HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզի Արաքս գյուղում Սևջուր գետը հունից դուրս է եկել, վնասել գյուղի ջերմոցները

Արմավիրի մարզով անցնող Սևջուր գետը, որը հոսում է Արաքս գյուղով, մայիսի 11-ին հունից դուրս է եկել ու վնասել է համայնքի ջերմոցներից մի քանիսը:

Արաքս գյուղ այցելել էինք մարտի 21-ին, բնակիչների մեծ մասը ջերմոցներում բանջարեղեն էր մշակում։ Գյուղում գրեթե բոլորն ունեն ջերմոցներ. գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է։

Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը ասում է, որ գետը բարձրացել ու մոտ 5 հա ափամերձ տարածք է ծածկել։ Ասաց, որ դիմել է մարզպետարան, մարզպետարանից եկել ու տեսել են, բայց դեռ չեն հաշվարկել գյուղացիների կրած վնասի չափը:

Խաչիկ Մալխասյանը պատմում է, որ 450 մետր ջերմոցային տարածքում մշակված վարունգը փչացել է: Խաչիկի ընտանիքն արդեն 16 տարի է՝ ջերմոցային տնտեսությամբ է զբաղվում։

«Մենք հուսով էինք, որ կմշակենք, բերք կստանանք, ջուրը, որ հունից դուրս եկավ, լցվեց ջերմոցները, վարունգի բույսերը ամբողջությամբ փչացավ։ Բիբարի ջերմոց էլ ունենք, դրան, բարեբախտաբար, բան չի պատահել, բիբարը ավելի դիմացկուն ա, քան վարունգը»,- ասում է նա։

Ասում է, որ սերմի ամեն հատիկը գնել է 60 դրամով, իսկ 450 մետր տարածքում կա մոտավոր 1700 սերմ, բացի այդ օգտագործել է պարարտանյութ, ոռոգել է, որի համար ևս բավականին մեծ գումար է ծախսել։ Երեք օրը մեկ սովորաբար բերքահավաք են անում, ամեն անգամ 450-500 կգ վարունգ էին քաղում, որը իրացրել է կիլոգրամը 200-250 դրամով։ Մոտավոր հաշվարկում է կորուստի չափը, նշում, որ կորուստը շատ մեծ է։

Խաչիկ Մալխասյանը պատմում է, որ հենց նույն օրը համայնքի ղեկավարը, տեղեկանալով, որ գյուղում ջերմոցներ են վնասվել, այցելել է ջերմոցի տերերին, հետո դիմել մարզպետարան։

Խաչիկը նաև դժգոհում է գյուղվարկերից, ասում է, որ տոկոսադրույքները հիմնականում բարձր են, բացի այդ, երբ դիմում են 2-րդ, 3-րդ վարկը ձևակերպելու համար, հիմնականում մերժվում են, քանի որ արդեն վերցրած վարկ ունեն։
«Չեն հասկանում, որ նոր վարկը վերցնում ենք, որ նախորդի տակից կարողանանք դուրս գալ, որ կարողանանք նոր բան ստեղծել»,- ասում է նա։

Վնասվել են նաեւ Արսեն Օհանյանի ջերմոցները։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հավաստիացնում է, որ կազմվել է  արձանագրություն, որը ներկայացվելու է Էկոնոմիկայի նախարարություն։

Մարզպետի խոսքով՝ կազմվում է հանձնաժողով, որը վնաս կրած գյուղատնտեսի հետ քննարկում է, որոշում են մոտավոր վնասի չափը, իսկ երբ ավարտվում է գյուղատնտեսական տարին, տվյալները ներկայացվում են Կառավարություն։

«Մարզպետարանի գյուղվարչությունն իմ հրահանգով զբաղվում է այդ հարցով, կազմվել է արձանագրություն, որպեսզի տարեվերջին Էկոնոմիկայի նախարարության կողմից քննարկվի։ Սովորաբար գյուղատնտեսական ոլորտի հարցերը քննարկվում են տարեվերջին, բնական աղետների պատճառած վնասի փոխհատուցումը կատարվում է կամ ֆինանսական աջակցությամբ, կամ էլ ոռոգման ջրի վարձավճարի փոխանցմամբ»,- ասում է մարզպետը։

Մարզպետարանի գյուղվարչության նախագահ Արթուր Այվազյանն էլ տեղեկացրեց, որ այսօր՝ մայիսի 21-ին, համայնքային հանձնաժողովը կազմել է արձանագրությունը, ուղարկել մարզպետարան, որն էլ տարեվերջին ներկայացվելու է Էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter