
Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է անցնել կենսաթոշակների վճարման միայն անկանխիկ եղանակի:
Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապրիլի 15-ին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով` պատգամավորներն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացրել, առաջարկներ եղել են գործադիրից:
Նախագծով առաջարկվում է այս տարվա հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցնել բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակը փոխանցելու կարգին: Կառավարությունն առաջարկում է «հուլիսի 1» ժամկետը փոխարինել «սեպտեմբերի 1» ժամկետով` առկա իրողությամբ պայմանավորված:
Խորհրդարանի նտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց` անկանխիկ վճարային եղանակին անցնելու այս պրոցեսը սահուն չի կազմակերպվում, ավելի ճիշտ կլիներ համայնքներում բանկային ենթակառուցվածքները զարգանային, նոր անցում լիներ: Փոխնախարարը պատասխանեց` Կառավարությունն ընտրել է փուլային տարբերակը. նախ այդ համակարգին անցնում են խոշոր քաղաքները, ապա խոշոր գյուղերը, և վերջում` փոքր գյուղերը: Եթե այս ընթացքում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիր լինի, ապա ժամկետների փոփոխություն կլինի:
«Եթե ուզում ենք, որ մարդիկ առանց լրացուցիչ դժվարությունների անցնեն անկանխիկ եղանակի, պետք է այդ պահանջը իմպերատիվ լինի այն մարդկանց համար, ովքեր նոր են թոշակի անցնում, իսկ գործող թոշակառուների համար ընտրության հնարավորություն պիտի լինի»,-ասաց Բաբկեն Թունյանը:
Փոխնախարարն արձագանքեց, որ Կառավարությունը հակված է քննարկվող տարբերակին, և հավելեց` այն ազդակ է լինելու նաև բանկային համակարգի համար` համայնքներում ենթակառուցվածնքների զարգացման համար:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը` ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ:
Հիշեցնենք, որ առանձին կատեգորիայի անձինք, ինչպես 75 և ավելի տարեկան թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն և շարժունակության խնդիր ունեցողները, կարող են իրենց դիմումների հիման վրա ընտրել կանխիկ փոխանցման տարբերակը:
Մեկնաբանել