HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լաբորատորիաների գերծանրաբեռնվածության պատճառով թեստերի պատասխաններն ուշանում են

Արմեն Մարկոսյանն ապրիլի 22-ից մեկուսացված է Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրում։ Նա ապրիլի 22-ին եղբոր՝ Արսենի հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան վերադարձել։

Արմենին և Արսենին մեկուսացրել են նույն սենյակում։ Մայիսի 4-ին եղբայրներին կորոնովիրուսի թեստ են արել։ Հաջորդ օրը պարզվել էր, որ Արսենը կորոնավիրուսով վարակված է։ Արմենին տեղափոխել են այլ սենյակ։  

Թեստավորումից տասն օր անց՝ մայիսի 12-ին, Արսենին, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսը, կրկին թեստավորել են։ Մայիսի 14-ին Արսենի թեստի պատասխանը բացասական է եղել, և նա մեկուսացումից դուրս է եկել, տուն վերադարձել։ Նույն օրը Արմենը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Արդեն երեք օր է անցել, Արմենի թեստի արդյունքը դեռևս հայտնի չէ։

«Զանգում ենք մեկուսավայրի պատասխանատուներին, ասում են՝ վերևից պատասխանները չեն եկել, որ պատասխան տանք։ Արդեն երեք օր է անցել, ոչ մի պատասխան չունենք։ Առավելագույնը մեկուկես, երկու օր հետո պետք է պատասխանը գա, բայց արդեն երրորդ օրն է՝ պատասխան չունենք»,- ասում է Արմեն Մարկոսյանը։

Արմենի խոսքով՝ իր կարգավիճակում ևս 3 հոգի կա, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Հայաստան և ապրիլի 22-ից մեկուսացած են նույն հյուրանոցում։

Երեկ Արմեն Մարկոսյանն ու ՌԴ-ից վերադարձած այդ հայերը դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ահազանգից հետո նրանց է այցելել մեկուսավայրի բժիշկներից մեկը և վստահեցրել, որ թեստերի պատասխանները մինչ առավոտ կլինեն։ Սակայն, մինչ այժմ արդյունքները չկան։

«Ներվային վիճակում ենք։ Այնպես է վիճակը, որ մեզ ոչ մի բան չեն կարողանում ասել, որ մենք էլ իմանանք։ Եթե հիվանդ ենք, թող ասեն՝ հիվանդ ենք, մենք կընդունենք հիվանդ ենք, հանգիստ կմնանք, այսքան լարված վիճակում չենք լինի։ Մարդ կա, իրա հոգեկան վիճակը խանգարվել է, կարող է ինֆարկտը խփի, մեռնի։ Ո՞նց կարելի է մարդուն 26 օր մեկուսացած պահել»,- ասում է Արմեն Մարկոսյանը։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առաջիկայում թեստերի պատասխանները պարզ կլինեն։ Նրա փոխանցմամբ՝ լաբորատորիաները գերբեռնված են, այդ իսկ պատճառով ուշացումներ են լինում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter