
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մինասյանը, հիշեցնենք, գտնվում է հետախուզման մեջ։ Վերջինս «Ֆեյսբուքի» իր էջով պարբերաբար տեսանյութեր է հրապարակում ու անդրադառնում իր վերաբերյալ քրեական գործին ու Հայաստանի իշխանությունների գործելաոճին։
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Նրան կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 23-ին, իսկ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել երեկ՝ մայիսի 5-ին, այսինքն՝ միջնորդությունը ստանալուց ավելի քան 40 օր անց։
Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ նրան մեղադրում են սեփական միջոցները մի հաշվեհամարից մյուսը փոխանցելու մեջ, և դիրքորոշում հայտնել, որ Մինասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Մեկնաբանել