
Միքայել Մինասյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին
Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։
Վերաքննիչ քրեական դատարանից «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ բողոքը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին։
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):
Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Նրան կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 23-ին, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշումը կայացվել է մայիսի 6-ին՝ այսինքն՝ միջնորդությունը ստանալուց ավելի քան 40 օր անց։
Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ նրան մեղադրում են սեփական միջոցները մի հաշվեհամարից մյուսը փոխանցելու մեջ, և դիրքորոշում հայտնել, որ Մինասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Մեկնաբանել