից և մոտեցել Սասուն Միքայելյանին, մի՞թե քաղաքական երկխոսություն ծավալելու նպատակով:

«Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել, մանավանդ` այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո, բայց դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների: Իմ եղբորը, իմ ընկերոջը դատապարտում եմ սադրանքների տրվելու համար, մենք իրավունք չունենք սադրանքերի տրվելու: Մեզ ամեն օր փորձում են շեղել մեր արժեքներից: Էս ամբիոնից էր այդ մարդը ասում` մեզ պադեզդներում ծեծելու եք, նրանք մեզ ուզում են դարձնել պադեզդներում ծեծողներ, ուզում են մեզ հանել հավասարակշռությունից, շեղել արժեքներից»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի գնահատմամբ` այսօրվա միջադեպը հեղափոխության ամենամեծ պարտությունն է:

«Ես դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ինձ, համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց որևէ մեկը թող հուսավառվի: Այո, էս ամեն ինչը կապ ունի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի, բազմաթիվ քրեական գործերի հետ, որովհետև երբ էդ գողացած միջոցները վերադարձվեն, բա որտեղից են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով`ըստ Քրեական օրենսգրքի` կաշառքը համարվում է հանցագործություն, սակայն նաև առանձին հանցագործություն է կաշառքի սադրանքը:

«Սա է իմ գնահատականը տեղի ունեցած միջադեպին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter