HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` նրան ազատ արձակելու միջնորդություններ ներկայացրին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստի ընթացքում նրան անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունից հետո մեկ այլ միջնորդություն ներկայացրին՝ նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպաններն այս միջնորդության հիմքում, ի թիվս այլ հանգամանքների, դրեցին Հայաստանում տարածված կորոնավիրուսի համավարակը։

Միջնորդությունը գրավոր տեսքով դատարան է ներկայացվել ապրիլի 17-ին՝ այն օրը, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատությունից հետո առաջին անգամ եկել էր աշխատանքի։ Հիշեցնենք, որ նույն օրը դատավորը նորից արձակուրդ էր վերցրել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից «Հետք»-ի հետ զրույցում հայտնել են, որ արձակուրդը պայմանավորված է դատավորի մոտ առաջացած հետվիրահատական բարդություններով։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը նշեց, որ միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 1201 էր, կորոնավիրուսից մահացածների թիվը՝ 19։ Այսօր վարակվածների թիվը հասել է 3029-ի, իսկ մահվան դեպքերը 42 են։

Այս վիճակագրական տվյալները պաշտպանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածվածության վիճակը ցույց տալու համար։ Վարդևանյանը նշեց, որ վերջերս հարցում է կատարել Արդարադատության նախարարություն ու պարզել, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կալանավորի կարգավիճակում 65 տարեկանից բարձր 8 անձ կա, ապրիլի 28-ի դրությամբ՝  հինգ կալանավորից վերցվել է կորոնավիրուսի թեստ։ Պաշտպանը նշեց, որ բոլորի համար պարզ է՝  Հայաստանում թեստ վերցնում են վարակի ախտանիշների առկայության դեպքում, հայտնեց նաև, որ այս ընթացքում եղել է մեկուսարանում, այնտեղ չեն պահպանվում այն նորմերը, որոնք համավարակի պայմաններում սահմանել է Առողջապահության նախարարությունը։

Կալանավայրում անվտանգության պայմաններին անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս կարծիք հայտնեց, որ թեև քրեակատարողական հիմնարկի անձնակազմը փորձում է կարանտինային պայմանները պահպանել՝ ձեռնոցներ, դիմակներ կրելով, շենքային պայմանները պարզապես հնարավորություն չեն տալիս պահպանելու անվտանգության կանոնները, որ դրա մասին խոսելն անգամ անիմաստ է։

Քոչարյանը նշեց նաև, որ ՔԿՀ ծառայողները սովորաբար աշխատում են մեկ օր և երեք օր ազատ են, ոչ ոք չի կարող վերահսկել, թե աշխատանքային օրվանից դուրս նրանք ինչով են զբաղվում։

«Անձնակազմի 90 տոկոսը երիտասարդ է, սա նշանակում է, որ նրանցից 50 տոկոսի վարակվելու դեպքում ասիմպտոմ է լինելու, չի երևալու, և մարդը կարող է աշխատել՝ լինելով վարակակիր: Ես երկար ժամանակ եմ արդեն այնտեղ, կարող եմ ասել, որ այդ 90 տոկոսի տարիքը միջինում 22-23-ից մինչև 35-ն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց նաև, որ խցում իր ցանկությամբ այժմ մենակ է, բայց, միևնույն է, անձնակազմի հետ շփում կա։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կալանավորների համար ուտելիքը բերվում է մասնավոր ընկերության կողմից, այսինքն՝ օրը երեք անգամ դրսից որևէ մեկը սնունդ է բերում և, ըստ էության, նշեց, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ այս ամենն անվտանգ է։

Ինչպես հայտնի է, Քոչարյանը վերջին շրջանում, պայմանավորված առողջական խնդիրներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն ընդգծեց, որ հիվանդանոցում գտնվելու պայմաններում նույնպես Քոչարյանի՝ վարակվելուց զերծ մնալու հանգամանքը երաշխավորված չէ։ Նրա խոսքը շարունակեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիվանդանոցում գտնվող կալանավորների նկատմամբ հսկողություն է սահմանվում։ Քոչարյանը հայտնեց, որ իր սենյակում մշտապես հսկողություն իրականացնող անձինք կան, որոնք հերթափոխով են աշխատում։

«Իմ շփման մակերեսը շատ մեծ է՝ մոտ 70 մարդ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը, կարծես, հանրակացարանում ապրելիս լինի։

«Եթե սա նորմալ է, ուրեմն թող այսպես մնա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Պաշտպան Արամ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, պետք է ուշադրություն դարձնի նաև Մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարություններին ու առաջարկություններին՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների հանձնակատարը հորդորում է ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց։

Վարդևանյանը նշեց, որ ինքը գլխավոր դատախազին ուղղված գրությամբ խնդրել է Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստ նախաձեռնել, սակայն դատախազությունից ի պատասխան գրության հայտնել են, որ այն ամենն, ինչ ասվում է կորոնավիրուսի համավարակի համատեքստում, Քոչարյանի նկատմամբ կիրառելի չէ։

Վարդևանյանը հիշեցրեց, որ դատախազոթյունն ինքն է գործընթաց սկսել և մի շարք անձանց խափանման միջոցները կալանավորման հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդություններ ներկայացրել դատարան։

Խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն ներկայացրեց նաև փաստաբան Հայկ Ալումյանը։ Այս միջնորդության մեջ ևս հղում էր կատարված կորոնավիրուսի համավարակի տարածման հանգամանքներին, նշված, որ Քոչարյանը 66 տարեկան է, ունի սրտանոթային խնդիրներ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը առկա են դատարանի վարույթում։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 13-ին: 

Այսօրվա նիստի ֆոտոպատմություն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter