HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊԵԿ-ը քննում է ՀԴՄ-ների գնման գործընթացն առանց կարևոր փաստաթղթերի

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2019 թվականի օգոստոսից քննվող քրեական գործի շրջանակներում մինչ օրս չի հայտնաբերել հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գնման պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածները։ Անհասկանալի է, թե ինչպես է ՊԵԿ-ը քննում ՀԴՄ-ների գնման քրեական գործը, եթե չկան այդ հավելվածները։ 

Ինչպես նշել էինք այս տարվա փետրվար ամսվա մեր հրապարակումում, չինական «ՓԱՔՍ Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ-ների գնման պայմանագիրը մեզ տրամադրվել էր կիսատ. բացակայում էին դրա անբաժանելի մաս կազմող այն հավելվածները, որոնք վկայում են ապրանքը չինական կողմից նշված գնով մատակարարելու մասին։ ՊԵԿ-ից հայտնել էին, որ այդ հավելվածները առկա չեն ոչ իրենց մոտ, ոչ էլ ՀԴՄ-ների ներդրման գրասենյակում։

Հրապարակումից ամիսներ անց Պետական եկամուտների կոմիտեից կրկին հետաքրքվեցինք՝ արդյոք հայտնաբերվե՞լ են այդ հավելվածները, եթե, ոչ, ապա կոմիտեն արդյոք սկսե՞լ է ծառայողական քննություն՝ պարզելու, թե որտեղ են անհետացել այդ կարևորը փաստաթղթերը։

ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2017թ. նոյեմբերի 10-ին ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և «ՓԱՔՍ Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված ՀԴՄ-ների մատակարարման պայմանագրի անբաժանելի մաս կազմող փաստաթղթերը մինչ օրս չեն հայտնաբերվել։

«ՊԵԿ քննչական վարչությունում քննվող  քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ հիշյալ փաստաթղթերը հայտնաբերելու և քրեական գործին կցելու ուղղությամբ»,- հայտնել են կոմիտեից։ 

ՊԵԿ-ն այդ փաստաթղթերի հայտնաբերման համար ծառայողական քննություն սկսելու հարցը որոշելու է քրեական գործի արդյունքներով:

Դեռևս 2019 թվականի օգոստոսին պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ների գնման գործընթացի քննության արդյունքում քրեական գործ է հարուցել։ Կոմիտեն հայտնել էր, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված 25․000 «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: «Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»,- տարածած հաղորդագրությունում նշել էր ՊԵԿ-ը։

Գործի քննությունից անցել է կես տարի, սակայն ՊԵԿ-ն այդպես էլ որևէ մանրամասներ չի ներկայացնում քրեական գործի ընթացքից։

Պետական եկամուտների կոմիտեից նաև հետաքրքրվել ենք քրեական գործի քննությունից՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք գործով կարգավիճակ ունեցող անձինք (վկա, մեղադրյալ, կասկածյալ) կան: Եթե այո, ապա ովքե՞ր են եւ ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք:

Սակայն կոմիտեն հրաժարվել է որևէ տեղեկատվություն հայտնել քրեական գործից, որքան էլ այն հարցուցվել է մեր հրապարակումների հիման վրա.

«Վարույթն իրականացնող մարմինը նպատակահարմար չի գտնում հայտնել քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված այլ տվյալներ»,-հայտնել է Պետական եկամուտների կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter