HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանավորումը

Ռոբերտ Քոչարյանի  գործով  դատախազներն այսօր առարկեցին Քոչարյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունների դեմ։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել Քոչարյանին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի, Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, ինչպես նաև գրավով փոխարինելու վերաբերյալ։ Գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանն ու մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյան վերը նշված միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնեցին բոլոր միջնորդությունները լսելուց հետո։

Պաշտպան Հայկ Ալումյանը դատական նիստի մեկնարկին ասել է, որ դատաքննության ողջ ժամանակահատվածում տեղի է ունեցել դատական 22 նիստ, որոնցից միայն մեկն է, որ հետաձգվել է պաշտպանների չներկայանալու պատճառով։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը խոսքի սկզբում նախ այս հանգամանքին անդրադարձավ՝ հայտնելով, որ հանրությանն ու դատավարության կողմերին տրամադրված այս տեղեկությունը սխալ է։

 Պետրոսյանը նշեց, որ մի քանի դատական նիստեր ամբաստանյալների պաշտպանների դրսևորած վարքագծի պատճառով տեղի չեն ունեցել և մասնավորեցրեց, որ խոսքը հունվարի 17-ի, 24-ի, փետրվարի 4-ի դատական նիստերի մասին է։ Դատախազը նաև հիշեցրեց, որ մեկ դատական նիստ տեղի չի ունեցել ամբաստանյալ Քոչարյանի առողջական խնդիրների պատճառով։

Ըստ դատախազի՝ իրականությունն այն է, որ պաշտպանության կողմի որդեգրած վարքագիծն է գործի քննությունը ձգձգում։

Պետրոսյանը նշեց, որ գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը երբ ցանկացել, երբ նման հնարավորություն է ունեցել, ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ։

Ըստ դատախազի՝ դատարանը պատճաշ քննարկել է պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունները, դրանք քննության ընթացքում իրենց՝ դատախազները բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումը՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։ Նշենք, որ դատախազության դիրքորոշումն այն է, որ միայն կալանավորումը կարող է ապահովել Քոչարյանի պատշաճ վարքագիծը։

«Մենք պետք է քննության առարկա դարձնենք ոչ միայն խոչընդոտելու, այլև թաքնվելու հիմքը, որի վերաբերյալ մեր հիմնավորումները բազմիցս բերել ենք»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։

Վերջինս  նշեց, որ դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել անձինք, չի կատարվել որևէ դատավարական գործողություն, որը թույլ կտա պնդել, որ գործի ընթացքին խոչընդոտելու ռիսկը նվազել է։ Ավելին, Պետրոսյանը համարում է, որ խոչընդոտելու ռիսկը ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է։ Որպես հիմնավորում դատախազը վկայակոչեց  «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը, որը մեղադրական եզրակացությումբ դատարանում է։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, վերը նշված անձինք փորձել են 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործերով անցնող տուժողների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրել։ Նշենք, որ դատախազի մատնանշած գործով դեռևս մեկ դատական նիստ է տեղի ունեցել, ըստ որում՝ դատավորը որոշել է  դրա վարույթը փոխանցել մեկ այլ դատավորի։

Անդրադառնալով Հայաստանում համավարակի տարածմամբ պայմանավորված Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հանգամանքին՝ Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց, որ պաշտպանները համավարակի համատեքստում միջազգային կառույցների մի քանի փաստաթղթերի հղումներ կատարեցին։ Դատախազը շեշտեց, որ չկա որևէ միջազգային փաստաթուղթ, որում ուղիղ մատնանշում կա այն մասին, որ պետությունները պարտավոր են խոցելի խմբում գտնվող անձանց միայն կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով ազատ արձակել՝ առանց խափանման միջոցի կիրառելու անհրաժեշտությունը գնահատելու։

Պետրոսյանը նշեց, որ դատախազությունը թեև միջնորդություններ է ներկայացրել՝  կորոնավիրուսի համավարակի պատճառով խոցելի խմբում գտնվող որոշ անձանց նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բայց իրենց դիրքորոշումն այն է, որ այս անձանց նկատմամբ նման խափանման միջոց կիրառելու հնարավորությունը պետք է քննարկվի նրանց պատշաճ վարքագծի համատեքստում:

Այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը  շեշտադրեց այն հանգամանքը, որ Շուշիի ազատագրման օրն է։ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց առաջ դատախազ Գևորգ Բաղդասարյանը հարկ համարեց անդրադառնալ դրան։

«Այստեղ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար չէ նստած»,- ասաց Բաղդասարյանը։ Դա բարկացրեց ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին, նա ինչ- որ բան ասաց, ապա, Բաղդասարյանն ընդհատեց խոսքն ու խիստ դեմքով նայեց դեպի ամբաստանյալների կողմ։

«Էդ ո՞նց ես ինձ նայում»,- շարունակեց Յուրի Խաչատուրովը։

«Ընդամենն ինձ ընդհատել չի կարելի, ես չեմ ընդհատում»,- պատասխանեց Գևորգ Բաղդասարյանն ու շարունակեց խոսքը։

Բաղդասարյանը ևս ընդգծեց, որ դատաքննության ողջ ընթացքում քննարկել են գրեթե նույն միջնորդությունները․ պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ, ապա դրանց վերաբերյալ կայացված որոշումներից դժգոհ մնալով՝  դատավորին ինքնաբացարկների ու դատախազներին՝ բացարկների միջնորդություններ են ներկայացրել։

«Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը չի կարելի քննարկել ապրիորի, վերացական, ուղղակի նշելով, թե այս ամսաթվից այն ամասթիվը որքան ժամանակ է անցել։ Այո, ժամանակն անցել է, բայց դա ոչ ոք չի կարող կանգնեցնել, որքան էլ անհիմն և կրկնվող միջնորդություններ ներկայացնի պաշտպանական կողմը»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ ամբաստանյալ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց «կալանք» է կիրառվել՝ նրա կողմից գործի քննության վրա ազդեցության ռիսկը չեզոքացնելու նպատակով։

 «Այդ նպատակը չի իրացվում այն պարզ պատճառով, որ ես հնարավորություն չեմ ունենում դատական նիստերի դահլիճում հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, իսկ մենք այստեղ երկար ժամանակ այսօր լսում ենք, որ անցել է երկար ժամանակ, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Վերջինս ևս խոսեց այն մասին, որ գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերն աճել են։

«2020 թվականի մարտի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործ է ուղարկվել Քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից սույն գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով, ընդ որում՝ անուններ չեմ ուզում տալ անմեղության կանխավարկածի քննարկումներից զերծ մնալու համար, բայց նշեմ, որ գործով ուղիղ տվյալներ կան այն մասին, որ դատի տրված անձինք ուղիղ շփումներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի և  գրասենյակի ղեկավարի հետ, և սա այն դեպքում, երբ դատարանում անընդհատ լսում ենք, թե ռիսկը նվազել է, ռիսկը չի նվազել, 2020 թվականի մարտի 18-ի դրությամբ հիմնավոր կասկածի՝ նվազագույն շեմի սահմաններում այդ ռիսկը աճել է»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Քոչարյանին ազատ արձակելու հանգամանքին՝  Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանների խոսքից կարելի է կարծիք կազմել, թե կորոնավիրուսը միայն քրեակատարողական հիմնարկներում է, իսկ ազատության մեջ այն գոյություն չունի։ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ ազատության մեջ վարակման ռիսկերն ավելի շատ են, քան ցանկացած մեկուսացման պայմաններում։

Բաղդասարյանը խոսեց նաև Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ի զեկույցի մասին,  որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց իրավունքներին։ Այս զեկույցում նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ըստ զեկույցի, վերը նշված մոտեցումը առաջնահերթ է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության, շփումների դեպքում։

Այսպիսով, ըստ դատախազների՝ միջնորդություններն անհիմն են և ենթակա մերժման։

Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունների դեմ առարկեց նաև տուժող կողմը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կասկածի տակ դրեց Քոչարյանի համար երաշխավորություն տված  անձանց հեղինակությունը։

Քոչարյանն ազատ կարձակվի, թե ոչ, պարզ կլինի մայիսի 13-ին, երբ դատարանը կվերադառնա խորհրդակցական սենյակից և կհրապարակի որոշումը։

Լուսանկարում՝ ձախից՝ Պետրոս Պետրոսյանը, Գևորգ Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter