HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մինչ քննչական կոմիտեն քննում է շինթույլտվության օրինականությունը, շենքն արդեն կառուցվել է

Երեւանի Աճեմյան փողոցի բնակիչ Ավետիք Չախալյանը տուժող է ճանաչվել իր տան հարևանությամբ կառուցվող շինության գործով։ Այս մասին «Հետքին» հայտնել են Քննչական կոմիտեից։ 

Կոմիտեն 2019 թվականի հոկտեմբերի 21-ին քրեական գործ է հարուցել՝ պարզելու Չախալյանի տան հարևանությամբ կառուցվող շենքի շինթույլտվության օրինականությունը, սակայն գործի քննության ընթացքում շենքն արդեն կառուցվել է և գրեթե ենթակա է շահագործման։

Ավետիք Չախալյանը պայքարում էր իր տանը կից կատարվող շինարարություն իրականացնողների դեմ` չիմանալով, որ այդ շինարարության կատարման համար իր անունից համաձայնություն է տրվել։ Իր տված համաձայնության մասին Չախալյանն առաջին անգամ մեզնից էր լսել, իսկ «Հետքին» այդ տեղեկությունը հայտնել էր տարածքի սեփականատեր Դավիթ Ահարոնյանը։ Նա պնդել էր, որ շինարարությունը սկսելու համաձայնագիրը ստանալու համար Չախալյանի քրոջը (Նարինե Չախալյան-հեղ.) ու նրա որդուն (Սուրեն Բադալյան-հեղ․) 5000 դոլար գումար է տվել, որի մասին, ըստ Ահարոնյանի, Ավետիք Չախալյանը տեղյակ է եղել։

Դեպիք առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական, պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու, իրացնելու նպատակով:

Ավետիք Չախալյանը «Հետքի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց գործի քննության դանդաղ ընթացքից։ Ասաց՝ քրեական գործը հարուցվել է յոթ ամիս առաջ և քննիչը քննչական որևէ էական գործողություն չի կատարում։ Իր այդ մտահոգության մասին նա տեղյակ է պահել նաև գործը հսկող դատախազին: 

Շենքի առաջին հարկում արդեն գեղեցկության սրահ է գործում եւ ըստ փակցված պաստառի՝ 1-2 սենյականոց բնակարանները են վարձակալությամբ տրվում:

«Այս շենքը արդեն ոչ մեկը չի քանդելու, ես չեմ հավատում, որ նման ճոխություն թույլ կտան։ Ես հույսս կտրել եմ»,-մեզ հետ զրույցում նշեց Ավետքի Չախալյանը։

Կառուցված 5 հարկանի շենքի հետնամասի պատուհանները նայում են դեպի Ավետիք Չախալյանի բակ։ Նա պնդում է՝ դա իր անձնական կյանքի միջամտություն է, քանի որ առևտրի կենտրոնի աշխատակիցներն անարգել կարող են տեսնել, թե ընտանիքն ինչ է անում տան բակում։

Ավետիք Չախալյանը պատմեց, որ այդ պատուհանները կառուցելու ընթացքում, շենքից քարեր են թափվել դեպի իր բակ՝ վնասելով տանիքի թիթեղները։ Նա այդ մասին տեղյակ է պահել ոստիկանությանը։ Ավետիք Չախալյանի բողոքի հիման վրա ապրիլին Ոստիկանությունից ներկայացուցիչ է եկել տարածք: Մոտ տասն օր առաջ էլ պատճառված վնասը գնահատելու համար ոստիկանությունից փորձագետ է ժամանալ: Սակայն թե որքան վնաս է հասցվել եւ երբ այդ փոխհատուցումը կտրամադրվի, հայտնի չէ: Տան տանիքին դեռեւս թափված են շինարարության քարերը: 

Բացի դրանից, Ավետիք Չախալյանի բակ է դուրս գալիս շենքի մի քանի սենյակների սանհագույցի օդափոխման խողովակները: Բնակիչը նշում է, որ բակում տարածվելու է նաև սանհանգույցից եկող գարշահոտությունը: 

«Ես որևէ ակնակալիք, հաշտություն չեմ ցանկանում։ Հաշտությունն այն կլինի, որ այս պատուհաններն ու սանհանգույցի օդափոխության խողովակները փակվեն: Այդ շենքից մոտ 20 պատուհան նայում է դեպի իմ տուն, ո՞նց կարելի է»,-ասում է նա։

Ինչ անել նման իրավիճակում. պարզաբանում է փաստաբանը

Փաստաբան Կարապետ Բադալյանից փորձել ենք պարզել, թե ինչ պետք է անի քաղաքացին, երբ նրա՝ շինթույլտվության օրինականությունը պարզելու բողոքի քննության ընթացքում, արդեն այդ շինությունը կառուցվում է։ 

Փաստաբանը պարզաբանեց՝ նման իրավիճակներում, եթե քաղաքացին դիմի Վարչական դատարան, վիճարկի շինթույլտվությունը և հայտնի, որ քաղաքաշինական նորմերը պահպանված չեն կամ իր իզիոլացիան (մեկուսացում) խախտվում է կամ էլ այդ շինթույլտվության համար համաձայնություն չի տվել, շինարարությունը կկասեցվի։ Այնինչ քրեական գործի քննությունը քրեադատավարական պրոցես է, որի ժամանակ քննիչը իրավունք չունի կասեցնել շինարարական աշխատանքները։

«Երբ քաղաքացին վիճարկման հայց հարուցեր, օրենքի ուժով այդ շինթույլտվության գործողությունը կասեցվելու էր, շինարարությունը չէր շարունակվի։ Իսկ քանի որ դա քրեական պրոցեսի մեջ է, այնտեղ չկա նորմ, որ օրենքի ուժով կասեցվում է շինարարությունը»,-նշեց փաստաբանը։

Փաստաբանը նման դեպքերում քաղաքացու խախտված իրավունքների վերականգմանը մի քանի տարբերակ առանձնացրեց։ Նշեց՝ եթե քաղաքացին այդ շինթույլտվությանը համաձայնություն չի տվել և այլ անձ իր փոխարեն ստորագրել է՝ գումար վերցնելով, տուժածի իրավունքները կարող է վերականգնել փոխհատուցում ստանալով կամ վիճարկի կայացված որոշումն՝ ասելով, վերադարձրեք տարածքն այն վիճակին, որում իմ իզոլիացիայի պայմանները չեն խախտվի, իմ շինությունը բավարար արև կստանա։ 

«Վերջին տարբերակը բավականին երկար և բարդ պրոցեսներ է։ Ինձ հայտնի չէ այդպիսի դեպք, երբ հասել են շինություն քանդելուն։ Բայց տեսականորեն հնարավոր է»,-նշեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter