
Խորհրդարան է եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը
Նախկին վարչապետ, նախկին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:
Կարեն Կարապետյանն ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ պաշտոն չի զբաղեցրել, սակայն 2017 թվականի մարտի 1-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդեն վարչապետ Կարեն Կարապետյանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս ուշագրավ հայտարարություն էր արել:
«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,-ասել էր նա:
Ամենայն հավանականությամբ Կարապետյանը հանձնաժողով է հրավիրվել հենց այս հայտարարության համար:
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով:
Հանձնաժողովն արդեն լսել է մի շարք գործող ու նախկին պաշտոնյաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին:
Հանձնաժողով են եկել նաև Հայաստանի պաշտոնաթող նախագահ, 2016-ի պատերազմի ժամանակ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ու պատերազմի ժամանակ Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մնացականյանը:
Մեկնաբանել