
Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին
Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ Ջոնս Հոփքինսի համալսարանի մայիսի 23-ի տվյալներով՝ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 330 890 դեպք այն դեպքում, երբ Ռուսաստանում վարակակիրների թիվը 326 448 էր։
Վերջին մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 20 803 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է այդ երկրի համար՝ կորոնավիրուսի համավարակից ի վեր։ Վերջին մեկ օրվա ընթացքում վիրուսից մահացել է 1001 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 21 579։
Ուրբաթ օրը՝ մայիսի 22-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը Հարավային Ամերիկան անվանել է «հիվանդության նոր էպիկենտրոն», իսկ Բրազիլիային՝ «ամենից շատը տուժած երկիր»։ Ռայանը հատուկ ուշադրություն է դարձրել Ամազոնի տարածաշրջանի վրա, որտեղ COVID-19 կորոնավիրուսի վարակվածության և մահացության ցուցանիշներն ամենաբարձրն են Բրազիլիայում։ Երկրի մի շարք շրջաններում առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին։
Զուգահեռաբար, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Բրազիլիայում սպասվում է պետական պարտքի ռեկորդային աճ (ՀՆԱ-ի մինչև 93,5 %) և 1900 թվականից հետո պատմության մեջ ՀՆԱ-ի ամենամեծ անկումը (ՀՆԱ-ի առնվազն 4,7 % չափով)։ Ընդ որում, ինչպես հայտնում է «AFP» գործակալությունը, լատինաամերիկյան այս երկրում վարակվածների իրական թիվը կարող է 15 անգամ ավելի շատ լինել, քանի որ իրականացվող թեստերի քանակը խիստ քիչ է։
Բրազիլիայում իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուն գիտակցաբար անտեսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և սեփական առողջապահության նախարարության խորհուրդները, որոնք կոչ են անում քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորությունը։ Նա կորոնավիրուսն անվանում է «թեթև գրիպ» և խիստ քննադատում բոլոր այն նահանգապետերին, որոնք իրենց նահանգներում սահմանափակում են հանրային կյանքը։ Բոլսոնարուն բազմիցս հայտարարել է, որ կարանտինային սահմանափակումները կործանարար կլինեն Բրազիլիայի տնտեսության համար։ Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մայիսի 16-ին, վերջին մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ, զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության երկրորդ նախարարը։
Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության
Մեկնաբանել