HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղարի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործը քննության համար ուղարկվել է դատարան։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի  պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մայիսի 15-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վերը նշված անձանց վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատավոր Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գ․ Վ․-ի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն՝ դատավոր Գրիգորյանին մակագրվել է 2018 թվականի սեպտեմբերին քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, և դատավորը, «պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գ․ Վ․-ի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:

Ըստ ՔՀԾ-ի՝ արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղարի կողմից կատարվել է ևս մեկ նմանատիպ արարք՝ մեկ այլ գործով։

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, իսկ դատական նիստերի քարտուղարին՝  նույն օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա նախաքննության ընթացքում բողոքարկել է քրեական գործով մի շարք որոշումներ, հայտարարել, որ անմեղ է ու արդարացվելու է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո ավելի քան 50 փաստաբան պատրաստակամություն է հայտնել պաշտպանել նրա շահերը։

Գրիգորյանը, հիշեցնենք, այն դատավորն է, ում մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Մեկ տարի առաջ՝ 2019 թվականի մայիսի 18-ին, Գրիգորյանը որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել սահմանադրական դատարան։

Այս որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրած եղել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը։

Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումներից կարճ ժամանակ անց՝  գլխավոր դատախազը Սերգո Փանոսյանի բողոքի հիման վրա վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։

2019-ի հուլիսի 16-ին իրավապահները խուզարկել են Գրիգորյանի աշխատասենյակը, առգրավում իրականացրել, կնքել նրա աշխատասենյակի դուռը։ Ապա Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter