HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորային բանկի փաստաթղթերը բացահայտել են «Գոլդեն Փելիսի» սեփականատերերի գործարքները. ԱԱԾ-ն հյուրանոցի դիմաց կարճել է քրգործը

ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով անցնող մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցային բիզնեսի համար օգտագործել է օֆշորային բանկային հաշիվներ: Սա ապացուցվում է Կայմանյան ազգային բանկից (Cayman National Bank) արտահոսած եւ «Հետքի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով: Հետաքրքիր են հատկապես այդ հաշիվներով արված տրանսֆերտներն ու հաշիվների փակվելու պատմությունը: Մենք նաեւ պարզել ենք, որ ԱԱԾ-ն տեղեկություններ չի ունեցել Ավետիսյանի՝ կայմանյան բանկում պահվող գումարների մասին:  

Անցյալ տարվա աշնանը Phineas Fisher (HackBack) անունով ներկայացող հաքերը համացանցում տեղադրել էր ավելի քան 2 տերաբայթ ծավալով բանկային ինֆորմացիա: «Cayman National Corporation»-ը (ներառում է ընկերություններ Կայմաններում, Մեն Կղզում, Դուբայում) հայտարարել էր, որ արտահոսք է եղել իրեն ենթակա 2 ընկերություններից՝ Մեն Կղզում գտնվող «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ից եւ «Cayman National Trust Company (Isle of Man) Limited»-ից: Հասանելի է դարձել 1400 հաճախորդի բանկային ինֆորմացիա 3800 հաշիվներից: «Հետքն» իր գործընկեր OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) հետ համատեղ ուսումնասիրել է մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի վերաբերյալ արտահոսած փաստաթղթերն ու ուշագրավ բացահայտումներ է արել:    

Այն բանից հետո, երբ մարտի 1-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվեց, վարակված քաղաքացին եւ նրա հետ շփում ունեցած անձինք մեկուսացվեցին: Շատ չանցած հայտնի դարձավ, որ կարանտինի մեջ գտնվող անձանց տրամադրվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը (պարետատնից տեղեկացել ենք, որ ներկայում այն դատարկ է): Այն, որ հարուստ երկրի համբավ չունեցող Հայաստանը 5-աստղանի հյուրանոցը դարձրել է կարանտինային գոտի, լույսի արագությամբ տարածվեց համացանցում, այդ թվում՝ օտարալեզու կայքերում:

Կառավարությունը դժվար թե նման շքեղություն իրեն թույլ տար, եթե հյուրանոցը պատկաներ մասնավորի, ով ծառայությունների համար հավանաբար հսկայական գումար կպահանջեր: 2013-ի մարտին բացված «Գոլդեն Փելիսը» 2019-ի սեպտեմբերից պատկանում է պետությանը, որը ներկայում փորձում է այն օտարել աճուրդի միջոցով: Մինչ այդ համալիրը պատկանել է մաքսային պետական կոմիտեի նախկին (2001-2008 թթ.) նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին:

Արժե հիշեցնել, որ Ավետիսյանը հենց հյուրանոցային բիզնես վարելու հանգամանքով հայտնվեց քրեական գործի առանցքում:

Քրգործ՝ ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու եւ փողերի լվացման հիմքով

2018-ի հոկտեմբերի 11-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հարուցվել է քրգործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ: Քրգործը, ինչպես հետո տեղեկացել է «Հետքը», հարուցվել էր հոկտեմբերի 6-ին:

Ըստ ԱԱԾ-ի՝ Ա. Ավետիսյանը, 2001 թ.-ից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» (Golden Palace Hotel) հյուրանոցային համալիրի կառուցումը (կարճ ասած՝ պաշտոնյա համարվող Ավետիսյանն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրությամբ): Իր եւ մյուսների մասնակցությունը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է օֆշորային Կիպրոսում հիմնադրված «Riverhill Holdings Limited»-ին՝ հանրությանն այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր դոլարները օտարեկրյա ներդրում են Հայաստանում: Արմեն Ավետիսյանն, ԱԱԾ-ի փոխանցմամբ, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաեւ նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:  

«Օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թ. հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որեւէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացի, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն»,- հայտարարել էր ԱԱԾ-ն: Բացմանը մասնակցել էր այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նշել էր, թե հյուրանոցի բացումը վկայում է օտարեկրյա ներդրողների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության մասին: ԱԱԾ-ն նաեւ հայտնել էր, որ 2010-2012 թթ. կիպրական «Riverhill Holdings Limited»-ի անունից Ծաղկաձորում կառուցվել է երկրորդ «Գոլդեն Փելիսը» (Golden Palace Hotel Resort & Spa GL), որը, ինչպես նշեցինք, բացվել է 2013-ի մարտին, այս անգամ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ (լուսանկարում):

Մի փոքր առաջ անցնելով՝ նկատենք, որ երեւանյան «Գոլդեն Փելիսը» 2015-ին կառավարման է հանձնվել «Carlson Rezidor Hotel Group»-ին (ներկայում՝ «Radisson Hotel Group»), որը մի շարք հայտնի հյուրանոցային ցանցերի շահագործող է: Ավետիսյանների հյուրանոցը մտցվել է «Radisson Blu» ցանցի մեջ՝ դառնալով «Radisson Blu Hotel Yerevan»:

Այդուհանդերձ, ըստ էկոնոմիկայի նախարարության, այս հյուրանոցի շահագործողը շարունակում է մնալ Ավետիսյաններին պատկանող ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն, որին դեռ կանդրադառնանք: Սա նշանակում է, որ հյուրանոցը ֆրենչայզինգի հիմունքներով է կրում «Radisson Blu» հայտնի ապրանքանիշը:  

ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2012-ին «Riverhill Holdings Limited»-ի փոխարեն երեւանյան ու ծաղկաձորյան հյուրանոցների սեփականատեր է դարձել Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Golden Group Limited»-ը, որի 100 տոկոս սեփականատերը եղել է Ա. Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Այս ինֆորմացիան մասամբ սխալ է, ինչին կանդրադառնանք ստորեւ:

Ըստ իրավապահ կառույցի՝ 2018-ին հայր եւ որդի Ավետիսյանների կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը (Golden Palace Hotel Yerevan), սակայն վերջինիս կայքում ասվում է, որ այն բացվել է 2017-ի տարեվերջին:

ԱԱԾ-ն նաեւ նշել էր, որ Ավետիսյանների 3 հյուրանոցների ընդհանուր շուկայական արժեքը 2016-ին գնահատվել է շուրջ 90 մլն դոլար՝ հավելելով, որ քրգործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ անհետաձգելի քննչական գործողություններ՝ հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին եւ հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ:

Մաքսայինի նախկին ղեկավարին, ըստ էության, լավ բան չէր սպասվում, եթե հաշվի առնենք քրգործի հիմքում դրված հոդվածներով նախատեսված պատժի խստությունը: Ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելը պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Իսկ առանձնապես խոշոր չափերով (10 մլն դրամը գերազանցող) փողերի լվացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավետիսյանները նվիրեցին հյուրանոցը, ԱԱԾ-ն էլ կարճեց գործը

Այդուհանդերձ, բանը չհասավ դատ ու դատաստանի, ինչին նպաստեց Ավետիսյանների քայլը: ԱԱԾ-ի հաղորդագրությունից շաբաթներ անց՝ 2018-ի նոյեմբերին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ավետիսյանները պատրաստակամություն են հայտնել ծաղկաձորյան հյուրանոցը նվիրել պետությանը: Գույքի հավանական ընդունող պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն իր հերթին նշեց, թե անհրաժեշտ է ԱԱԾ-ի եզրակացությունը, քանզի չի բացառվում, որ գույքն ապօրինի է ձեռք բերվել, եւ այդ դեպքում ճիշտ չէ այն իբրեւ նվեր ընդունելը: Մյուս կողմից, սակայն, Բաբայանը ասել էր, թե քաղաքական որոշում կայացնողը կառավարությունն է, որը կարող է հաշվի առնել կամ չառնել այդ եզրակացությունը: 2019-ի ամռանը շրջանառության մեջ դրվեց կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում էր ընդունել Ավետիսյանների նվեր հյուրանոցը: Ն. Բաբայանը լրագրողներին հայտնել էր, թե նվերն ընդունելու հարցում իրավական խնդիր չկա: 2019-ի սեպտեմբերին գործադիրն ընդունեց նվիրատվությունը:

Մինչ այդ հյուրանոցի շուկայական արժեքը գնահատվել էր 7.535.889.000 դրամ կամ 15,8 մլն դոլար: Այժմ պետգույքի կառավարման կոմիտեն փորձում է աճուրդով վաճառել այն, սակայն դեռ չի ստացվում: Կոմիտեի հայտարարած առաջին երկու աճուրդները չեն կայացել մասնակից չլինելու պատճառով: Բաբայանը նշել է, որ անցկացվելու են եւս երկուսը, ինչպես որոշել է կառավարությունը: Եթե այդ դեպքում էլ չհաջողվի օտարել հյուրանոցը, ապա կա՛մ աճուրդները կշարունակվեն, կա՛մ գույքը կտրվի հավատարմագրային կառավարման: Երկրորդ աճուրդում հյուրանոցի մեկնարկային գինը 7.150.134.910 դրամ էր: Հերթական աճուրդում այն 5 տոկոսով ավելի էժան կլինի:        

Այն բանից հետո, երբ 2019-ի սեպտեմբերին կառավարությունն ընդունեց հյուրանոցն իբրեւ նվեր, հոկտեմբերին ԱԱԾ-ն Արմեն Ավետիսյանի հանդեպ քրեական գործը կարճեց: Գլխավոր դատախազությունն իրավիճակը «Հետքին» պարզաբանել էր այսպես. «31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական գործի վարույթը կարճելու եւ Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում) նախատեսված հանցանք կատարելու համար՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՔՕ 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանցանք կատարելու համար՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»: Այսինքն՝ նախաքննությունը եկել էր հետեւության, որ Ավետիսյանը փողեր չի լվացել, ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու հիմքով էլ չի կարող պատժվել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է: Ավելին՝ դատախազությունը «Հետքին» հայտնել էր, որ նախկին պաշտոնյան ամբողջ նախաքննության ընթացքում ունեցել է վկայի կարգավիճակ, իսկ գործում մեղադրյալի կարգավիճակ ստացած անձ առհասարակ չի եղել:

Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու է Ավետիսյանը 5-աստղանի հյուրանոցը նվիրել պետությանը, միեւնույնն է՝ չէր դատվելու: Բայց այն փաստը, որ ԱԱԾ-ն մեկ տարի քննել է գործն ու դրա վարույթը կարճել միայն այս նվիրատվությունից շաբաթներ անց, արդեն իսկ տրամաբանական կասկածներ է հարուցում: Տպավորություն է ստեղծվում, որ նախաքննական մարմնի ու Ավետիսյանի միջեւ տեղի է ունեցել, այսպես ասած, գործարք՝ քրգործի կարճում «մուծվելու» դիմաց: Եվ դա ամրագրվել է կառավարության մակարդակով (գուցե եւ անմիջական կարգադրությամբ), որն ընդունել է նվեր հյուրանոցը:  

Չնայած գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն հայտարարել են, որ փողերի լվացման հանցակազմ չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 6-ին ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց. «Ժամանակին շատ մեծ, աղմկոտ եւ հաջող օտարերկրյա ներդրում եղավ, որի արդյունքում Հայաստանում ստեղծվեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: Իսկ հետո ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ էդ գույքը առնվազն Ծաղկաձորի մասով Հայաստանի Հանրապետության սեփականությունն ա եւ առգրավվել ա, «նվիրաբերվել ա» որպես կոռուպցիոն գույք»: Ի՞նչ կոռուպցիոն գույքի մասին է խոսում վարչապետը, եթե դրա սեփականատերն, ըստ նախաքննության, հանցավոր ճանապարհով ստացված գույք (գումար) չի օրինականացրել, այլ կերպ ասած՝ փող չի լվացել: Բարձր ամբիոնից երկրի գործադիր ղեկավարը պաշտոնապես հայտարարում է կոռուպցիոն գույքի առգրավման մասին: Առգրավում ի՞նչ իրավական հիմքով, պարոն Փաշինյան. Ձեզ ենթակա ԱԱԾ-ն որեւէ հիմք չի կարողացել գտնել կամ, ավելի հավանական է, չի ուզել: Այս ամենի պատասխանը մեկն է. վարչապետի խոսքերը կարող ենք համարել վերը նշված գործարքի խոստովանություն: Գործարք, որը չունի իրավական հիմք:

Ամփոփենք վերը ներկայացվածը. Ավետիսյանների 3 հյուրանոցներից երեւանյան «Գոլդեն Փելիսն» այժմ կոչվում է «Radisson Blu Hotel Yerevan», չնայած շարունակվում է շահագործումը նրանց կողմից: Ծաղկաձորյան «Գոլդեն Փելիսը» պատկանում է պետությանը, որը փորձում է օտարել այն, Հյուսիսային պողոտայում գտնվող երրորդ հյուրանոցը (Golden Palace Hotel Yerevan) եւս կառավարում է նախկին պաշտոնյայի ընտանիքը:

Հիմա մի փոքր հետ գնանք ու տեսնենք, թե դե յուրե ովքեր են գրանցվել այս հյուրանոցների սեփականատեր, եւ ինչպես են դրանք կառավարվում:

Հյուրանոցների օֆշորային սեփականատերերն ու դրանց հիմնադիրները

Ավետիսյանների հյուրանոցային բիզնեսի անմիջական սեփականատերը ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն է: Ընկերությունը ստեղծվել է 2000 թ. նոյեմբերին երեւանցիներ Արայիկ Հայրապետյանի եւ Տիգրան Առաքելյանի կողմից: Նախապես գրանցված է եղել Հայրապետյանի բնակության հասցեում՝ Մաշտոցի պողոտայում: 2004-ի օգոստոսին երկու հիմնադիրներն իրենց տեղը զիջել են կիպրական «Riverhill Holdings Limited»-ին, որի օրոք էլ՝ 2005-ին, տեղի է ունեցել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացումը Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում:

«Riverhill Holdings Limited»

Հյուրանոցի բացումից հետո մամուլը գրեց, որ դրա իրական սեփականատերը տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ (պաշտոնավարում էր 2002-ի դեկտեմբերից) Հայկ Ճշմարիտյանն է: Տեղեկությունը ճիշտ էր, ինչի հետեւանքով 2005-ի հուլիսին նա հրաժարական տվեց եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ազատվեց պաշտոնից:

Հրաժարականից հետո Ճշմարիտյանը լրագրողներին հայտնել էր, որ հյուրանոցը կիպրական «Riverhill Holdings Limited» ընկերության սեփականությունն է, սակայն ինքը եւս հյուրանոցում որոշակի բաժնեմաս ունի: Ըստ այդմ՝ ինքը բաժնեմասը ձեռք է բերել նաեւ այն նպատակով, որ իր մասնակցությամբ կիպրոսյան գործընկերների մոտ ամրապնդի վստահությունը ՀՀ-ի նկատմամբ խոշոր ներդրումներ կատարելու հարցում: Ճշմարիտյանը նշել էր, թե ինքը 1980-ական թթ.-ից գործարարությամբ է զբավում Հայաստանում, Ռուսաստանում եւ Հունաստանում, հյուրանոցային բիզնեսն իրեն հոգեհարազատ է, ու այսուհետ ինքը կզբաղվի միայն այդ գործով՝ միաժամանակ նպաստելով Հայաստանում ներդրումային դաշտի զարգացմանը: Անդրադառնալով լուրերին, թե տեղական կապիտալը ներկայացնելով որպես արտասահմանյան ներդրում, գործարարները փորձել են 5 տարով ազատվել հարկերից՝ Ճշմարիտյանն ասել էր, թե եթե խոսքն իր բաժնեմասին է վերաբերում, ապա դրա ծագումը եւս արտասահմանյան է:

Իսկ իրականությունն այն էր, որ հյուրանոցը (««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն) այդ ժամանակ իրավաբանորեն ամբողջությամբ պատկանում էր կիպրական ընկերությանը, որի միակ սեփականատերը հենց նախկին փոխնախարարն էր, այսինքն՝ կիպրոսցի գործընկեր գոյություն չուներ, դա հեքիաթ էր: Մյուս կողմից՝ ստեփանավանցի Հայկ Յուրիի Ճշմարիտյանը Արմեն Ավետիսյանի կնոջ՝ Լուսինե Ճշմարիտյանի հարազատ եղբայրն է, այսինքն՝ կարելի է ասել, որ նրա անվան տակ պետք էր ընկալել հենց մաքսայինի ղեկավարին:

«Riverhill Holdings Limited»-ը ստեղծվել է 2000 թ. նոյեմբերին կիպրական Լիմասոլ քաղաքում: Սկզբնական սեփականատերերը տեղական 2 ընկերություններ էին, որոնց 2002-ի սեպտեմբերին իբրեւ միակ փայատեր փոխարինել է Հայկ Ճշմարիտյանը, ով նաեւ «Riverhill Holdings»-ի տնօրենն է մինչ օրս: 2003-2010 թթ. տնօրեններ են եղել նաեւ ստեփանավանցի Նունե Ներկարարյանը, երեւանցի Արշալույս Գասպարյանը, մոսկվացի Տատյանա Լոգուան, երեւանցի Արամազդ Դեմիրխանյանը: 

Չի բացառվում, որ «Riverhill Holdings Limited»-ը մոտ ապագայում լուծարվի: Կիպրական օրենսդրությամբ՝ տարեկան հաշվետվություններ չներկայացնելու դեպքում ընկերությունները պետռեգիստրից ստանում են ծանուցում, չկատարելու դեպքում՝ եւս մեկը, որից հետո հայտարարվում է պետռեգիստրի կողմից ընկերությունը լուծարելու մտադրության մասին, իսկ որոշ ժամանակ անց ընկերությունը հանվում/ջնջվում է ռեգիստրից (strike off) ու լուծարվում (dissolution): Կիպրոսի ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Riverhill Holdings»-ին այս տարվա հունվարին ծանուցում է ուղարկվել:    

«Riverhill Holdings»-ը Հայկ Ճշմարիտյանի միակ արտասահմանյան ընկերությունը չէ: Նա մասնակցություն ունի կիպրական «Hayk Y. Tshshmarityan & Son Limited» (գրանցվել է 2007 թ.) եւ «Elinet Enterprises Limited» (2004 թ.) ընկերություններում, որոնցից երկրորդը Մեծ Բրիտանիայում 2002 թ. գրանցված նույնանուն, սակայն ներկայում չգործող ընկերության ներկայացուցչությունն է:  

Ինչ վերաբերում է «Riverhill Holdings»-ին, ապա այս ընկերությունը ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականատեր է եղել 2004-2013 թթ.: 2007-ի նոյեմբերին դրան իբրեւ համասեփականատեր միացել է արդեն նախկին փոխնախարար Հ. Ճշմարիտյանը: Միաժամանակ փոխվել է ՍՊԸ-ի հասցեն՝ Մաշտոցի պողոտայից տեղափոխվելով Ազատության 2/2, որտեղ գործում է հյուրանոցը: 2008-ի ապրիլին Ճշմարիտյանն իր բաժնեմասը զիջել է մեկ այլ ստեփանավանցու՝ իրավաբան Վահան Գագիկի Վերմիշյանին, որը, սակայն, մի քանի օր անց դուրս է եկել ՍՊԸ-ից:

«Golden Group Limited»

Ըստ ԱԱԾ-ի՝ 2012-ին, իսկ պետռեգիստրի համաձայն՝ 2013-ի հոկտեմբերին ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի միակ սեփականատեր կիպրական «Riverhill Holdings Limited»-ին փոխարինել է «Golden Group Limited»-ը, որն ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նշվում էր իբրեւ անգլիական Դուգլաս քաղաքում գրանցված ընկերություն: Անգլիան, ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Թագավորության մաս կազմող երկիր է: Իսկ Դուգլասը բրիտանական թագին ենթակա (Crown dependency), սակայն Մեծ Բրիտանիայի մաս չկազմող Մեն Կղզու (Isle of Man) մայրաքաղաքն է: Մենը գտնվում է Իռլանդական ծովում՝ Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի միջեւ: Այն օֆշորային գոտի է:

«Golden Group Limited»-ը գրանցվել է 2012-ի հունվարին: Դրա վերջնական շահառու սեփականատերը (UBO - ultimate beneficial owner) եղել է Արմեն Ավետիսյանը, սակայն 2013-ի հոկտեմբերին նա իր տեղը զիջել է որդուն՝ Արտաշես Ավետիսյանին: Վերջիններիս կարիքների համար ընկերությունը կառավարել է Դուգլասում գրանցված «The Law Trust Limited»-ը (նախկինում՝ «Dolmen Holdings Limited»), որը նաեւ եղել է «Golden Group»-ի ֆիկտիվ սեփականատերը:  

2019-ի հուլիսին «Golden Group Limited»-ը ջնջվել է (struck off) Մենի ընկերությունների ռեգիստրի կողմից (կա՛մ ընկերությունը հայտնել է, որ գործունեություն չի ծավալում, կա՛մ չի կատարել օրենքով նախատեսված իր պարտավորությունները, ինչպիսին է, մասնավորապես, տարեկան հաշվետվության ներկայացումը):

Այսքանով հանդերձ, հետաքրքիր է, որ ՀՀ պետռեգիստրում փոփոխություն չի արվել, եւ մինչ օրս «Golden Group Limited»-ը նշված է ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականատեր: Ընդ որում՝ 2016-ի հոկտեմբերից ՍՊԸ-ի 6,3 %-ի փայատեր է երեւանցի Քնարիկ Սահակյանը, ով Արմեն Ավետիսյանի մայրն է: Մնացած 93,7 %-ը օֆշորային «Golden Group»-ի անունով է:  

««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալն այսօր շուրջ 42 մլրդ դրամ է, գլխավոր տնօրենը 2018-ի հունիսից Արտաշես Ավետիսյանն է, որին նախորդել են վերը հիշատակված ստեփանավանցի Վահան Վերմիշյանը (2005-2006 թթ. իրավախորհրդատու է եղել ՍՊԸ-ում), երեւանցիներ Կարեն Ջանոյանը (1990-2007 թթ. պաշտոններ է զբաղեցրել հարկային ու մաքսային մարմիններում, 2017-2018 թթ. եղել է ՊԵԿ-ի արեւելյան մաքսատուն-վարչության պետ), Սարգիս Ղազարյանը, ստեփանավանցի Հայկ Ճշմարիտյանն ու պռոշյանցի Լեւոն Թադեւոսյանը:

2007-ին ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ին միացվել է Ստեփանավանում գործող «Գուդվիլ» ՍՊԸ-ն, իսկ 2009-ին՝ երեւանյան «Գոլդեն Փելիս մարզահամալիր» ՍՊԸ-ն: 2008-ին էլ նրանից առանձնացել է նոր ընկերություն՝ «Ֆիլատելիա» ՍՊԸ-ն, որը գրանցված է Երեւանի Նալբանդյան 28-ում. սա կապի եւ տրանսպորտի նախարարության նախկին հասցեն է (ընկերության սեփականատերը «Riverhill Holdings Limited»-ն է, իսկ դրա տերը՝ Հայկ Ճշմարիտյանը, հետաքրքրվում է նամականիշներով):  

Ծաղկաձորի Տանձաղբյուրի 34/1 հասցեում գտնվող հյուրանոցը (Golden Palace Hotel Resort & Spa GL) պետությանը նվիրելու առաջարկ պետգույքի կառավարման կոմիտեին արել էր ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արտաշես Ավետիսյանը: Հետաքրքիր է, որ 2009-2017 թթ. Ծաղկաձորի ճոպանուղուն հարող տարածքում (փաստաթղթերում հասցեն այսպես է նշվում, ընդ որում՝ Տանձաղբյուրի 34/1-ը եւս հարում է ճոպանուղուն) գրանցված է եղել ««Գոլդեն Փելիս» հյուրանոց եւ սպորտ ռեզորտ» ՍՊԸ-ն, որի սեփականատերն ու տնօրենը երեւանցի Գուրգեն Մելսիկի Գեւորգյանն էր:   

Avetisyan-Golden-Palace.jpg (1.14 MB)

««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն Հայաստանի խոշոր հարկատուներից է: Ըստ ՊԵԿ-ի՝ 1000 խոշոր հարկատուների մեջ ընկերությունը 2017 թ. զբաղեցրել է 352-րդ տեղը՝ վճարելով ընդհանուր 396 մլն դրամ հարկ: 2018-ին ՍՊԸ-ն վճարել է 182 մլն դրամ ու նահանջել մինչեւ 794-րդ տեղ, իսկ 2019-ին 225 մլն դրամով եղել է 753-րդ տեղում: 2020 թ. առաջին առամսյակում ընկերությունը վճարել է 45 մլն դրամ հարկ եւ 1000 խոշորի մեջ եղել 838-րդը: 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով՝ 2017-ին Ավետիսյանների ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն ունեցել է 137-207 աշխատող, 2018-ի տարեվերջին այդ թիվը հասել է 291-ի, սակայն 2019-ի ընթացքում նվազել է ու տարեվերջին կազմել 202 հոգի, իսկ այս տարվա մարտի դրությամբ ընկերությունն ուներ 203 աշխատակից: 

«Golden Group»-ի հաշիվները Կայմանյան ազգային բանկում

«Հետքի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ավետիսյանների «Golden Group Limited»-ը հիմնադրվելուց օրեր անց՝ կրկին 2012-ի հունվարին, բանկային հաշիվներ է բացել Կայմանյան ազգային բանկի Մենի մասնաճյուղում՝ «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ում: Վերջինս Դուգլասում գործում է 1985-ից: «Golden Group»-ը օֆշորային բանկում բացել է հաշիվներ ֆունտ ստեռլինգով, եվրոյով ու դոլարով:

Ընկերությունը հաշիվ բացելիս 2012-ի հունվարին լրացրել է հայտի ձեւաթուղթ, որտեղ նշվել է, որ բացվելիք հաշիվների համալրման սկզբնական աղբյուրը կիպրական բանկում առկա միջոցներն են (3 մլն ֆունտ), բացի դրանից՝ Հայաստանում հյուրանոցային ու կահույքի բիզնեսից առաջացած եկամուտներն ու հանրային ծառայությունից ստացած աշխատավարձը: Այս առումով հետաքրքիր է, որ «Golden Group»-ի վերջնական շահառու սեփականատեր Արմեն Ավետիսյանը հանրային ծառայությանը՝ մաքսայինի նախագահի պաշտոնին, հրաժեշտ էր տվել դեռ 2008-ին:

Կայմանյան բանկում հաշիվ բացելը բացատրվել է ֆինանսական միջոցները բանկում պահելու եւ հետագայում հյուրանոցային բիզնեսի զարգացման համար օգտագործելու նպատակով: Նշվել է, որ հաշիվ բացողը 2 հյուրանոց ունի Հայաստանում, մեկը՝ Երեւանում, իսկ մյուսը կառուցման փուլում է ձմեռային հանգստավայրում (նկատի են ունեցել Ծաղկաձորը, իսկ երրորդ հյուրանոցը դեռ չկար), ինչպես նաեւ կահույքի բիզնես, որը նպատակ կա ընդլայնել Հայաստանից դուրս: 2012-ի հունվարին կազմված այս հայտը յուրօրինակ խոստովանություն է, որ հյուրանոցներն ստեղծման օրվանից պատկանել են հենց Ավետիսյաններին, որոնք, սակայն, ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ում իբրեւ սեփականատեր դե յուրե ներգրավվել են միայն 2013-ի հոկտեմբերին «Golden Group»-ի միջոցով:

Տրանսֆերտները

Մեր ունեցած փաստաթղթերում երեւում է ֆինանսական շարժը «Golden Group»-ի հաշիվների գործելու ամբողջ ժամանակահատվածում՝ 27.01.2012-10.09.2018 թթ.:

Ֆունտ ստեռլինգով բացված հաշվի վրա վերը նշված 6,5 տարիների ընթացքում փոխանցվել է մոտ 396 հազ. ֆունտ, որը, սակայն ժամանակի ընթացքում զրոյացվել է, այսինքն՝ փոխանցված գումարները հանվել են: Եվրոյով հաշվի վրա նույն ընթացքում փոխանցվել է 159 հազ. եվրո, որը եւս 2018-ի սեպտեմբերին զրոյացված է եղել: Ամենամեծ շարժը եղել է դոլարային հաշվի վրա. 6,5 տարում փոխանցվել ու հանվել է 9,6 մլն դոլար:

Ֆունտով բացված հաշվի միջոցները հիմնականում գոյացել են դոլարային ու եվրոյով հաշիվների փոխանցումներից, մեկ անգամ էլ հաշվին գումար է «նստեցրել» Արմեն Ավետիսյանը: Այս հաշիվը հիմնականում ծառայել է «Golden Group»-ի կառավարիչ «The Law Trust Limited»-ին վճարումներ կատարելու համար, քանի որ գլխավորապես հենց վերջինիս անունով են գումարները հանվել, մեկ անգամ էլ փոխանցում է կատարվել իրավաբանական ծառայություններ մատուցող «Robinson & Associates PLLC»-ին:

Եվրոյով հաշիվը եւս համալրվել է Արմեն Ավետիսյանի միջոցներով եւ դոլարային հաշվից կատարած փոխանցումներով: Իսկ գումարները ստացել են տարբեր անձինք՝ ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն, Հայկ Ճշմարիտյանը, բայց հիմնականում՝ մոսկովյան «АВ Проджект» ՍՊԸ-ն, որը եղել է «Radisson Blu» ցանցի մաս դարձած երեւանյան «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բարեկարգման ու ընդլայնման նախագծի խորհրդատուն:

Դոլարային հաշվին հիմնական փոխանցումները կատարել են ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն (6,9 մլն դոլար) եւ Արմեն Ավետիսյանը: Փոխարենը 6,5 տարում այդ հաշվից գումարներ են ստացել Հայկ Ճշմարիտյանը (6,72 մլն դոլար), նույն «Գոլդեն Փելիսը», լոնդոնյան «Ara Design (International) Limited»-ը, որն զբաղվել է «Radisson Blu» դարձած երեւանյան «Գոլդեն Փելիս» հյուրանոցի ինտերիերի ձեւավորմամբ, եւ որի սեփականատերերից մեկը հայազգի Անդրե Ավետյանն է (Andre Avedian), անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած «Cushman & Wakefield» ընկերության մոսկովյան մասնաճյուղը, ինչպես նաեւ լոնդոնյան «Radix GDC LLP»-ն, որն զբաղվում է կաբելային համակարգերի, էլեկտրական աքսեսուարների վաճառքով ու ծրագրային ապահովմամբ: Արդեն ասվեց, որ վճարումներ կատարելու համար այս հաշվից գումարներ են փոխանցվել նաեւ «Golden Group»-ի՝ ֆունտով ու եվրոյով բացված հաշիվներին:   

Դոլարային հաշվին առկա գումարների 70 տոկոսը փոխանցվել է Հայկ Ճշմարիտյանին

Բանկային փաստաթղթերում առկա է 2015-ի հուլիսի 13-ին կնքված փոխառության պայմանագիր, ըստ որի՝ 25-ամյա Արտաշես Ավետիսյանը 9,75 մլն դոլար է տված եղել «Golden Group»-ին, որի սեփականատերը հենց ինքն էր (պայմանագիրը կնքվել է փոխառությունից ավելի ուշ, սակայն անկախ դրանից՝ շեշտենք, որ «Golden Group»-ի վերոնշյալ հաշիվներին Արտաշես Ավետիսյանի անունից որեւէ փոխանցում առկա չէ):

artashes avetisyan.jpg (211 KB)

Փոխառության պայմանագրի համաձայն՝ այս գումարով «Golden Group»-ը մարել է նախկինում Հայկ Ճշմարիտյանից վերցրած մեկ այլ փոխառություն (չափը չի հստակեցվում), որն իր հերթին վերցվել էր՝ ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն գնելու համար: Բայց պիտի միանգամից հիշենք, որ այս ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերը «Golden Group»-ից առաջ հենց Ճշմարիտյանի կիպրական «Riverhill Holdings Limited»-ն էր: Չի բացառվում, որ ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ում Ճշմարիտյանի կիպրական ընկերության ունեցած ակտիվների փոխանցումը «Golden Group»-ին դիտարկվել է իբրեւ փոխառություն Ավետիսյանների կողմից, որոնք հետո վերադարձրել/մարել են այն:    

Այսինքն՝ եթե հավատալու լինենք այս թղթաբանությանը, ապա ստացվում է, որ ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ընկերությունը իրականում ոչ թե Արմեն Ավետիսյանինն էր, ինչպես հայտարարել է ԱԱԾ-ն (հիշենք վերջինիս պնդումն առ այն, որ մաքսային պետը ոչ միայն կանխիկ գումարներով ֆինանսավորել, այլեւ վերահսկել է «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող հյուրանոցի շինարարության ընթացքը, միջամտել խնդիրների լուծմանը), այլ իսկապես պատկանել է նրա աներորդի Հ. Ճշմարիտյանի կիպրական «Riverhill Holdings Limited»-ին:

Փաստն այն է, որ կայմանյան բանկում Ավետիսյանների հաշվից մի քանի անգամ խոշոր գումարներ են փոխանցվել Հայկ Ճշմարիտյանին, ընդհանուր՝ 6,72 մլն դոլար: Այս գումարները (1-2 մլն դոլարի չափով) կայմանյան բանկի դոլարային հաշվին պարբերաբար «նստեցրել է» ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն, նպատակը՝ «կանխավճար ապրանքների համար» (prepayment for goods): «Նստեցումից» հաշված օրեր անց գումարները փոխանցվել են Հայկ Ճշմարիտյանին, ընդ որում՝ միայն մի դեպքում է փոխանցումը (800.000 դոլար) ձեւակերպված իբրեւ փոխառության վերադարձ, մնացած դեպքերում որեւէ նշում չկա:

Փաստորեն, Կայմանյան ազգային բանկում Ավետիսյանների դոլարային հաշվին առկա գումարների 70 տոկոսը ժամանակի ընթացքում փոխանցվել է նրանց ազգական Հայկ Ճշմարիտյանին: Ի՞նչ է սա նշանակում, ո՞րն է եղել փոխանցման իրական նպատակը: Այս հարցերի պատասխանները պետք է տար նախաքննություն իրականացնող ԱԱԾ-ն, որը, փաստորեն, իմանալով «Golden Group Limited»-ի գոյության մասին, չի էլ փորձել պարզել, թե ինչ նպատակով է այն ստեղծվել ու օգտագործվել, չնայած քրգործի հիմքում փողերի լվացումն էր, եւ օֆշորային ընկերության առկայությունն առնվազն պիտի կասկած հարուցեր:          

«Անընդունելի ռիսկ». Կայմանյան ազգային բանկը փակել է Ավետիսյանների հաշիվները

Ինչպես ասվեց վերեւում, «Golden Group»-ի բոլոր 3 հաշիվներն էլ 2018-ի սեպտեմբերին զրոյացվել են: Եվ ահա, թե ինչու: Կայմանյան ազգային բանկի ներքին փաստաթղթերից մեկից, որը թվագրված է 2018-ի հուլիսի 13-ով, տեղեկանում ենք, որ բանկի ղեկավարությունը որոշել է փակել «Golden Group Limited»-ի հաշիվները: Նախ նշենք, որ բանկը պարբերաբար մոնիտորինգի է ենթարկում իր բարձրռիսկային հաճախորդներին, ինչպիսիք են քաղաքական դեմքերը (PEP – political exposed person): Բանկի կողմից ստուգվում են այս հաճախորդների վերաբերյալ հրապարակումները, պաշտոնական ինֆորմացիաները:

2018-ի հուլիսին «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ի գործադիր տնօրեն Նայջել Գոթրին (Nigel Gautrey) իրենց համապատասխանության եւ ռիսկի կոմիտեին հայտնել է «Golden Group»-ի հաշիվները փակելու անհրաժեշտության մասին: Տնօրենը որոշ տվյալներ է մեջբերել մոնիտորինգի միջոցով նախկինում հավաքած տեղեկություններից: Մասնավորապես, նշել է, որ Արմեն Ավետիսյանը սերտ առնչություն է ունեցել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, մինչեւ որ վերջինս 2008-ին նրան ազատել է «կոռուպցիայի պատճառով»: Նկատենք, սակայն, որ Ավետիսյանի ազատման հիմքում կոռուպցիոն դրվագ չի դրվել: Ներկայացվել է նաեւ 2008-ի աշնանը արդեն նախկին պաշտոնյա Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման դրվագը, որի վերաբերյալ հայկական մամուլը գրել էր, թե գողոնի մեջ եղել է գրքույկ, ըստ որի՝ Ավետիսյանը շվեյցարական բանկում ունեցել է 55 մլն եվրո: Բացի դրանից՝ ըստ հրապարակումների, մաքսայինի նախկին ղեկավարի չհրկիզվող պահարանում եղել է 15 մլն եվրո կանխիկ գումար, որը հանցագործները չէին կարողացել հափշտակել: Այս ինֆորմացիան հետաքրքրել էր Հայաստանի իշխանություններին, սակայն Ավետիսյանին մեղադրանք չէր առաջադրվել:

Շարունակելով Ավետիսյան-Սարգսյան կապի թեման, բանկի գործադիր տնօրենը նշել է, որ Սարգսյանը մասնակցել է Ավետիսյանների երկրորդ հյուրանոցի բացմանը (լուսանկարում), «ինչը ենթադրում է, որ դեռեւս սերտ կապ կա նրա եւ ընտանիքի միջեւ»:

Տնօրենը կասկած է հայտնել Արմեն Ավետիսյանի ունեցվածքի ծագման օրինականության վերաբերյալ՝ հաշվի առնելով նրա պաշտոնանկության վերոնշյալ պատճառը: Հավելել է, որ չնայած «Golden Group»-ի կողմից որեւէ հակաօրինակ բան անելու մասին ապացույց չկա, այդուհանդերձ, բանկի համար էական նշանակություն ունի համբավի արատավորման ռիսկը: «Նաեւ հրապարակումներ կան Ավետիսյան ավագի դեմ մահափորձի (2005 թ. - «Հետք») ու հանցավոր խմբավորումների հետ նրա հնարավոր կապերի մասին»,- նշել է Նայջել Գոթրին ու համապատասխանության եւ ռիսկի կոմիտեին առաջարկել ծանուցում ուղարկել «Golden Group Limited»-ին հաշիվները փակելու մասին, քանի որ դրանք «անընդունելի ռիսկ» են ներկայացնում: 2018-ի սեպտեմբերի 10-ին, երբ փողերի լվացման ու ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու դրվագներով Արմեն Ավետիսյանի դեմ Հայաստանում քրգործ դեռ չէր հարուցվել, Մեն Կղզում «Golden Group»-ի հաշիվները փակվել են:

Իսկ 2019-ի հունվարին, երբ քրգործի նախաքննությունն ընթացքի մեջ էր, Մենի ֆինանսական հետախուզությունը (Financial Intelligence Unit) «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ից պահանջել է «Golden Group»-ի վերաբերյալ բանկային ինֆորմացիան, որն էլ բանկը տրամադրել է: Հուլիսին բանկը նամակ է ուղարկել հետախուզական մարմնին՝ որոշ տվյալներ ներկայացնելով իր նախկին հաճախորդ «Golden Group»-ի, դրա կառավարչի («The Law Trust Limited») ու սեփականատերերի՝ Ավետիսյանների մասին: «Մենք այս գաղտնազերծումն անում ենք այն բանի հիման վրա, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցների ձեռքբերման ու զարգացման համար օգտագործված լվացված միջոցները միգուցե անցել են մեր հաշիվներով»,- ասվում է բանկի փաստաթղթում:

«Հետքն» ու գործընկեր OCCRP-ն հարցում են ուղարկել բանկին՝ մասնավորապես, հետաքրքրվելով. 1) Ինչու՞ է 2018 թ. սեպտեմբերին խզվել կապը «Golden Group»-ի հետ, 2) 2014 թ. մոնիտորինգի հաշվետվության մեջ նշում կա, որ անհրաժեշտ է հետեւել մեծ ու հաճախակի փոխանցումներին, որոնք «Golden Group»-ի հաշվին կատարում է Արմեն Ավետիսյանը. հնարավոր է, որ գումարները գալիս են կոռուպցիոն աղբյուրից: Ինչու՞ են այդ դեպքում «Golden Group»-ի հաշիվները 4 տարի (մինչեւ 2018 թ.) բաց մնացել, 3) Արդյոք բանկը ստացել է հարցումներ ՀՀ իրավապահ կամ կարգավորիչ մարմիններից Ավետիսյանի վերաբերյալ հետաքննության շրջանակներում:

Բանկի պատասխանը դիվանագիտական է. ««Cayman National»-ի քաղաքականությունն է չմեկնաբանել անհատ հաճախորդների (նախկին կամ ներկա) գործերը, եւ չենք կարող բացառություն անել այս դեպքում: Բանկն, այդուհանդերձ, ցանկանում է ընդգծել, որ հանձնառու է պահպանել ամենախիստ ստանդարտները իր բոլոր գործարքներում: Այն պահպանում է փողերի լվացմանը հակազդելու եւ KYC խիստ ընթացակարգեր եւ միշտ գիտակցում է իր պարտավորությունները քաղաքականությանն առնչվող անձանց մասով: Բանկը միշտ համագործակցել է իշխանությունների հետ կասկածելի գործարքների, քրեական կամ կարգավորիչ հետաքննությունների շրջանակներում»:

Հայ իրավապահներից ակնկալիքներ չկան

«Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին՝ պարզելու, թե արդյոք նրանք դիմել են Մեն Կղզու իշխանություններին՝ Արմեն Ավետիսյանի օֆշորային հաշիվների մասին ինֆորմացիա տրամադրելու խնդրանքով: ԳԴ-ի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնել է, որ քրգործում այդ մասին տվյալներ առկա չեն: Նույնատիպ պատասխան է տվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Արթուր Աղաջանյանը:

Սա նշանակում է, որ նախաքննությունը տվյալներ չի ունեցել Ավետիսյանի՝ «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ում ունեցած գումարների եւ դրանց ծագման մասին, այնինչ «Golden Group Limited»-ով հետաքրքվելու դեպքում հայ իրավապահները կարող էին համապատասխան հարցում ուղարկել Մեն Կղզի: ԱԱԾ-ն առհասարակ չի խորացել այս ընկերության ուղղությամբ, այլապես ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի սխալ տվյալների վրա հիմնվելով չէր հայտարարի, թե այն գրանցված է Անգլիայում:

Քանի որ կառավարությունը, ԱԱԾ-ն ու Ավետիսյանները ծաղկաձորյան հյուրանոցի նվիրատվությունից ու քրգործի կարճումից հետո «պարտք ու պահանջ» չունեն իրարից կամ դժվար թե այլեւս ունենան, Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման դրվագով հանցակազմի բացակայության մասին հայտարարած ՀՀ իրավապահները, ամենայն հավանակությամբ, չեն համարձակվի վերստին անդրադառնալ այս պատմությանը:          

Ըստ էության, սրանում վստահ է նաեւ Արմեն Ավետիսյանը, որին գրավոր հարցեր էինք ուղղել ոչ միայն հարուցված ու կարճված քրգործի, այլեւ օֆշորային բանկային հաշիվների մասին:

Ահա մեր հարցերը նախկին պաշտոնյային.

1. 2018-ի հոկտեմբերին ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ փողերի լվացման դրվագներով Ձեր վերաբերյալ հարուցված քրգործը մեկ տարի անց՝ 2019-ի հոկտեմբերին, կարճվել է, քանի որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, առաջին դրվագով վաղեմության ժամկետն անցած է եղել, իսկ երկրորդով հանցակազմը բացակայել է: Այս պարագայում, երբ Ձեզ որեւէ բան, ըստ էության, չէր սպառնում, ինչու՞ եք Ծաղկաձորում գտնվող հյուրանոցը նվիրել պետությանը:

2. ԱԱԾ-ն քրգործը կարճել է միայն այդ նվիրատվությունից հետո: Եթե նվիրատվությունը չլիներ, կարծում եք, որ Ձեր հանդեպ քրեական հետապնդումը կշարունակվե՞ր:

3. 2012-ի հունվարին Մեն Կղզում գրանցված եւ Ձեզ պատկանող «Golden Group Limited» անունով ընկերությունը «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ում հաշիվ բացելու հայտում (application form) իբրեւ հաշվի համալրման միջոց ներկայացրել է նաեւ Ձեր աշխատավարձը հանրային ծառայությունից, այն դեպքում երբ Դուք մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էիք 2008-ին: Այս ազատումից հետո որեւէ հանրային պաշտոն զբաղեցրե՞լ եք:

4. Իբրեւ համալրման միջոց նշվել են նաեւ կիպրական բանկում առկա ակտիվները: Դրանք պատկանել են Ձե՞զ, թե՞ Ձեր աներորդի Հայկ Ճշմարիտյանին:

5. Հաշիվ բացելու վերոնշյալ հայտում նշվել է, որ «Golden Group»-ը 2 հյուրանոց ունի Հայաստանում՝ Երեւանում եւ Ծաղկաձորում: Այն, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցները ի սկզբանե պատկանել են Ձեզ (Ձեր ընտանիքին) հայտարարել է նաեւ ԱԱԾ-ն: Այդուհանդերձ, 2015-ի հուլիսին Ձեր որդին փոխառության պայմանագիր է կնքել «Golden Group»-ի հետ՝ տրամադրելով 9,75 մլն դոլար, որով «Golden Group»-ը, համաձայն պայմանագրի, մարել է Ձեր աներորդի Հայկ Ճշմարիտյանից վերցրած փոխառությունը, որն իր հերթին վերցվել էր՝ ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն Ձեր աներորդու կիպրական ընկերությունից գնելու համար: Այսինքն՝ ըստ թղթաբանության, ստացվում է, որ Ձեր ընկերությունը Ձեր աներորդուց գումար է վերցրել՝ նրա կիպրական ընկերությանը պատկանող ՍՊԸ-ն գնելու համա՞ր:

6. ՀՀ պետռեգիստրի համաձայն՝ Ձեր «Golden Group»-ը ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականատեր է դարձել 2013-ի հոկտեմբերին: Եթե Դուք կամ Ձեր ընտանիքը հյուրանոցների սեփականատեր եք դարձել միայն 2013-ին, ինչու՞ է «Golden Group»-ը 2012-ի հունվարին կայմանյան բանկում հաշիվ բացելիս նշել, թե 2 հյուրանոց ունի Հայաստանում, եւ հաշիվներն օգտագործվելու են հյուրանոցային բիզնեսը զարգացնելու համար:

7. «Golden Group»-ի հաշիվները կայմանյան բանկում 2018-ին փակվել են, քանի որ բանկի ղեկավարությունը դրանց առկայությունը համարել է «անընդունելի ռիսկ» (unacceptable risk): Նշվել է Սերժ Սարգսյանի հետ Ձեր ընտանիքի կապի, Ձեր վրա կատարված հարձակումների (2005 եւ 2008 թթ.) մասին, ավելին՝ նշվել է, թե Ս. Սարգսյանը 2008-ին Ձեզ ազատել է «կոռուպցիայի պատճառով»: Դուք տեղյա՞կ եք այս բնութագրումների մասին եւ ինչպե՞ս կմեկնաբանեք: «Golden Group»-ը տեղեկացվե՞լ է, որ հաշիվներն «անընդունելի ռիսկ» են պարունակում բանկի համար: 

Ի պատասխան՝ Ա. Ավետիսյանը գրել է. «Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմինների կողմից կատարվել է բազմակողմանի ու հանգամանալից քննություն, եւ տարածվել են պաշտոնական հաղորդագրություններ՝ իրազեկելով հանրությանը: Որեւէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն տրամադրելու նպատակահարմարություն չեմ տեսնում»:  

Ալեքսանդր Սարգսյանի օֆշորային ընկերությունն ու չօգտագործած հաշիվը

Կայմանյան ազգային բանկից արտահոսած թղթերում գտել ենք նաեւ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անունը: Հունվարին գրել էինք, որ 2003-2012 թթ. ԱԺ պատգամավոր Սարգսյանը ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում հիմնել է «Հանա» (Hana) անունով ընկերություններ ու, համաձայն փաստաթղթերի, զբաղվել ձեռնարկատիրությամբ, ինչը Սահմանադրության խախտում է: Պարզվում է՝ 2012-ի մարտին, երբ դեռ պատգամավոր էր, Ա. Սարգսյանը Մենի մայրաքաղաք Դուգլասում հիմնել է «Hana Limited» ընկերությունը:

Այն, որ վերջինս իսկապես կապ ունի նախկին պաշտոնյայի հետ, ապացուցվում է «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ի փաստաթղթերով: Այստեղ ԱԺ պատգամավորը հաշիվ է ունեցել 29.05.2012-30.05.2013 թթ., սակայն դրա միջոցով գործողություններ չեն կատարվել, եւ բացվելուց մեկ տարի անց այն փակվել է: 2013-ի օգոստոսին էլ լուծարվել է «Hana Limited»-ը, որը, փաստորեն, օֆշորային ընկերություն էր: 

Կայմանյան ազգային բանկի արտահոսքի փաստաթղթերին կարող եք ծանոթանալ data.hetq.am կայքում:

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, el.am-ի, «Ֆոտոլուրի», համացանցի բաց աղբյուրներից
Հետաքննության պատրաստմանն աջակցել է Արաքս Մամուլյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter